Մշակույթ

Ցանկացանք, որ մեր երգը ոչ միայն հնչի այդ հեռավոր երկրում, այլեւ ինչ որ բան փոխի մեկի կյանքում

Ցանկացանք, որ մեր երգը ոչ միայն հնչի այդ հեռավոր երկրում, այլեւ ինչ որ բան փոխի մեկի կյանքում

Նաիրյան վոկալ անսամբլը նոր է վերադարձել Հարավային Ամերիկայում` Ուրուգվայում եւ Արգենտինայում տեղի ունեցած համերգներից։ Հատկանշական է, որ Ուրուգվայում տեղի ունեցած բարեգործական համերգի ողջ հասույթը տրամադրվել է 50 արցախցի ընտանիքների, որոնց համար կառուցվելու է 50 տուն` Շիրակի Ախուրիկ գյուղում: Հրավիրող կողմը եղել է` «Հ. Օ. Մ. Ռուպինա» կազմակերպությունը, որի հիմնադրման 90 ամյակի տոնակատարության շրջանակում էլ կազմակերպվել է համերգը։

Ուրուգվայում համերգը տեղի է ունեցել Մոնտեվիդեոյի Սիտառոսա համերգասրահում։ 500 տեղանոց դահլիճի տոմսերը համերգից դեռ օրեր առաջ սպառվել են: «Հրավիրող կողմը մանրամասն ուսումնասիրել էր մեր ողջ երգացանկը եւ շատ էին ուզում, որ ներկայանանք մեր ողջ փայլով` թե դասական կատարումներով, թե ավանդական երգերի մեր մշակումներով եւ թե հեղինակային երգերով: Սկզբում տարակուսեցի, որ միգուցե չարժե բոլոր այդ ժանրերը մի համերգում ներկայացնել, բայց երեւի այդպես ճիշտ էր, որովհետեւ հանդիսատեսը գոհ էր եւ տպավորված»,- մեզ հետ զրույցում ասում է՝ Նաիրյան վոկալ անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար՝ Նաիրա Մուղդուսյանն ու հավելում, որ համերգը լայնորեն լուսաբանել են նաեւ Ուրուգվայի պետական հեռուստաալիքները: 

Երկու ժամանոց համերգի ընթացքում կատարումներով է հանդես եկել նաեւ Ուրուգվայի Համազգայինի «Շիրազ» հայկական ժողովրդական պարի համույթը: «Սա մեզ համար էլ էր նորություն, եւ հետաքրքրիր փորձառություն: Իսկ հայկական համայնքը շատ մեծ ոգոեւորությամբ ընդունեց մեզ։ Շատ հաճելի էր, որ մարդիկ մոտենում ու ասում էին, որ այս որակի հոգեւոր համերգ չեն ունեցել իրենց մոտ։ Ուրուգվայի հայ համայնքը զարմանալի կերպով պահպանել էր հայ երգարվեստի սիրուն գոհարները եւ ճիշտ մեղեդային գծով ու շատ սիրելով երգում էին այդ երգերը։ Մենք ինչ երգում էինք, այդ բոլոր երգերը մեզ հետ հավասար անգիր երգում էին»։ 

Բարեգործական միջոցառմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլենճյանը, Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գեւորգյանը եւ Հայաստանում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Սիլվանա Լեսկան։ Իրենց ներկայությամբ համերգը պատվել են նաեւ Ուրուգվայի տարբեր հայկական կրոնական միաբանությունների, ինչպես նաեւ Ուրուգվայի տարբեր հայկական հաստատությունների ներկայացուցիչներ: 
Անսամբլը եւս մեկ համերգ է ունեցել, այս անգամ՝ Արգենտինայում, որտեղ համերգի կազմակերպիչը եղել է Համազգային հայ կրթական մշակութային միությունը․ «Նույն համերգը նույնությամբ կրկնել ենք նաեւ այստեղ, որտեղ մեզ կրկին մեծ ջերմությամբ ընդունեցին»,- ասում է անսամբլի ղեկավարը ու նկատում, որ մինչ այս խումբը համերգներ է ունեցել նաեւ Կահիրեում, ԱՄՆ-ում։   

«Մենք սիրով համաձայնեցինք սիմվոլիկ հոնորարով երգել Հարավային Ամերիկայի երկրներում, քանի որ մեզ համար ավելի կարեւոր էր այն գաղափարը, թե ինչի համար ենք երգում։ Մենք չէինք գնացել զուտ գումար աշխատելու համար, այլ ուզում էինք, որ մեր երգը ոչ միայն հնչի այդ հեռավոր երկրում, ոչ միայն հանրահռչակվի, այլ նաեւ մեր երգով ինչ որ մեկի կյանքում ինչ որ բան փոխվի։ Մեզ համար կարեւոր էր, որ այդ բարեգործական միջոցառումը հատկապես արցախցի ընտանիքների համար էր, որովհետեւ այսօր իրենք շատ ծանր վիճակում են, քանի որ կորցրել են ամեն ինչ։ Ես ուզում եմ, որ ոչ մի արցախցի Հայաստանը չլքի, ու համատեղ ջանքերով ստեղծենք պայմաններ, որ բոլորս ապրենք իրար հետ՝ մեր հայրենիքում»,-իր խոսքն ամփոփում է Ն․ Մուղդուսյանը։


Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image