Քաղաքականություն

Կլինենք աշխարհի ամենաանկախ, ամենաինքնիշխան թուրքական վիլայեթը

Կլինենք աշխարհի ամենաանկախ, ամենաինքնիշխան թուրքական վիլայեթը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձնում է թուրքական աշխարհի մաս, իսկ թուրքական աշխարհում, ինչպես հայտնի է, կոնյակ կամ շամպայն չեն օգտագործում, կամ օգտագործում են շատ քիչ` սահմանափակ քանակով: Հայկական արտադրության կոնյակն ու շամպայնը թուրքական աշխարհին պետք չեն, դրա համար Փաշինյանը կոնյակ և շամպայն արտադրողներին զգուշացնում է, որ իրենց արտադրանքը կարող է այլևս պահանջարկ չունենալ, չվաճառվել: Նա մարդկանց ազնիվ չի ասում, որ մենք Հայաստանը կտրում ենք Ռուսաստանից, ռուսական շուկայից, և այն միացնում ենք թուրքական աշխարհին, որ, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ կոնյակի և շամպայնի պահանջարկ կա, Թուրքիայում կամ Ուզբեկստանում Հայաստանի արտադրած կոնյակն ու շամպայնը ոչ մեկին պետք չի, նա խոսում է ինչ որ ստանդրատներից, հայ արտադրողներին և հայկական ապրանքի համար հակագովազդ է անում, որոնք իբրև թե չեն համապատասխանում ստանդարտներին, ասելով թե ոչ մի հայկական կոնյակ էլ չկա, կա չայի գույն տված յաթրջի արաղ, դե իսկ գույն տված արաղն էլ չի կարող վաճառվել: Այնպես որ, եթե վաղը, մյուս օրը ձեր ապրանքի համար շուկան փակվեց, մեղավորը ոչ թե ես եմ, իմ կողմից իրականացվող քաղաքականությունը, այլ ձեր ապրանքի անորակ լինելը, ստանդարտին չհամապատասխանելը:

Երբ չորս կամ հինգ օր առաջ Փաշինյանը գնաց գոտի պատրաստող վարպետի մոտ, և պատվիրեց հավելյալ մի քանի անցք բացել իր գոտու վրա, և հայտարարեց, որ գոտիները ձգելու ժամանակն է, շատերը երևի չհասկացան, թե ինչ ակնարկ է անում նա, ինչի մասին է խոսքը: Խորհրդարանում նախորդ օրը իր կողմից կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ, նա, ըստ էության, բացահայտեց, թե ինչ նկատի ունի: Փոխանակ պատասխանի` արդյո՞ք Վրաստան այցի ժամանակ բանակցել է հայկական արտահանողների համար խոչընդոտները հարթելու մասին հարցին, Փաշինյանը սկսեց անգիր արած տեքստ արտասանել. «Մեր տնտեսությունը և մեր կյանքը պետք է բերենք ստանդարտի, սա վերաբերվում է ամեն ինչին: Ստանդարտներին չհամապատասխանող ապրանքները շրջանառվում են մեր սուվերենության հաշվին: Կներեք մենք չենք կարա մի ֆուռ գույն տված արաղի համար …»... այստեղ Փաշինյանը մոռացավ անգիրի տեքստը և ինչպես լինում է դպրոցում դասարանից, այս դեպքում ԱԺ դահլիճից մեկ այլ ՔՊ-ական լրացրեց ոտանավորը` «կասկածի տակ դնել մեր պետությունը»: Հետո, հիշելով անգիրը մնացած տեքստը շարունակեց` «էս չայով գույն տված յաթրջի արաղը, որի անունը դրած ա կոնյակ, հիմի բա ինչ անենք, այս վիճակից ոնց դուրս գանք, ընտրություն կատարենք դրա, թե մեր անկախության միջև»: Հարցը միայն այն է, թե ով է գրել ոտանավորը և տվել Փաշինյանին և մյուս ՔՊ-ականներին անգիր անելու`Հայաստանում ԱՄՆ դեսպանատո՞ւնը, թե՞ Ալիևն է վերջին հանդիպման ժամանակ այն փոխանցել Փաշինյանին:

Երբ Ալիևը հայտարարեց, որ բացում է Ադրբեջանը Հայաստան բեռնափոխադրումների համար, իսկ դրանից անմիջապես հետո Հայաստանի իշխանություները հայտարարեցին, որ Հայաստանը սկսելու է Ադրբեջանի տարածքով Ղազախստանից ցորեն ներմուծել, արդեն պարզ էր, որ այս հարցը բանակցվել է երկար ժամանակ, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կամ Ղազախստանի, այլ Թուրքիայի հետ: Հայաստանը Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի նման դառնում է թուրքական աշխարհի մաս, շուտով կարող է նույնիսկ թուրքական պետությունների կազմակերպության անդամակցության հայտ ներկայացնել, Փաշինյանը կարող է հայտարարել, որ թուրք լինելը ոչ միայն ամոթ չի, այլ պատվաբեր է, բոլոր հայերն ինչ որ չափով թուրք են, որովհետև եթե թուրք չլինեին, իր թուրքահպատակեցման քաղաքականությունը չէին հանդուրժի: Ինչո՞ւ պետք է Հայաստանը ցորեն ներմուծի Ռուսաստանից, եթե թուրքական պետություների կազմակերպության առայժմ ոչ լիարժեք, բայց գործնականում անդամ է: Թուրքական պետությանն անդամակցելու հայտ ներկայացրած երկրում պետք է թուրքական կամ թուրանական հաց ուտեն, դա ամրապնդում է այդ կազմակերպության մեջ լինելու, դրան օրգանապես ինտեգրվելու գզացողությունը:

Փաշինյանը հասկանում է, որ Հայաստանը ռուսական շուկայից կտրելու իր քաղաքականությունը Հայաստանի համար տնտեսական խնդիրներ է ստեղծելու, հարյուր-հազարավոր ընկերություններ իրենց գործունեության վրա զգալու են դրա բացասական ազդեցությունը, տասնյակ- հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կամ նրանց սոցիալական վիճակը էականորեն վատթարանալու է: Նա իր գոտին ձգելով, այդ մարդկանց է նախապատրաստում սպասվող սոցիալական ցնցումներին, գործազրկությանը և աղքատությանը:

Փաշինյանը դեռ վերջնականապես չի կտրում կապը Ռուսաստանի հետ, առջևում խորհրդարանական ընտրություններ են, իրենց պետք է, որ մարդիկ մնան մոլորության մեջ` չհասկանան, թե իրականում ինչ է կատարվում, բայց ընտրություններից հետո այլևս ոչ մի Ռուսաստան, ոչ մի ռուսական շուկա: Ասելու է. ես ձեզ վաղուց եմ նախազգուշացրել, վաղուց եմ ասել, որ պետք է պատրաստվել, գոտիները ձգել և համակերպվել սոված, աղքատ, բայց թուրքական աշխարհի հպարտ մասը լինելու ճակատագրին: Կլինենք աշխարհի, տիեզերքի ամենաանկախ, ամենաինքնիշխան թուրքական վիլայեթը:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image