Չնայած գործող իշխանությունների աջակցության հայտարարություններին, Շիրակի մարզի ֆերմերներն այս տարի ևս կանգնած են բերքն իրացնելու լուրջ խնդրի առաջ։
Մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել։ Արտադրության ծախսերը չեն փոխհատուցվում վաճառքից ստացված եկամուտով, և ֆերմերները փորձում են ամեն տարի կրճատել կարտոֆիլի ցանքատարածությունները:
«Իրավիճակն ավելի է սրվում այն փաստով, որ ֆերմերների մեծամասնությունը չունի ժամանակակից ներքին ջերմաստիճանը վերահսկվող մշակաբույսերի համար նախատեսված պահեստարաններ, որտեղ բերքը կարող է մնալ մինչև ավելի լավ ժամանակներ: Ուստի, բերքահավաքից հետո մարզի ֆերմերները կարտոֆիլը փորձում են շատ արագ վաճառել։
Կարտոֆիլի արտադրությունը Հայաստանի և մասնավորապես Շիրակի մարզի ագրոարդյունաբերական համալիրի ամենաթույլ ոլորտներից է։ Փաստն այն է, որ կարտոֆիլը վերջին տարիներին կառավարության աջակցության առաջնահերթություն չի եղել. բազմամիլիարդանոց ներդրումներ և բյուջետային ներարկումներ են կատարվել լոլիկի, վարունգի, ելակի ջերմոցային արտադրության մեջ:
Այս ոլորտն այսօր գրավիչ չէ ներդրումների տեսանկյունից. իրացման գները վերջին տարիներին շատ ցածր են եղել, հսկայական ներդրումներ են պահանջվում, իսկ ոլորտի պետական աջակցությունը գրեթե բացակայում է։ Իրավիճակն այս ոլորտում բարդացնում է նաև համեմատաբար էժան իրանական կարտոֆիլի ներկրումը։ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության վերջին տվյալներով կարտոֆիլի ներմուծումն աճել է՝ կազմելով 5,8 հազար տոննա։
Կարտոֆիլի մշակումը շիրակցի շատ ֆերմերների համար միակ ապրելու միջոցն է և առանց պետական լուրջ աջակցության նրանցից շատերը պարզապես կսնանկանան»,-ահազանգում է Շիրակի մարզից ընտրված, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Hraparak.am-ի հետ զրույցում շիրակցի ֆերմեր, գործարար Տիգրան Ավագյանն էլ նկատում է, որ շատերը դեռ կարտոֆիլի բերքը չեն հավաքել, բայց երկու օր է՝ ֆուռերը կանգնած, դաշտերից կարտոֆիլի կիլոգրամը 80-100 դրամով են գնում, մինչդեռ շուկայում այն արդեն կրկնակի է վաճառվում ։ «Ձեզ մի բան ասեմ․ նախկինում կոպիտ ասած կիսահոտած կարտոֆիլն էլ ֆուռերով Լարսն անցկացնում էին, ռուսները տեսնում էին՝ հայ ես, աչք էին փակում, իսկ հիմա հենց տեսնում են՝ հայ ես, մինչև ուղնուծուծը ստուգում են, ու հետ են դարձնում, տեսա՞ք՝ ինչ տվեց ՌԴ-ին դեմ դուրս գալը, հարաբերությունները վատացնելը։ Շուկան էնքան անկայուն է դարձել, որ էսօր կարող է կարտոֆիլի կիլոգրամն արժենա 100 դրամ, վաղը միանգամից թռնի 400-500։ Նախկինները ոչ քեռիս էին, ոչ էլ մորքուրս, բայց իրենց օրոք շուկան կայուն էր, էսենց հեղհեղուկ չէր »,-անկեղծանում է ֆերմերը՝ ավելացնելով․ «Ուրիշ երկրների ղեկավարները գնում, կարևոր պայմանագրեր են կնքում՝ տնտեսական, ինչ-որ ոլորտի համագործակցության, մեր երկրինը գնացել Էրդողանի գիրքն է առել, դոշին սեղմել -կանգնել ։ Էկոնոմիկայի նախարարն էլ խոսում է՝ ասում է՝ ցորեն ցանելն արդյունավետ չէ, գյուղատնտեսությամբ զբաղվելն արդյունավետ չէ, ինտենսիվ այգիներից են խոսում։ Հիմա գիտեք՝ մարդիկ ինչքան խնձորի այգիներ են դրել, բայց բերքը իրացնելու խնդիր ունեն, որտե՞ղ վաճառեն, լավ, ոչ մի բան ձեռք չի տալիս, բա ի՞նչ ցանի գյուղացին» ,-ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ որպես երկար տարիներ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող, վստահ է՝ Հայաստանը շուտով կանգնելու է հացահատիկի դեֆիցիտի առաջ ։
«Կարտոֆիլից ենք խոսում, բայց վստահեցնում եմ, երբ կար Արցախը, ցորենի հարցում մենք 45 տոկոս ինքնաբավ էինք։ Հիմա 20 տոկոսի հույսին ենք։ Իսկ այդ 20 տոկոսից 1/3 մասն է միայն ցանք արել, 2 տարի է՝ ցորենը մթերում են կիլոգրամը 80 դրամով, մարդկանց ձեռ չտվեց, այս տարի հացահատիկի 6-7 տոկոս ցանք է արվել։ Ռուսն էլ նախկինի պես մեզ ցորեն չի տալիս, դա գաղտնիք չէ, մենք չունենք ցանած, էլ ո՞ւմից պիտի բերենք, դե մնաց՝ Էրդողանին խնդրի՝ հաց տա, որ ապրենք, վերջն էլ , իհարկե, պարզ է»։ Տիգրան Ավագյանը հիշեցնում է նաև, որ եթե նախկինում հացազգիների համար ապահովագրություն կար, հիմա այդ հնարավորությունն էլ փակվեց գյուղացու համար ։« Մեկ հեկտար ցորենի համար 10հզր․ դրամ էր ապահովագրությունը, որից 5- հզրը պետությունն էր տալիս, մյուս կեսը՝ գյուղացին ։ Բայց, ապահովագրական ընկերությունները, որ տեսան կարկուտ շատ է եկել, իրենց ձեռ չի տալիս, հրաժարվեցին ։ Երկու տարի գործեց դա, ու քանի որ նոր էր, գյուղացիների շատ քիչ մասն էր ապահովագրել դաշտերը ։ Հիմա պետությունը մենակ էդ լիզինգ ասվածն է թողել՝ որպես պետական ծրագիր, դա էլ հենց հանեցին, շուկայում 7 մլն․ դրամ արժողությամբ տրակտորը դարձավ 9,9 մլն․ »,-ասաց շիրակցի ֆերմերը։