Քաղաքականություն

Ինչ կլինի, եթե ընդդիմադիր խմբակցությունները վայր դնեն մանդատները

Ինչ կլինի, եթե ընդդիմադիր խմբակցությունները վայր դնեն մանդատները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին տարածած իր հայտարարությունում խոսեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասն՝ ասելով․

«Իմ կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը»:

«Հրապարակը» փորձեց ճշտել, թե որոնք են սահմանադրական գործընթացները, որոնց շնորհիվ կարելի է նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իրավաբան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ ճանապարհը վարչապետի հրաժարականն է, եթե խորհրդարանը հրաժարականից հետո 2 անգամ չընտրի վարչապետ․

«Արտահերթ ընտրությունների ճանապարհները սահմանադրությամբ նախատեսված են, վարչապետը պետք է հրաժարական տա, 2 շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվի։ Անկեղծ ասած՝ ես այս պահին դժվար եմ պատկերացնում, որ պետք է լինի արտահերթ ընտրություն, և իշխանությունը շարունակի պահպանել ժողովրդի մեծամասնության կողմից դավաճան համարվող խմբակը, դա ես համարում եմ անհասկանալի տարբերակ, և առհասարակ, եթե տեղի է ունենում հրաժարական և նոր վարչապետ չի ընտրվում, դա նշանակում է, որ գործող վարչապետը որպես պաշտոնակատար շարունակում է կառավարել»,- ասաց Մելիքյանը

Ի՞նչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր խմբակցությունները վայր դնեն իրենց մանդատը՝ հարցրինք Մելիքյանին․

«Մեխանիզմը այնպես  է սահմանված, որ մանդատը վայր դնելուց հետո խմբակցության ցուցակում հաջորդը վերցնում է մանդատը։ Այս տեսանկյունից կարեղ եմ ասել, որ ավելի խրթին իրավաբանական հարցերի մեջ ենք ընկնում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե որևէ մեկը մանդատը չվերցնի․ մենք չունենք նման մեխանիզմ կամ վիճելի կարող ենք համարել։ Համենայն դեպս, այս պահին պատրաստ չեմ հստակ գնահատական տալ այդ իրավիճակին, որովհետև ուղիղ կարգավորված չէ, թե ինչ է տեղի ունենում այդ դեպքում»,- պատասխանեց Մելիքյանը։

Նույն հարցը տվեցինք նաև «Իրավական ուղի» ՀԿ անդամ, իրավաբան Սիրանուշ Սահակյանին․

«Դա ևս Սահմանադրությամբ ուղղակի կարգավորված չէ, բայց կան այլ երաշխիքներ պառլամենտական երկրում ընդդիմության ներկայացվածության առումով, և ավելին՝ կա ընդդիմության իրավունքը, որը որոշակի հակակշիռներ է ձևավորում, և այս տեսանկյունից եթե չկա պառլամենտ, որտեղ ներգրավված են ընդդիմադիր ուժեր, նշանակում է, որ մենք չունենք այլևս պառլամենտ որպես օրենսդիր մարմին, այլ ընդամենը ունենք քաղաքական ուժ, իսկ քաղաքական ուժի և օրենսդիր մարմնի գործառույթները նույնական չեն։ Սա, ըստ էության, պետք է հանգեցնի սահմանադրական ճգնաժամի, որի լուծման միակ ճանապարհը  նոր ընտրություններով  նոր իշխանության ձևավորումն է»,- պատասխանեց Սահակյանը։

Հնարավո՞ր է տարբերակ, երբ ընդդիմադիր խմբակցությունները վայր դնեն մանդատները, իսկ նրանց փոխարեն խորհրդարան գան 2018-ի ընտրություններին մասնակցած այն քաղաքական ուժերը, որոնք չեն անցել խորհրդարան․

«Ոչ, որովհետև լեգիտիմ ուժերը, որոնք ընտրությունների արդյունքներով անցել են, «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանն» են, ընտրությունների արդյունքների ամփոփման հիման վրա մենք չունենք այլ խորհրդարանական ուժեր, մնացածը ձևավորել են արտախորհրդարանական ընդդիմությունը և չկա նման մեխանիզմ, որ ժողովրդի քվեն ստացած ընդդիմադիր ուժին պետք է փոխարինի այլ ուժ և նման հանգուցածուլումը որևէ իրավական կարգավորումների շրջանակում չէ, ուրեմն պետք է բացառենք, որ ներկա խորհրդարանական ընդդիմությանը փոխարինի հաջորդող արտախորհրդարանական ընդդիմությունը»։

Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանն էլ նշեց, որ Սահմանադրությամբ Ազգային ժողովի արձակման 2 հիմք կա․

«Սահմանադրությամբ Ազգային ժողովի`իրավունքի ուժով արձակման հիմքերը պայմանավորված են վարչապետ չընտրելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու գործընթացով/հանգամանքներով: ԱԺ արձակման այլ հիմք Սահմանադրությամբ ամրագրված չէ»։

Հարցրինք՝ ստացվում է, որ եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, սահմանադրական ճգնաժա՞մ կստեղծվի․

«Ամեն դեպքում՝ ԱԺ ում առկա է կայուն մեծամասնություն:Այդ հարցի պատասխանը միանշանակ չէ»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image