Մայիսի 16-ին հեռախոսզրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի միջև: Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը։
Հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մայիսի 16-ին, հակառակ կողմի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հեռախոսազրույց Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի միջև: Նախարարները քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին վերջին լարումները», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է «Հայաստանի հետ սահմանը ամրապնդելու համար երկար ժամանակ ձեռնարկված միջոցառումների մասին, մասնավորապես՝ Ադրբեջանի սահմանապահ ուժերի տեղակայումը մեր երկրին պատկանող դիրքերում, առկա տարաձայնությունների և լարումների կարգավորման հարցում Ադրբեջանի կառուցողական մոտեցումը, ներառյալ՝ Պետական սահմանապահ ծառայության ղեկավարության անհապաղ այցը տարածաշրջան ու բանակցությունները հակառակ կողմի հետ»:
Ադրբեջանի ԱԳ նախարարը շեշտել է «սահմանային լարումների ուռճացման և քաղաքականացման անթույլատրելիությունը և բանակցային ճանապարհով նման հարցերի լուծման կարևորությունը»։
«Նախարարներն ընդհանուր մտքեր փոխանակեցին նաև հետկոնֆլիկտային խնդիրների վերաբերյալ», - եզրափակել է ադրբեջանական ԱԳ նախարարությունը:
Հաղորդագրությունից հետևում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է այլ երկրներին ներկայացնել, թե իբր չի ներխուժել Հայաստանի տարածք, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ համարել լուծված։