Կենտրոնի թաղապետարանի տարածքում գործող «Ամարաս» տպարանը կփակվի, քանի որ քաղաքապետարանը որոշել է ընկերությանը հեռացնել թաղապետարանի վարչական շենքից, որտեղ տպարանը մոտ 50 տարի գործունեություն է ծավալել։
Քաղաքապետարանից հաստատեցին այս լուրը, իսկ հարցին, թե ո՞րն է պատճառը, որ տպարանը հանում են այդ տարածքից, քաղաքապետարանից պատասխանեցին՝ միակ պատճառն այն է, որ «տպարանի՝ վարչական շրջանի շենքում գործունեության որևէ իրավական հիմք չկա»։ Մենք կապվեցինք տպարանի շուրջ 36 տարվա տնօրեն Արկադի Ասրյանի հետ, նա ևս հաստատեց լուրը․
«Հիմա հաստոցներն ենք պատրաստվում հանել, թե ուր ենք հանելու, ուր ենք տանելու․․․։ Տարածքը իրենցն է, նոր ծրագիր են կազմել, որ այդ տարածքը իրենք պիտի օգտագործեն։ 50 տարի այս տպարանն այստեղ գործել է, որից 36 տարին ես եմ այստեղ եղել ղեկավար։ Պայմանագրով մեր ժամկետը լրացել է, իրենք չեն ուզել, որ մենք մնանք»,- ասաց Ասրյանը։
Տնօրենի խոսքով՝ զրույցները, որ տարածքը պիտի լքեն, վերջին տարիներին են սկսվել․
«Տպարանը հրատարակել է 700-ից ավել գիրք այս տարիների ընթացքում, մենք շատ մեծ հարգանքով ու պատվով ենք եղել, ոչ մի խնդիր չենք ունեցել։ Վերջին 2 տարվա մեջ այդ խոսակցությունները սկսվեցին, որ տարածքը իրենցն է, պիտի ազատենք»։
Նրան հարցրինք՝ հնարավո՞ր է, որ տպագրական հաստոցներն այլ տարածք տեղափոխեն և տպարանը գործի այլ տարածքում․ «Չէ, իմ տարիքն արդեն 75 է, էլ չեմ կարող»,- պատասխանեց տնօրենը։ Նրա խոսքով՝ տպարանն աշխատում էր և կային գրքեր, որոնք դեռ պիտի տպվեին․
«Վերջին գրքերից մեկը եղավ «Հայ հերոսները» հայերենով, մինչ այդ տպվել էր ռուսերեն տարբերակը։ Արդեն 8 տարի է, որ ես մեծ նյութ եմ հավաքել, որ պետք է 3 հատորով տպագրեմ «Ղարաբաղի հայերը» հանրագիտարանը։ Մտածում էի, որ այս տարի պետք է անեմ, էն էլ խանգարեցին»,- ասաց Ասրյանը։