Վերլուծություն

«Դուրդոմ»-յան առօրյա

«Դուրդոմ»-յան առօրյա

Հայկական գյուղմթերքի արտահանման ռուսական շուկան կորցնելը պետք է դիտարկել որպես տնտեսական հեղափոխությունը գործողության մեջ: Դրա մասին, հիշեցնեմ, վարչապետ կարգված «դուխով» Նիկոլն առաջին անգամ բարձրաձայնեց 2018-ի նոյեմբերին: Այն պետք է հաջորդեր նրա իրականացրած քաղաքական հեղափոխությանը: Հաջորդ տարվա ընթացքում ինքը ներկայացրեց դրա վերաբերյալ իր պատկերացումները: 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարվեց, որ երկրում տնտեսական հեղափոխությունն արդեն իսկ թափ է հավաքում և դառնում իրողություն՝ արձանագրելով տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ։ Ինչը ենթադրել էր տալիս, որ 2020 թվականի վերջում կարող էր արձանագրվել տնտեսական հեղափոխության ավարտը: Որովհետև եթե քաղաքական հեղափոխության համար պահանջվեց ընդամենը մեկ ամիս, ապա, նույն տրամաբանությամբ, տնտեսականի համար լիովին բավարար կլիներ մեկ տարին: Չնայած մասնագետներ այն կարծիքին էին, որ տնտեսության զարգացումը ենթադրում է ոչ թե հեղափոխական, այլ էվոլյուցիոն աճ:

Բայց 2020-ի աշնանը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց, «դուխով»-ի գերագույն հրամանատարությամբ, Հայաստանի խայտառակ պարտությամբ: Տնտեսական հեղափոխության վերաբերյալ խոսույթն էլ, բնականաբար, մոռացվեց: Իհարկե, այն մեկ-մեկ հիշատակվում էր, բայց դա եղանակ չէր ստեղծում: Սակայն այն, ինչ տեղի է ունենում մեր օրերում, հիմք է տալիս ենթադրելու, որ յոթնամյա նավթալինոտ գործընթացը սկսել է կյանքի նշույլներ ցուցաբերել: Չերկարացնեմ, վարչապետի պաշտոնից կառչած անձի ջանքերի շնորհիվ հայաստանյան տնտեսվարողների համար ռուսական շուկայի փակվելը կարելի է դիտարկել հենց որպես տնտեսական հեղափոխություն: Ասեմ, թե ինչու. հեղափոխության առաջին փուլում վերացվում են նախկին կառույցներն ու կապերը: Երկրորդ փուլում ստեղծվում կամ փորձ է կատարվում ստեղծել նոր կառույցներ ու կապեր:

Ինչպես քաղաքական հեղափոխության գործընթացում, այնպես էլ այս հարցում առաջին փուլը (կամ քանդելը) մեզանում կատարվեց արագ և բարձր մակարդակով: Մեկ-երկու ամսում գործող իշխանությունն «անվտանգային սպառնալիք հանդիսացող» Ռուսաստանի առումով կատարեց քայլեր, ինչը բավարարար էր, որպեսզի ՌԴ համապատասխան կառույցները տարբեր տեսակի վտանգավոր կենդանիներ հայտնաբերեին դեպի այդ երկիր արտահանվող գյուղատնտեսական մթերքներում: Ինչն, ի դեպ, կազմում էր այդ ապրանքների արտահանման 75-ից 95 տոկոսը: Ինչի հետևանքով այդ բոլոր ապրանքների արտահանումը կասեցվեց: Եվ արդյունքում հսկայական վնասներ կրեցին գյուղմթերք արտադրող ձեռնարկությունները, արտադրանքը ՌԴ փոխադրող կազմակերպություններն ու ֆուռերի անհատ վարորդները: Կարծում եմ, որ նման արագությամբ վնասարար գործողության համար ՀՀ կառավարությունն արժանի է տեղ զբաղեցնելու Գինեսի ռեկորդների գրքում: Հատկապես, որ այն հրատարակվում Անգլիայում, որը հանդիսանում է ՌԴ եվրոպական ամենամեծ թշնամին ու, ըստ հայկական մամուլի, մեր արտաքին հետախուզության ծառայության հոգևոր հայրը:

Սակայն, ինչպես քաղաքական հեղափոխության գործընթացում, երկրորդ փուլը ևս սկսեց կաղալ: Որպես դրա դրսևորման առաջին ծիծեռնակ կարող ենք դիտարկել 10 հազար ծաղկի առաքումը Լատվիա՝ այն դեպքում, երբ նախորդ տարում 50-70 միլիոն ծաղիկ էր առաքվել միայն Ռուսաստան: Սակայն գործընթացի խորհրդանշական դափնուն է արժանի մի տուփ ծիրանի առաքումը Բրյուսել՝ Եվրամիության ղեկավարությանը: Եվ դա այն դեպքում, երբ նախորդ տարի ՌԴ էր արտահանվել 51,677 տոննա ծիրան: Հետո երևաց էկոնոմիկայի նախարար Պապոյանի խիստ լավատեսական գրառումը տոննաներով արտահանված ծաղկի կամ ծիրանի մասին՝ առանց նշելու թե որ արտադրողից և որ երկիրը: Հաշվի առնելով, որ մեր գործարարների կողմից կատարվել են արտահանման անհաջող փորձեր, այն է՝ ապրանք է տարվել դուրս և թափվել, ենթադրում եմ, որ նախարարի խոսքի հիմքում հենց այդ «արտահանումն» է եղել:

Իսկ այսօր էլ պարզվում է, որ վերջինս իր գործընկեր, ռուսաց նախարարին նամակ է գրել՝ խդրելով, որպեսզի իրեն թույլատրեն մասնակցելու հուլիսի 6-ից 7-ը Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին։ Պատկերացնո՜ւմ եք, ՀՀ անվտանգության սպառնալիք հանդիսացող Ռուսաստանի նախարարից թույլտվություն է խնդրում մասնակցելու Ռուսաստանում կայանալիք միջոցառմանը։ Ի՞նչ է սա՝ եթե ոչ այն երևույթի հիմնավորումը, որ Փաշինյանի վարչապետության պարագայում մենք ապրում ենք ոչ թե անկախ ու ինքնիշխան երկրում, այլ գժանոցում կամ ավելի ճիշտ՝ «դուրդոմ»-ում: «1984» վեպի հեղինակ Ջորջ Օրուելի հոգու ականջը կանչի...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image