Առաջիկայում Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը պատրաստվում է ավագանու արտահերթ նիստ հրավիրել՝ համայնքապատկան մանկապարտեզները անվճար դարձնելու հարցը քննարկելու նպատակով։ Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը hraparak.am -ի հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությունն «Ապրելու երկիր» խմբակցությանն է ։
«Մոտ 2500 երեխայի մասին է խոսքը, 22 համայնքապատկան մանկապարտեզի, մենք նաև հղումն ենք արել ֆինանսական աղբյուրի, թե ինչպես եւ որտեղից կարելի է հայթայթել, հիմք ընդունելով նաւ այն հանգամանքը, որ գույքահարկը 2025թ-ին ավելանում է 50 տոկոսով, 2026թ-ին՝ ևս 50 տոկոսով, եւ 2025թ-ին մոտ 170 մլն․ դրամ ավել մուտքագրում է լինելու համայնքապետարանի բյուջե, իսկ մանկապարտեզները մոտ 115 մլն․ դրամի ծախս է, այսինքն՝ մի բան էլ ավել է լինելու մուտքագրված բյուջեն ։ Հուսով եմ՝ մեր գործընկերները կմիանամ մեր նախաձեռնությանը՝ անկախ կուսակցական, քաղաքական պատկանելությունից։ Սա ըստ էության նաև սոցիալական խնդիր է լուծելու, քանի որ Շիրակի մարզը Հանրապետության ամենաաղքատ մարզն է» ։
Կարեն Մալխասյանից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ երբ է նախատեսվում ավագանու արտահերթ նիստը։
«Իրականում, պլանավորել էինք նիստը հրավիրել դեկտեմբերի 27-ին, որի համար անհրաժեշտ էր ձևաթուղթ պահանջել աշխատակազմի քարտուղարից։ Բայց քանի որ ձևաթուղթն ստացել ենք ընդամենը մեկ օր առաջ եւ օրենքով նախատեսված եռօրյա ժամկետն այլևս չենք կարող պահպանել, ուստի ստիպված նիստի օրը նշել ենք հաջորդ տարվա հունվարի 8-ը։ Բոլոր խմբակցություններին տեղյակ եմ պահել, ղեկավարներին զանգել։ Առնվազն 11 հոգի ավագանու անդամներից պետք է ստորագրեն, որպեսզի կարողանանք արտահերթ նիստ գումարել։ Անգամ հեռախոսահամարս եմ նշել, որ եթե հնարավորություն չեն ունենա անձամբ գալ եւ ստորագրել, ինքս պատրաստ եմ ձևաթուղթն իրենց մոտեցնել»,-ասաց ավագանու անդամը։