Քաղաքականություն

«Հրապարակ». Փաշինյանին ուղղված շնորհավորանքները եւ թուրք-ադրբեջանական տանդեմը

«Հրապարակ». Փաշինյանին ուղղված շնորհավորանքները եւ թուրք-ադրբեջանական տանդեմը

ԱՄՆ-ի «Նյու Յորք Թայմս Սքուեր» հայտնի հրապարակում, գովազդային վահանակներից մեկի վրա հունիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը շնորհավորող տեսահոլովակ էր հայտնվել` թուրքերենով, ինչը մեծ աղմուկ առաջացրեց համացանցի հայկական հատվածում: Իշխանական մեդիադաշտն անմիջապես գրեց, որ դա Հայ հեղափոխական դաշնակցությունն է կազմակերպել` որպես վճարովի գովազդ՝ ՀՀ վարչապետին վարկաբեկելու համար:

Սակայն ծննդյան օրը Նիկոլ Փաշինյանը տարբեր շնորհավորանքներ ստացավ, եւ ամենակարեւորը` դրանք հրապարակվեցին կառավարության կայքում: Նախկինում էլ ՀՀ ղեկավարները եւ օտարերկրյա նախագահները շնորհավորանքներ փոխանակել են: Անգամ Թուրքիայի իշխանությունների հետ, օրինակ՝ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի նախագահ Գյուլը մի քանի տարի շարունակ՝ 2009-2013 թվականներին, միմյանց շնորհավորում էին Թուրքիայի եւ Հայաստանի անկախության տոների առթիվ։ Գյուլը շնորհավորել է նաեւ Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբ: Ռոբերտ Քոչարյանը եւս իր թուրք պաշտոնակցի՝ Դեմիրելի կողմից շնորհավորական ուղերձ էր ստացել 1998 թվականին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Բայց ծննդյան օրվա շնորհավորանքներ` ՌԴ, Ֆրանսիայի կամ Թուրքիայի նախագահներից նախկին ղեկավարները չեն ստացել, եթե անգամ ստացել են, ապա ոչ մի նախագահ չի հրապարակել՝, դա համարելով անձնական շփումների դաշտ, հրապարակման ոչ ենթակա: Իսկ Նիկոլ Փաշինյանը կառավարության կայքում տեղադրում է ոչ միայն իրեն ուղղված ծննդյան շնորհավորանքները, այլ նաեւ ուղերձները:

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ չի մտաբերում ծննդյան օրվա առթիվ թուրք գործընկերների կողմից շնորհավորական ուղերձ` ուղղված Քոչարյանին կամ Սարգսյանին, այն էլ այսպիսի ցուցադրական, պաստառային դրսեւորմամբ: «Սա աղաղակող խայտառակություն է, իհարկե` վճարովի է․ ես վստահ եմ, որ դա իրականացվել է թուրք-ադրբեջանական համայնքի պատվերով: Եվ հատկապես Նյու Յորքում, որովհետեւ Նյու Յորքում հայկական համայնքը բավականին ուժեղ է, եւ հատկապես ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները մեծ թափով են իրականացնում, նաեւ՝ կոնգրեսականների ու այլ քաղաքական գործիչների մասնակցությամբ: Թուրք-ադրբեջանական համայնքն այսպիսի քայլով փորձել է ինչ-որ մի ձեւով դրանով պատասխանել եւ խոցել հայկական համայնքի եւ հայ ժողովրդի զգացմունքները»,-ասաց Աղաջանյանը:

Հանգամանքը, որ իշխանական մի շարք լրատվամիջոցներ շտապեցին դաշտ նետել թեզը, թե այդ տեսահոլովակը պատվիրել են ԱՄՆ-ում հայկական համայնքի հակաիշխանական որոշ ներկայացուցիչներ, Աղաջանյանը պայմանավորում է այս իշխանության քարոզչամեքենայի հերթական տապալմամբ: Եթե Միացյալ Նահանգների փողոցներում ցույց անող թուրքերը եւ ադրբեջանցիները նույն բառերն ու գովասանքի խոսքերն էին հնչեցնում Փաշինյանի հասցեին, եւ հնարավոր չէ վերագրել հայկական համայնքին, ապա այս պարագայում Փաշինյանի քարոզչամեքենայի կողմից նման փորձն առնվազն լուրջ չէ: Իշխանական քարոզչամեքենան կորցնում է իր ազդեցությունը Փաշինյանին հավատարիմ մնացած վերջին խմբերի վրա, սակայն նույնիսկ անմնացորդ նվիրված մասսան սկսում է քիչ-քիչ հասկանալ, որ այն մարդիկ, ում իրենք բերել են ու նստեցրել իշխանության, գործում են ի վնաս պետության: Իշխանությունները տեսնում են, որ իրենց աջակիցներն օր-օրի քչանում են, եւ նրանք մնացել են «օդի մեջ թեզեր նետելու հույսին», ու այս միջադեպը հայկական համայնքի ձեռքի գործը որակելը հենց այդպիսի ապարդյուն փորձերից մեկն է՝ համոզված է դիվանագետը: Քաղաքական դիվիդենտներ քաղելու Փաշինյանի հերթական մանիպուլյացիան կարծես չստացվեց՝ եզրափակեց Ձյունիկ Աղաջանյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image