Քաղաքականություն

Պատերազմ Ուկրաինայում. սանկցիաներ եւ արգելքներ

Պատերազմ Ուկրաինայում. սանկցիաներ եւ արգելքներ

Երեկ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակեց Ռուսաստանի դեմ սանկցիաների նոր, ԱՄՆ նախագահի բնորոշմամբ՝ «ջախջախիչ» ցանկը: Այն նախ ընդգրկում է խոշոր ռուսական բանկերը, այդ թվում՝ Сбербанк-ը, Альфа-банк-ը, դրանց դուստրերը, «Открытие» բանկը, Новикомбанк-ը, Совкомбанк-ը, Газпромбанк-ը, Россельхозбанк-ը, որոնց հետ ամերիկյան բանկերին արգելվում է աշխատել: Նրանք մինչեւ մարտի 26-ը պարտավոր են փակել թղթակցային հաշիվներն այդ բանկերում եւ դադարեցնել բոլոր գործարքները: ВТБ-ն ամբողջությամբ արգելափակվում է, ԱՄՆ-ում պահվող ВТБ-ի ակտիվները սառեցվում են: ВТБ-ի հետ չեն աշխատելու նաեւ եվրոպական բանկերը: Մյուս բանկերի նկատմամբ սահմանափակումները կիրառվելու են մասամբ:

ՌԴ խոշորագույն բանկում՝ Сбербанк-ում եւ նրա դուստրերում կարող են հաշիվներ բացվել եւ սպասարկվել, այլ գործարքներ կատարվել միայն հատուկ թույլտվությամբ, ինչը, ըստ Սպիտակ տան հայտարարության, կսահմանափակի Сбербанк-ի դոլարային գործարքները: Альфа-банк-ին առժամանակ արգելվում է եվրոբոնդերի թողարկումը, մնացած հարցերում բանկն աշխատելու է սովորական ռեժիմով: Ռուսական բանկերն այսօր շտապում են տեղեկացնել հաճախորդներին, որ նրանց հաշիվները եւ գործարքները չեն տուժի, սակայն միաժամանակ զգուշացնում են, որ մարդիկ հանեն արտասահմանյան բանկերում պահվող իրենց գումարները: Սահմանափակման տակ են ընկնում «Газпром»-ն ու Ռուսաստանի երկաթգիծը, «Транснефть», «Ростелеком», «Русгидро», «Алроса», «Совкомфлот» ընկերությունները: Անհատական սանկցիաներ են մտցվում նախագահ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովի, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, «Роснефть» ձեռնարկության ղեկավար Իգոր Սեչինի որդիների դեմ, «Сбербанк»-ի վարչության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Վեդյախինի, ВТБ-ի թոփ-մենեջերների նկատմամբ: 

ԱՄՆ-ն սահմանափակում է ՌԴ պաշտպանական, աէրոտիեզերական որոշ արտադրատեսակների, տեխնոլոգիական արտադրանքի արտահանման եւ այդ արտադրատեսակների սպառողների նկատմամբ հսկողությունը: Ավելի վաղ ռուսական ընկերությունների դեմ արգելող սանկցիաների կիրառման մասին հայտնել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Արգելափակվել է «Աէրոֆլոտի» գործունեությունը Մեծ Բրիտանիայում: Ռուսաստանն ի պատասխան փակեց երկինքը Լոնդոնի առաջ: ԵԽ-ն, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան են հայտարարել սանկցիաների մասին, Ֆրանսիան է հայտարարել, որ պատրաստվում է ՌԴ-ի դեմ սեփական ցանկ հաստատել: Գերմանիան հայտարարեց ռուսական բանկերի լիարժեք արգելափակման մասին: 
Ռուսաստանի արտգործնախարարությունը խոստացել է հակահարված տալ երկրի դեմ պատժամիջոցների կիրառմանը: «Մենք լավ գիտենք Արեւմուտքի թույլ կողմերը: Մենք ամբողջական փաթեթ ենք պատրաստել, պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ»,- երեկ ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Պատժամիջոցները, ըստ նրա, «զգայուն» են լինելու, սակայն դրանց ցանկը Մոսկվան առայժմ չի մանրամասնում:

ՌԴ տնտեսությունն առաջին իսկ օրը արձագանքեց Ուկրաինայում սկսված ռազմական գործողություններին: Ընկավ ռուբլու փոխարժեքը: Փետրվարի 24-ին դոլարը վալյուտային բորսաներում արժեր միջինը 89,6 ռուբլի: ՌԴ կենտրոնական բանկն առաջին անգամ 2014 թվականից հետո ռուբլին պաշտպանելու նպատակով սկսեց դոլար հանել շուկա: Արդյունքում դոլարի գինն ընկավ մոտ 5 ռուբլով: Փետրվարի 25-ին այս թիվը՝ միջինը 84 ռուբլի, պահպանվեց: Անկում է ապրում նաեւ բորսան` բաժնետոմսերի շուկան: Երեկ առավոտյան ակցիաներն ընկան 45 տոկոսով, եւ մոսկովյան բորսան ստիպված էր կանգնեցնել սակարկությունները: «Роснефть»-ի բաժնետոմսերն էժանացան 44 տոկոսով, նույնչափ ընկան ВТБ-ի ակցիաները, «Яндекс»-ինը՝ մոտ 39, «Газпром»-ինը՝ 35,4 տոկոս: Առավոտից ռուսական ԶԼՄ-ները հրապարակում են Մոսկվայի, Պետերբուրգի, Կալինինգրադի, Կրասնոդարի, Նովգորոդի, Ուֆայի բանկերի մոտ գոյացած հերթերի լուսանկարներ:

Մարդիկ բողոքում են, որ բանկոմատներում բավարար չէ ռուբլու ու դոլարի քանակը: Լուրեր են պտտվում, որ կանխիկացման լիմիտ է մտցվելու, սակայն բանկերը երեկ հերքում էին այս տեղեկությունները եւ հայտարարում, որ բավականաչափ տարադրամ ունեն, ու որեւէ սահմանափակում այս առումով չի մտցվելու:

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image