Հասարակություն

Սահմանամերձ համայնքում բնակիչների կարեւորագույն խնդիրն իրենց անվտանգությունն է, քան գարնանացանը

Սահմանամերձ համայնքում բնակիչների կարեւորագույն խնդիրն իրենց անվտանգությունն է, քան գարնանացանը

Գյուղատնտեսության զարգացման մասին շատ է խոսվել ու խոսվում է: Գրեթե բոլոր մակարդակներով բարձրաձայնվել է այն մասին, որ պետք է արվի ամեն բան՝ խրախուսելու գյուղացու արարելու, ստեղծելու ձգտումն ու զարգացնելու նրա մեջ այդ ջիղը: Կորոնովիրուսի եւ պատերազմի հետեւանքով Գեղարքունիքի մարզում 2020 թվականի աշնանը հացահատիկի ցանք քիչ է արվել, մեզ հետ զրույցում ասում են գյուղացիները. «Շատերը հացահատիկ չեն ցանել, պատերազմը էնպես չարեց, որ մարդկանց սիրտը ուրախ լինի: Գումար լինի գարի եւ կարտոֆիլ պետք է ցանենք, այլապես չենք կարող մեր գոյությունը պահպանել: Մեր տարածաշրջանում տղամարդկանց 60%-ը արտագնա աշխատանքի էին գնում, հիմա շատերը հնարավորություն չունեն գնալու, գումար էլ չունեն վարուցանք անեն»: 

Լիճք համայնքի բնակիչ Վանո Կարապետյանն էլ հավելեց, որ մարզում գրեթե չկան կարկտակայաններ, չկան ջրամբարներ, վարելահողերի 80-ից 90%-ը անջրդի են. «Խորհրդային տարիներին մարզի վարելահողերի գերակշիռ մասը ոռոգվել է։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վարելահողերի ոռոգման ցանցերը գրեթե լրիվությամբ թալանել են։ Մարզում որոշակի զարգացման տեմպ է հավաքում այգեգործությունը, սակայն դեռ արդյունքներից խոսելը վաղ է։ Մարզի գյուղատնտեսության հաջորդ արգելակը այն է, որ չկա կապ գիտության և գյուղատնտեսության միջև։ Գյուղացին կարիք ունի նոր գիտելիքների ստացման։ Իսկ այդ գիտելիք տվողները պիտի լինեն համայնքապետարանների ագրոնոմները, սակայն այդ ինստիտուտը չի գործում։ Չնայած այն բանին, որ ագրոնոմներ կան բոլոր համայնքների համայնքապետարաններում։ Լիճքում կարտոֆիլի մասով ևս խնդիրները նույնն են։ Մարզում կարտոֆիլը մշակում են հիմնականում տնամերձ հողատարածքներում։ Կարտոֆիլի գլխավոր խնդիրը իրացման շուկան է, չի գործում արտադրանք, տրանսպորտ, շուկա եռանկյունին։ Արտահանման տոկոսն էլ ցածր է։ Գինը տեղում միջինում՝ 80-ից 100 ՀՀ դրամ է կազմում։ Եկամուտ ստանում է միայն վերավաճառողը։ Կարտոֆիլի մասով ևս չկա պետության սուբսիդավորում, կամ եթե կա տեսանելի չէ»։ 

Վանեվան համայնքում գյուղացիները աշնանը հողերը գրեթե չեն մշակել: Ըստ համայնքի ղեկավարի՝ պատերազմի պատճառով համայնքում քիչ հացահատիկի ցանք է արվել. «Գարնանացանի աշխատանքները մեզ մոտ դեռ չեն սկսվել, ձյուն ա: Եթե գյուղացին գումար ունենա՝ ցանք կանի: Վարկերի տակ են, հողերը կան չեն կարողանում մշակել»,- ասաց Իգոր Հարությունյանը:
Նույն վիճակն է նաեւ Տորֆավան համայնքում, իսկ սահմանամերձ Սոթք համայնքում գյուղացիների համար կարեւորագույն խնդիրը այժմ իրենց անվտանգությունն է, քան գարնանացանը: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image