2015 թվականին Կոտայքի մարզի Հանքավան համայնքում աղմկահարույց սպանության գործով Հայրապետ Սեփոյանին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ցմահ ազատազրկում:
Պատիժը կրելու սկիզբը հաշվել 2015 թվականի նոյեմբերի 17-ից։ Շուրջ 4 տարի տեւած դատավարությանը, սակայն, կշարունակվի, քանի որ 2021 թվականի մարտի 31-ին ամբաստանյալ Հայրապետ Սեփոյանի պաշտպանը բողոքարկել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.02.2021 թվականի դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Ֆրունզիկ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս սպանությունը կատարվել է մի բանդայի կողմից, որոնք ամեն ձեւով փորձում են պատիժը մեղմացնել. «Ի՞նչ արդարություն, էս էր արդարությունը, որ տղաները չկան, իրենք էլ վզները հաստացրել են: Նրանք մտածել են՝ իրենց սեւ գործը անելու եւ չբռնվելու համար տղաներին սպանեն, քանի որ տղաները տեսել էին, որ ծառ են կտրել եւ բարձել են 5 մեքենաների մեջ: Ողջ դատավարության ընթացքում սուտ ցուցմունքներ տվեցին, որ միայն նախկին պատգամավոր Դավիթ Քոչարյանը եւ իր կինը, այլ իրենց կողմից բոլոր ներգրավված անձինք: Իսկ այդ գործի հիմնական թամադեն եղել է նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը, բայց գյուղապետն էլ կա այս գործի մեջ: Տղաներին որ սպանել են՝ 4 հոգի են եղել, որոնք Դավիթ Քոչարյանի թիկնապահներն են: Նրանք մտածել են, որ տղաներին սպանեն, 15 տարի կտան, մի քանի տարի կնստի, հետո իրենց կապերով կհանեն: Հիմա վճիռը բողոքարկել են, մտածելով` օգտագործեն այն հանգամանքը, որ սպանությունը կատարվել է աֆեկտի պահին: Անմիտ տեղ երեխեքիս էդպես տարան: Ապացուցված է, որ 1 անձը չէր կարող 15 րոպեում սառած ճանապարհին 25 կմ հասնել, կրակել, 3-ին էլ սպանել, երկրորդը՝ այդ ընթացքում էլ 7,5 րոպե հեռախոսով խոսացել է, ե՛ւ ինքն է զանգել, ե՛ւ զանգեր է ստացել, զանգել է: Այստեղ աֆեկտի հասկացողությունը վերանում է»:
Հիշեցնենք, որ Հայրապետ Սեփոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 18:46-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ Հայրապետ Սեփոյանն իր հորեղբորորդի Լեռնիկ Սեփոյանից հեռախոսով տեղեկանալով, որ իր հայր Գագիկ Սեփոյանը Կոտայքի մարզի Հանքավան գյուղի վերջնամասում գտնվող, չգործող նախկին «Արարատ» ճամբարի տարածքում վիճաբանության և կռվի մեջ է մտել Հրազդան քաղաքի բնակիչներ՝ եղբայրներ Վարդան և Վահե Գալստյանների հետ, ովքեր ծեծի են ենթարկել հորը և պատճառել մարմնական վնասվածքներ, վրեժխնդրության շարժառիթով` նույն օրը իր կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 80 DD 004 հ/հ ավտոմեքենայով գնացել է դեպի նշված տարածք և ժամը 19:05-ի սահմաններում հասնելով ճամբար տանող արգելափակոցի մոտ՝ ապօրինի կերպով իր մոտ պահվող հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «ԱԿ-74» տեսակի, 5,45 մմ տրամաչափի, «1370244» համարի մարտական ակոսափող ինքնաձիգով, Երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ մենահատ կրակոցներ է արձակել նշված վայրում գտնվող Վարդան Գալստյանի, Վահե Գալստյանի և Արմեն Հովհաննիսյանի ուղղությամբ՝ Վարդան Գալստյանին պատճառելով մահվան անմիջական պատճառ հանդիսացող տրավմատիկ-հեմոռագիկ շոկի հետ ուղղակի անմիջական կապի մեջ գտնվող որովայնի առաջնային պատի թվով մեկ միջանցիկ հրազենային վնասվածք, Արմեն Հովհաննիսյանին պատճառելով մահվան անմիջական պատճառ հանդիսացող գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարման հետ ուղղակի անմիջական կապի մեջ գտնվող գլխի աջ ճակատկողմնային շրջանի թվով մեկ շոշափող հրազենային վնասվածք, իսկ Վահե Գալստյանին պատճառելով մահվան անմիջական պատճառ հանդիսացող տրավմատիկ-հեմոռագիկ շոկի հետ ուղղակի անմիջական կապի մեջ գտնվող ձախ նախաբազկի, աջ հետույքի շրջանի, ձախ ծնկահոդի շրջանի թափանցող երեք միջանցիկ հրազենային վնասվածքներ, որի հետևանքով վերջիններս մահացել են: