Մայիսի 16-ին Դուբայում Զբոսաշրջության արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում (Arabian Travel Market-2021) Ադրբեջանն իր կողմից օկուպացված Արցախի, Շուշիի զբոսաշրջային ներուժը ներկայացրել է ադրբեջանականի համածիրում։
Տեղեկանում ենք ադրբեջանական «Հաքքին.az» կայքից։
«Առաջին անգամ ներկայացվեց Ադրբեջանի, այդ թվում՝ Ղարաբաղի և Շուշա քաղաքի, զբոսաշրջային ներուժը»։
Ադրբեջանի Զբոսաշրջության բյուրոյի գլխավոր գործադիր տնօրեն Ֆլորիան Զենգստշմիդտը հայտնել է, որ Զբոսաշրջության պետական գործակալության և Ադրբեջանի Զբոսաշրջության բյուրոյի համատեղ կազմակերպմամբ զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ինը տեղական գործընկերներ, այդ թվում՝ «Ադրբեջանի ավիաուղիներ» և «Հեյդար Ալիև» միջազգային օդանավակայանը, մասնակցում են ցուցահանդեսին:
Ադրբեջանի Զբոսաշրջության բյուրոյի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բահրուզ Ասկերովը նշել է, որ ցուցահանդեսը «լավ հարթակ է Ղարաբաղը որպես նոր զբոսաշրջային ուղղություն խթանելու համար»։ Ըստ նրա՝ Arabian Travel Market-2021-ի մասնակիցներն ու այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ»։
Ցուցահանդեսին, որը կտևի մինչև մայիսի 19-ը, ներկայացված է ավելի քան 2500 մասնակից։


