Քաղաքականություն

Իդեալական վիճակում գտնվող դպրոցը փակում են

Իդեալական վիճակում գտնվող դպրոցը  փակում են

Շիրակի մարզում նախատեսվում է փակել 48 դպրոց, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում ։ Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ ծրագիրը միտված է բարձրորակ կրթություն ապահովել՝ միավորելով այն դպրոցները, որտեղ աշակերտների թիվը 100-ից պակաս է։ Ծրագիրը կընդգրկի ողջ հանրապետությունը՝ փակման վտանգի տակ դնելով ընդհանուր առմամբ 232 դպրոց։ Սակայն մասնագետներն ու տեղացիները սա դիտարկում են ոչ միայն կրթական բարեփոխում, այլ՝ սուր ազգային ու սոցիալ-տնտեսական սպառնալիք։ Այն  կարող է վերածվել ազգային անվտանգության սպառնալիքի, իսկ համայնքներում առաջացնել  լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ։

«Հայաստան» խմբակցության Շիրակի մարզից  ԱԺ պատգամավոր ընտրված Մհեր Մելքոնյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ընդգծում է՝ եթե գյուղերից վերանում են դպրոցներն ու եկեղեցիները, ապա վերանում է գյուղը որպես բնակավայր․ «Գյուղացիներն ինձ ասում են, եթե դպրոցը փակվի, ոչ թե երեխային կտանեն կողքի գյուղի դպրոց, այլ պարզապես ընտանիքով կհեռանան, կգնան քաղաք։ Սա նշանակում է՝ սահմանամերձ գյուղերը դատարկվելու են։ Իսկ եթե սահմանը դատարկվի, դա արդեն ազգային անվտանգության հարց է»։

Բացի այդ, Մելքոնյանը մատնանշում է մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հետևանք՝ ուսուցիչների զանգվածային կրճատումները․ «Միայն Շիրակի մարզում հարյուրից ավելի մանկավարժ կկորցնի աշխատանքը։ Այդ մարդկանց ասում են՝ կտեղավորենք այլ դպրոցում, բայց դա գործնականում շատ քիչ դեպքերում է հնարավոր։ Նախ ոչ բոլոր ուսուցիչներն են պատրաստ տեղափոխվել տասնյակ կիլոմետրերով հեռու դպրոցներ, երբ ճանապարհային ու կենցաղային պայմանները հայտնի են բոլորին , երկրորդ՝ եթե օպտիմալացվում է, պարզ չէ, որ  մի դպրոցում նույն մասնագիտությամբ 4-5 ուսուցիչ  չի կարող լինել»։ Պատգամավորը նաև այլ խնդիր է տեսնում․ «Շիրակի մարզի Գուսանագյուղի  դպրոցը շենքային առումով իդեալական վիճակում է։ Վերանորոգված է, ապահով, կենսունակ։ Անհասկանալի է՝ ինչ հիմքով են ուզում օպտիմալացնել այն, երբ կան բազմաթիվ քայքայված դպրոցներ մարզում, հիմա այդ դպրոցի շենքը ինչ պիտի անեն, դա էլ է հարց, ու երեխաները պիտի հասնեն կողքի Շիրակավան գյուղ։ Անիի տարածաշրջանում էլ 2 դպրոց են կառուցում՝ մյուս բարեկարգ դպրոցները թողած»։

Մելքոնյանի խոսքով Շիրակի մարզում ենթակառուցվածքների լուրջ խնդիր կա նաև։ « Աշոցքի և բարձրադիր այլ շրջաններում, խնդիրը կրկնապատկվում է։ Ձմռանը տեղաշարժն այդ կողմերում շատ դժվար  է։ Ինչպե՞ս են այդ պայմաններում պատկերացնում  երեխաներին գյուղից գյուղ դպրոց տանելը»։ Պատգամավորը նշում է՝ ծրագիրը մշակվել է  առանց գյուղացիների կարծիքը հաշվի առնելու, տեղում ուսումնասիրություն անցկացնելու։ «Սա լուրջ սխալ է։ Գյուղը մնում է, երբ այնտեղ ապրում են մարդիկ, իսկ մարդը մնում է, երբ իր երեխան դպրոց ունի։ Եթե այդ հիմքը վերցվում է, մնացածը պարզապես փլվում է»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image