Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած վերջին պետական այցի ժամանակ մի հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ, որը մնաց, կարելի է ասել, չմեկնաբանված։ Խոսքը Պուտինի եւ Ալիեւի՝ Բաքվի Ռուս Ուղղափառ Սրբոց Յուղաբեր կանանց եկեղեցի այցելության մասին է։ Տեղում ծառայող հոգեւորականները նշել են, որ տաճարի գլխավոր սրբությունը համարվում է Սբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը, որը, համաձայն եկեղեցական պատումներից մեկի, նահատակվել է հենց Բաքվում։ Պուտինն ու Ալիեւը մոմ են վառել եկեղեցում, Ալիեւն առիթը բաց չի թողել՝ խոսելու այն մասին, որ Ադրբեջանում կրոնական կատարյալ հանդուրժողականություն է եւ այլ նման բաներ։ Կարեւորն այստեղ Սբ Բարդուղիմեոս առաքյալի մասին հիշատակությունն է։
Նշենք, որ Սրբոց Յուղաբեր կանանց եկեղեցին Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի թեմի առաջնորդանիստ եկեղեցի է։ Այս տաճարում պահվում է Սբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը պարունակող տապանակ, ինչպես նաեւ Թիխվինյան Աստվածամոր պատկերը։ Սբ Բարդուղիմեոս առաքյալը, Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանական թեմի հոգեւորականների ներկայացմամբ, հանդիսանում է Բաքու քաղաքի հովանավորը։ Սրբոց Յուղաբեր կանանց եկեղեցին հիմնադրվել է 1907 թվականին՝ ռուսական Սալյանիի 206-րդ հետեւակային գնդի հոգեւոր կարիքների համար՝ ըստ այն ժամանակ ընդունված եւ զինվորականների համար նախատեսված եկեղեցիների տիպային նախագծի։ Ի սկզբանե եկեղեցին կոչվել է Սբ Միքայել հրեշտակապետի անունով։ Եկեղեցին գործել է մինչեւ 1920 թվականը, 91-ին փոխանցվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն։ Վերաօծվել է 2001 թվականին՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Ալեքսիյ 2-րդ պատրիարքի կողմից։ Վերաբացվել է 2003 թվականին։
Այս դրվագը մեր ուշադրությունը չէր գրավի, եթե չլիներ այն, թե ինչպես է Ադրբեջանը փորձում յուրացնել երբեմնի Աղվանքի կամ «Հայոց Արեւելից կողմանք» կոչվող երկրամասի ու այժմ՝ նաեւ Արցախի քրիստոնեական ժառանգությունը՝ փորձելով այն ներկայացնել որպես ադրբեջանական։ Մյուս կողմից, դա ժառանգություն է, որի հանդեպ հավակնություններ կարելի է գտնել նույնիսկ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանական թեմի պաշտոնական կայքում տեղ գտած պատմական ակնարկներում։ Ու սրա վրա հիմնվելով՝ կարելի է ոչ առանց իրական հիմքի պնդել, որ, ըստ էության, փորձ է արվում «յուրացնել» կամ «սեփականաշնորհել» Սբ Բարդուղիմեոս առաքյալին, ով համարվում է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիրներից մեկը՝ Սբ Թադեոս առաքյալի հետ միասին։
