Ինչպես հայտնի է, Կապանում շահագործման է հանձնվել Սյունիք օդանավակայանը, և Երևան- Կապան, Կապան- Երևան թռիչքները մեկ իրականանում են, մեկ չեն իրականանում, իսկ Ադրբեջանը անընդհատ կրակ է բացում օդանավակայանի ուղղությամբ։ Ավիացիայի ոլորտի փորձագետ Հակոբ Ճաղարյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն ունի այս օդանավակայանի գործունեությունը Հայաստանի համար, և ինչպե՞ս պետք է ապահովել դրա բնականոն գործունեությունը։
«Կապանի օդանավակայանի շահագործումը ցանկալի է, բայց ներկա անվտանգային պայմաններում ոչ անհրաժեշտ է, ոչ էլ անվտանգ: Այդ ուղղությամբ միակ քայլը թշնամու կրակի չեզոքացումն ու օդանավակայանի անվտանգությունն ապահովելն է, ինչը Հայաստանի Հանրապետության կառավարության և Պաշտպանության նախարարության գործառույթներն են: Այս պայմաններում Կապանի օդանավակայանի շահագործումն ու կանոնավոր չվերթների մասին հայտարարությունը չհիմնավորված են, 1 քայլ առաջ չդիտարկած, օդաչուներին և ուղևորներին վտանգի տակ դրած։ Դա անմիտ փիառ ակցիա է»,- պատասխանեց Ճաղարյանը։
Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանի օրոք Հայաստանի ավիացիան հայտնվեց ԵՄ Ավիացիոն անվտանգության գործակալության՝ EASA-ի սև ցուցակում։ Ճաղարյանին հարցրինք՝ տեղեկություններ ունի՞՝ արդյոք մեր ավիացիան հանվե՞լ է այդ սև ցուցակից, թե շարունակում է այնտեղ մնալ․
«Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի կոմիտեն Եվրոպական միության Ավիացիոն անվտանգության գործակալության «սև ցուցակից» դեռ դուրս չի եկել: Թեկուզ նոր նախագահի ղեկավարման ընթացքում էդ ուղղությամբ ջանքեր են գորածադրվում»։
Ճաղարյանից հետոքրքրվեցինք նաև, թե ի՞նչ նորություններ կան Թուրքիայի՝ Հայաստանի համար օդային տարածքը փակելու թեմայից։ Հիշեցնենք, որ Նեմեսիսի արձանի տեղադրումից հետո Թուրքիան Հայաստանի համար փակեց իր օդային տարածքը՝ չնայած որ միջազգային կոնվենցաները արգելում են որևէ երկրի համար խտրական մոտեցմամբ օդային տարածքի փակումը, սակայն Թուրքիան երկար ժամանակ է, ինչ Հայաստանի համար փակ է պահում իր օդային տարածքը։ Ճաղարյանին հարցրինք՝ իր կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները, բավարար ջանքեր գործադրո՞ւմ են այդ հարցը լուծելու համար, արդյոք իրավաչա՞փ է Թուրքիայի վարքագիծը, և արդյոք համարժե՞ք է Հայաստանի իշխանությունների վարքագիծը։
«Թուրքիայի կողմից արգելքները բացատրվում են վերը նշած` «սև ցուցակ»-ում գտնվելով: Թեկուզ և քաղաքական դարդապատճառներն ակնհայտ են: Երբ ՔԱԿ-ը «սև ցուցակից» դուրս գա, Թուրքիան իրավունք չի ունենա արգելափակել ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունների և օդանավերի թռիչքներն իր տարածքի վրայով: Էդ դեպքում հարցը կդառնա զուտ քաղաքական: Բայց հիմա նրանք «սև ցուցակին» հղում անելու ֆորմալ հիմքեր ունեն: Թեկուզ և ԵՄ անդամ երկիր չեն հանդիսանում: Նույնն արել է նաև Իսրայելը»,- պաատսխանեց ավիացիոն փորձագետը։