Քաղաքականություն

Տանը՝ «բռնապետ», դրսում՝ վարչապետ. քաղաքական դիմանկար

Տանը՝ «բռնապետ», դրսում՝ վարչապետ. քաղաքական դիմանկար

Եթե հակիրճ, ապա Նիկոլ Փաշինյանի արտաբերած յուրաքանչյուր խոսք, կատարած յուրաքանչյուր քայլ, արարք, կեցվածք խոսում են նրա ոչ միայն կենսաբանական, այլեւ քաղաքական սնանկության մասին: Հեղափոխության անվան տակ, «գունավոր ծխածածկույթի» ներքո եկած ու ներքին բռնապետության կառավարակարգ հաստատած նախկին ընդդիմադիր գործիչը շարունակում է խաղալ ազգի նյարդերի, զգացմունքների եւ ամենացավալին՝ արժանապատվության հետ:

Ինչո՞ւ միայն ներքին բռնապետության. մեկ ձեռքի գեթ մեկ մատը ծալեք, եթե ՀՀ վարչապետի աթոռի ուզուրպատորը կարողացել է իմպերատիվ որեւէ բան ասել, հակազդել որեւէ երկրի ղեկավարի, որը ոտնձգություններ է իրականացրել մեր երկրի ու անձամբ իր նկատմամբ: Կասեք՝ Ռուսաստան, Պուտին, ՀԱՊԿ եւ այլն: Ասելիս հիշեք նրա դեմքը, երբ ՌԴ նախագահի ներկայությամբ գույնը 180 աստիճանով փոխում է, փանջունիական ծեքծեքուն ձայնի հիստերիկ ելեւէջները փոխարկվում են «Լադիմիր Լադիմիրովիչ» կցկտուր խոսքի՝ աշակերտական ռուսերենի իմացությամբ եւ առոգանությամբ: Հիշեցի՞ք, շատ լավ:

Ասում եք՝ Լուկաշե՞նկո: Բարի՜: Պատասխանենք Փաշինյանի նախընտրելի բառամթերքով․ ՀԱՊԿ երկրների հայտնի տեսակապային հավաքի ժամանակ Բելառուսի նախագահը, իրեն բնորոշ ցինիզմով, «քաղաքական մայրուղի» հանեց Փաշինյանին՝ հոխորտալով, սպառնալով, համոզելով, ինչ բառ կուզեք՝ ընտրեք: Ասաց՝ Ալիեւը «մեր տղան է», Պուտինը՝ «մեր ու ձեր պապան», նստեք, իրար հետ պայմանավորվեք, եթե պետք է՝ խնդրեք՝ հետխորհրդային իրական «դիկտատոր» հայրը ձեզ կհաշտեցնի: Այդ ելույթի ժամանակ մտաբերեցի՞ք ՀՀ վարչապետի դեմքի շառագույնը, ուսուցչի կշտամբանքից կարմրատակած աշակերտի հայացքը, գրիչով նյարդային խբզբելը: Արդյունքում՝ երեխայի պես նեղացավ, չնայած այլ պատրվակով: Նեղացավ, բայց չկարողացավ երկար խռով մնալ:

Հիմա՝ ըստ ժամանակագրության։ Այս տարվա հունիսին Փաշինյանը հայտարարեց. «Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի․․․ ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ, Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հա՞րց քննարկեմ։ Բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից»։

Հիշեցնենք, որ մայիսին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը Լուկաշենկոն հայտարարել էր․ «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք՝ երկուսով, փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրինք, որ պատերազմում կարելի է հաղթել»։ Փաշինյանի խոսքով՝ Մինսկ չայցելելու որոշումը կարող է փոխվել, եթե Բելառուսը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, կամ «Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության եւ բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ ՀՀ ժողովրդի համար հասկանալի եւ ընդունելի լինի»։ Լուկաշենկոն, ճիշտ է՝ ներողություն չխնդրեց հայ ժողովրդից ու հատկապես «ժողվարչապետ» Փաշինյանից, բայց սեպտեմբերին, Բելառուսում ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ Մինսկը կցանկանար վերադարձնել բարի հարաբերությունները Երեւանի հետ։ Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնի առթիվ էլ շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ նախագահին։ Իր ուղերձում Լուկաշենկոն վերահաստատեց՝ Մինսկը կշարունակի հանդես գալ Երեւանի հետ փոխադարձ հարգալից եւ կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին։ Հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը Կազանում, BRICS-ի շրջանակներում, «ոտքի վրա» արդեն զրուցում էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ՝ մոռանալով նախկինում իր ասածները։ Ինչպես Փաշինյանի սիրելի Արեւմուտքում են ասում՝ Եվրոպայի «վերջին բռնապետի» հետ հաշտությունը կայացավ:

Առհասարակ, Փաշինյանի դեմքի խրոխտ արտահայտությունն ու բռնապետի կեցվածքը, որը բացառապես ուղղված է ներքին լսարանին, առանձնապես՝ իր քաղաքական «կամակատարներին», նկատե՞լ եք, թե որքան անճանաչելիորեն է փոխվում եվրոպացի, ամերիկացի, արեւմտյան ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ: Լայնաժպիտ, նազանքով է միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, նաեւ՝ մեր թշնամի երկրի բռնապետ ղեկավարի՝ Ալիեւի հետ հանդիպելիս: Կազանում էլ վերջերս անվրդով, ինչպես «եղբայրը՝ եղբոր հետ», զրուցում էր Ադրբեջանի նախագահի հետ, որը տարիներ շարունակ ծաղրում եւ ստորացնում է իրեն, հայաթափել ու բռնազավթել է Արցախը, զավթել Տավուշից տարածքներ, ամիսներ շարունակ զորքերը չի հանում ՀՀ ինքնիշխան տարածքից, նորանոր պահանջներ է ներկայացնում, մեր գերիներին է խոշտանգում իր բանտում, հրամայում է՝ փոխել Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը եւ այլն, եւ այլն...

Իսկ Փաշինյա՞նը, որին դասական իմաստով բռնապետ էլ չես կոչի, վաղուց դարձել է նույն Ալիեւի «փաստաբանը». տարբեր ելույթների եւ հարցազրույցների ժամանակ ակնարկում է մայր օրենքի փոփոխության, սահմանազատման, այն է՝ հերթական ցավոտ զիջումների, Ադրբեջանի պայմաններով խաղաղություն մուրալու, ադրբեջանցիներին ու թուրքերին չգրգռելու համար «Արեւմտյան Հայաստան» չասելու եւ բազմաթիվ այլ ստորացուցիչ բաների մասին: Նրա ծիսական ու «սրբազան» գործը թշնամուն արդարացնելն ու նրա բռնապետության խաղի կանոններով խաղալն է: Բայց ցանկացած խաղին վերջ կա, եւ սա միայն խո՛սք չէ...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image