Գիտական-պատմական առումով այն, ինչի մասին ներկայացրինք, ընդամենը Սբ Բարդուղիմեոս առաքյալի նահատակության վերաբերյալ քրիստոնեական-եկեղեցական միջավայրում եղած ավանդություններից մեկն է, երբեք այն չի կարելի համարել միանշանակ ու վերջնական ապացուցված։ Համաձայն ընդունված վարկածի՝ Հայոց Սանատրուկ թագավորը Սբ Բարդուղիմեոս առաքյալին սպանել է տվել՝ անմարդկային կտտանքների ենթարկելով Ալբանոս քաղաքում։ Խնդիրն Ալբանոս քաղաքի տեղավայրի հետ է կապված։ Համաձայն նույն՝ Ռուս ուղղափառ եկեղեցու երեւելի սրբերից Սբ Դմիտրի Ռոստովսկու, Սբ Բարդուղիմեոսի նահատակությունից հետո հավատացյալները վերցնում են նրա մարմինը, գլխատված գլուխն ու մաշկը, դնում մետաղյա տապանակի մեջ ու հուղարկավորում նույն՝ Ալբանոս քաղաքում, որը գտնվում էր Մեծ Հայքի տարածքում։ Այն, որ Ալբանոս քաղաքը գտնվել է Մեծ Հայքի տարածքում, որտեղ էլ նահատակվել է Սբ Բարդուղիմեոս առաքյալը, հաստատում են մի շարք այլ վաղագույն քրիստոնեական հեղինակներ, ինչպիսիք են Ս. Հիպոլիտոս Պորտուենացին (ՔԾՀ մոտ 222 թվական), Ս․ Դորոթեոս Տյուրացին (307-322 թթ.), պատմիչ Սոֆրոնիոսը (մոտ 390 թվական), եպիսկոպոս Էկումենիոսը (10-րդ դար)։
Ադրբեջանի մասին այս վաղնջական հեղինակները որեւէ հիշատակություն չունեն, քանի որ պարզապես նման երկիր կամ երկրամաս գոյություն չի ունեցել այն տարածքում, որտեղ ծավալվել են իրադարձությունները, եւ ստեղծվել է այն ժառանգությունը, որը ներկայում Ադրբեջանը փորձում է ջանասիրաբար յուրացնել։ Ժամանակակից ուսումնասիրողները նշված Ալբանոս քաղաքն անվանում են նաեւ Ալբանոպոլիս, Ուրբանոպոլիս, Հայկական Ալբանոս։ Հայտնի «Բրիտանիկա» հանրագիտարանն ու Ամերիկայի Կոստանդնուպոլսյան ուղղափառ եկեղեցու թեմն Ալբանոպոլիսը կամ Ուրբանոպոլիսը համարում են Մեծ Հայքում գտնվող բնակավայր։ Այն, որ Ալբանոս քաղաքը ներկայիս Բաքուն է, վկայվում է միայն Ռուս ուղղափառ եկեղեցու «Պրավոսլավ հանրագիտարանով»։
Համաձայն այս աղբյուրի, Սբ Բարդուղիմեոս առաքյալի նահատակության վայրում կառուցված ժամատունը գտնվում է ներկայիս Բաքվի «Օրիորդի աշտարակի» հարեւանությամբ։ Որոշ գիտնականներ կարծում են, որ Սբ Բարդուղիմեոսի նահատակության վայրը գտնվում է ներկայիս Իրանի տարածքում՝ Արեւմտյան Ատրպատականում, որտեղ 14-րդ դարում հիմնվել է Սբ Բարդուղիմեոսի վանքը։ Ուսումնասիրող Միշել վան Էսբրուկը Ալբանոպոլիսը տեղափոխում է Փոքր Հայքի պոնտական Նիկոպոլիս քաղաքը։ Կան նաեւ հեղինակներ, որոնք Սբ Բարդուղիմեոսի նահատակության եւ հուղարկավորության վայրը տեղակայում են ներկայիս Թուրքիայի Վանի նահանգում գտնվող Սբ Բարդուղիմեոսի վանքում, որը 1960-ականներին վնասվել էր թուրքական բանակի կողմից, իսկ ներկայում ամբողջությամբ ավերված է։ Պատմագիտության մեջ, որպես կանոն, նման վկայություններից առավել արժանահավատ են համարվում նրանք, որոնք ժամանակագրորեն ավելի մոտ են ծավալվող դեպքերին, եթե հակառակն ապացուցող ծանրակշիռ փաստարկներ չկան։
Հետեւաբար, Ադրբեջանի իշխող վարչակազմը եւ բոլոր նրանք, ովքեր փորձում են հավակնություններ ներկայացնել Աղվանքի, այդ թվում՝ նաեւ Արցախի քրիստոնեական ժառանգության նկատմամբ, իրենց քայլերը փորձում են հիմնավորել «կեղծված պատմությամբ», որն իրականությունից չափազանց հեռու է։