Հասարակություն

Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Ընդդիմության հետընտրական օրակարգում, անշուշտ, կարևոր հարցեր են, որոնք որոշելու են քաղաքական գործունեության հետագա ռազմավարությունը՝ ՍԴ-ում ընդդիմադիր բողոքների քննարկում, հետընտրական ընդդիմադիր կոալիցիա կազմելու՝ Սամվել Կարապետյանի առաջարկը, և այլն:

Միաժամանակ, այդքանով հանդերձ, մի կարևոր հիշեցում պիտի անեմ ընդդիմադիր քաղաքական և հասարակական շրջանակներին՝ քաղբանտարկյալների հարցը:

Քաղբանտարկյալների պակաս Փաշինյանի իշխանության օրոք չի եղել, սակայն նախընտրական և հետընտրական ռեպրեսիաներն իրոք աննախադեպ են: Բանտերը գերծանրաբեռնված են, իսկ տնային կալանքով իշխանությունը թաքցնում է նաև ազատազրկված հայրենակիցների իրական թիվը:

Այո՛, ազատազրկելով մեզ քաղաքական շարժառիթներով՝ ռեժիմը փորձում է 2 հիմնական հարց լուծել՝ կազմալուծել կամ պարալիզացնել ընդդիմադիր շարժումը և գերդոզավորված պահել վախի մթնոլորտը երկրում:

Թե՛ իր հետապնդած նպատակները չեզոքացնելու, թե՛ ապօրինի կալանավորված մարդկանց ազատությունը մոտեցնելու համար համակարգված գործողությունները քաղբանտարկյալների ազատ արձակման համար կենսական անհրաժեշտություն են:

Չմոռանանք նաև, որ ինչքան էլ «Ժողովրդավար Արևմուտքն» աչք փակի Բելառուս կամ Ադրբեջան style տեռորի վրա, կարևոր է հանգիստ չտալ Արևմուտքի կառույցներին՝ ահազանգելով այդ խնդրի մասին:

Առաջարկիս հիմքում իմ՝ ներկայիս ապօրինի ազատազրկված լինելու հանգամանքը չէ: Իմ քաղաքական թիմը՝ Հանրապետականը, այդ պայքարը տանում է, իսկ ես անձամբ բազմաթիվ ակցիաներ եմ նախաձեռնել կամ մասնակցել իմ կարճատև ազատության ժամանակ՝ հանուն քաղբանտարկյալների ազատության:


Այժմ կարելի է դիտարկել երկրում քաղբանտարկյալների թիվը 100-ից ավելի՝ գրեթե բոլոր քաղաքական և հասարակական շերտերից: Ուստի անխուսափելի եմ համարում նրանց ազատության համար միասնական ընդդիմադիր պայքարը՝ առանց свой-чужой էժանագին և անբարո խաղերի:

Մի քանի աշխատանքային կոնկրետ առաջարկ անեմ բանտախցից.

1. Հստակ քաղաքական ուղերձներով պարբերական և մշտական բողոքի ակցիաներ արևմտյան դեսպանատների մոտ՝ ինչպես ինդիվիդուալ, այնպես էլ՝ զանգվածային:

2. Նմանատիպ ակցիաներ ռեպրեսիվ ապարատի մաս դարձած պետական գերատեսչությունների մոտ:

3. Հանրային և մեդիադաշտում թեմայի մշտական արծարծում՝ սոցցանցերից մինչև մամուլ:

4. Շատ կարևոր է իմանալ արտասահմանից եկող պատվիրակությունների կամ գործիչների ժամանակացույցը և տեսանելի և կրեատիվ ակցիաներով «դիմավորել» նրանց:

5. Ամենաաղաղակող դեպքերի կամ ընդհանուր իրավիճակի մասին նամակներով հեղեղել եվրապաշտոնյաներին՝ դեպուտատներից մինչև հանձնակատարներ:

6. Փորձել կազմակերպել իրազեկման ակցիաներ մեր Սփյուռքի հայրենակիցների ուժերով՝ իրենց երկրների ԱԳՆ-ների կամ խորհրդարանների մոտ:

Այս ցանկը, բնականաբար, սպառիչ չէ և կարող է համալրվել այլ գործողություններով ևս: Ցանկություն լինի միայն: Եվ խնդրի գիտակցում:

Կրկնեմ՝ այս հարցը կարևոր է առաջ մղել՝ ընդդիմադիր դաշտի այլ հնարավոր զարգացումներից և նախաձեռնություններից անկախ:

Ազատությո՜ւն բոլոր քաղբանտարկյալներին:

Հ.Գ. Շատ տխրեցի, որ ըստ ինձ հասանելի լրատվամիջոցների, Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատազրկման 1000-րդ օրը հիշել և միջոցառում են կազմակերպել միայն Վաշինգտոնում:

Ազատությո՜ւն հայ ռազմագերիներին:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Վարդաշեն» ՔԿՀ

25.06.2026թ.

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image