Ալյասկայում շուրջ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Թրամփն ու Պուտինը հայտարարեցին, որ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշները դեռ պետք է քննարկվեն։ Պուտինը հանդիպումը բնորոշեց որպես կառուցողական՝ հույս հայտնելով, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են մեկնարկային կետ լինել՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման եւ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ կապերի վերականգնման համար»։ Թրամփն իր հերթին ասաց, թե «շատ, շատ հարցերում համաձայնության են եկել», միաժամանակ նշեց՝ «կան մի քանի կարեւոր կետեր, որոնց մենք դեռ լիովին չենք հասել, բայց որոշակի առաջընթաց ենք գրանցել»։
Թե որոնք են համաձայնեցված կամ դեռ վիճահարույց կետերը՝ նախագահներից որեւէ մեկը չհստակեցրեց. Թրամփն ու Պուտինը հայտարարություններից հետո լրագրողների հարցերին չպատասխանեցին՝ արագ հեռանալով մամուլի սրահից։ Մինչ այդ Պուտինը միայն նշեց, որ տեւական ու կայուն կարգավորման հնարավոր է հասնել միայն հակամարտության սկզբնական պատճառները վերացնելուց հետո, միեւնույն ժամանակ համաձայնեց, որ այն պետք է նաեւ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորի։ Ավելի քան երեք տարի այդ երկրի դեմ պատերազմելուց հետո Պուտինը նաեւ վստահեցրեց, թե Ռուսաստանն ուկրաինացիներին «մշտապես համարել եւ համարում է եղբայրական ժողովուրդ, եւ այն, ինչ տեղի է ունենում հիմա, ողբերգություն է»։ Կարճ ելույթում Կրեմլի ղեկավարը հասցրեց նաեւ եվրոպացիներին զգուշացնել՝ հույս հայտնելով, որ Կիեւում ու ԵՄ մայրաքաղաքներում «չեն տորպեդահարի այսօր ձեռք բերված համաձայնությունները»։ Թրամփը տեղեկացրեց, որ պատրաստվում է այսօրվա հանդիպման արդյունքները ներկայացնել Ուկրաինայի նախագահին ու եվրոպացի դաշնակիցներին։ «Հաջորդ հանդիպումը՝ Մոսկվայում»,- առաջարկեց Պուտինը՝ անգլերենով։ Թրամփը չմերժեց։
Այս պատմական հանդիպման, դրա հետեւանքների ու այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ:
- Թեպետ Թրամփն ու Պուտինը բավականին ջերմ, մտերմիկ միջավայրում հանդիպում ունեցան, սակայն առ այս պահը որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, ռուս-ուկրաինական պատերազմը սովորականի պես շարունակվում է` այնպես, ինչպես այս հանդիպումից առաջ: Այս պարագայում, երբ Թրամփն անգամ չի կարողանում իր նախընտրական խոստումը` ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնել, կարո՞ղ է արդյոք երաշխավորել Սյունիքի «Թրամփի երթուղի» կոչվող ճանապարհի անվտանգությունը:
- Թրամփն իր սոցցանցերում գրել էր, որ շանս ունի պատերազմը դադարեցնելու, եթե Ուկրաինան համաձայնի Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչել եւ հրաժարվել անդամագրվել ՆԱՏՕ-ին: Եթե դա այն է, ինչ կողմերը պայմանավորվել են Ալյասկայում, դա նշանակում է, որ Թրամփը ճնշում գործադրելու քաղաքականություն է մշակել: Ամբողջ Եվրոպայի անվտանգության հարցն է սա: Երկար ժամանակ եղել է ընդհանուր Եվրաատլանտյան խաղաղության եւ անվտանգության համակարգ, սակայն հիմա ամերիկյան կողմի առաջնորդությամբ այն կիսվում է, եւ Եվրոպան մտածում է սեփական անվտանգության մասին, ուստի ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի, ամեն դեպքում՝ Թրամփը քաղաքական կուրս ունի, որին հետեւողական է: Այլ հարց է, որ դա նրա նախընտրական խոստումներից մեծապես տարբերվում է:
- Այսինքն` Թրամփը չի կարողանում կատարել իր խոստումները, քանզի պատերազմը դադարեցնելու համար կողմերը միմյանցից զիջումներ են պահանջում:
- Այո, փաստը դա է, սակայն ինչ վերաբերում է Հայաստանի իրավիճակին, ապա հայտնի չէ միջազգային խաղաղության որեւէ մեխանիզմ, որը հիմնված լինի անձի վրա: Ամեն բան շահերի եւ ուժերի բալանսների վրա է հիմնված: Կարող է լինել Թրամփի կողմից առաջարկված, ճնշած համաձայնություն, սակայն մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ նույն Թրամփի հեռանալուց հետո էլ խաղաղությունը երաշխավորված լինի, եթե խոսքն իրական խաղաղության մասին է: Համենայնդեպս, մինչ այս պահը որեւէ տեղ չի նշմարվում, որ Թրամփի դիվանագիտական ճնշումները հանգեցրել են այդպիսի կայուն մեխանիզմների: Հայաստանի դեպքը բացառություն չէ:
- Թեպետ ռուսական կողմը պաշտոնապես ոչինչ չի հայտարարել Սյունիքի միջանցքի թեմայով, սակայն ռուսական մամուլը գրում է, թե Պուտինն ասել է, որ չի պատրաստվում միջանցքը որեւէ մեկին զիջել:
- Նախ, ՌԴ-ն այս պահին հակված է Թրամփին չնեղացնել: Ինչ վերաբերում է Ռուսաստանի քայլերին, ապա նույն Ռուսաստանը մինչ այս պահը նույնպես շատ բաներ չէր պատրաստվում զիջել, սակայն տեսնում ենք այլ պատկեր: Հայաստանում կա տեսակետ, որ ՌԴ-ն ինչ ուզի` կարող է անել, ուղղակի, հետո գալիս է ուղղակիների շղթան, տարբեր մեկնաբանություններով…. Իրականությունն այն է, որ ռուսական պատմությունն ունի կաղապարներ, որոնք անդադար կրկնվում են: Եթե մենք էպոսի նշանակությամբ պատմություններից զատ կարողանայինք սովորել նաեւ քաղաքագիտության հետ առնչություն ունեցող պատմություն, ապա կտեսնեինք, արեւելաեվրոպական ճակատը ռուսական կողմը մշտապես համարել է կենսական կարեւորության հարց, իսկ մյուս բոլոր ճակատները՝ ռազմավարական կարեւորություն ունեցող, սակայն, այնուամենայնիվ, զիջելու ենթակա…. ավելին` շատ ժամանակ արձանագրել է, որ իքս վայրում հայեր չկան, սակայն հետո տարբեր տեղերից հայերի է բերել ու բնակեցրել տվյալ վայրում: Մեր քաղաքական մտքի ողջ ողբերգությունն այն է, որ ինչին ռուսական կողմն ասում է «ռազմավարական խորություն», մենք դրան անվանում ենք հայրենիք: Մեր հաշվարկների ձախողումներն այդտեղ են թաքնված: Մեզ համար սա հայրենիք է, եւ եթե մի օր պարզվի, որ մեր չնահանջելու հույսը ռուսներն են եղել, Ռուսաստանը կարող է Ռոստովից հայեր բերել, բայց դա մեզ ի՞նչ, եթե մենք չենք….