Ընդդիմության համար անցանկալի քաղաքական, հասարակական, ռազմական գործիչների, նաեւ որոշ շարքային քաղաքացիների դեմ հետապնդումները նրանց դեմ քրեական գործերով ու կալանավորումներով չեն սահմանափակվում։ Օրվա իշխանությունը մի կողմից խոսում է այլընտրանքային խափանման միջոցների՝ ստորագրության, գրավի դիմաց ազատ արձակելու, տնային կալանք կիրառելու հնարավորությունների մասին, մյուս կողմից ոչ միայն նախնական կալանքն է ամենաշատը կիրառում, այլեւ կալանավորված անձանց արգելում է հարազատների հետ տեսակցել։ Արմեն Աշոտյանին, օրինակ, արգելված է հարազատների հետ տեսակցությունը։ Ոչ միայն հարազատների, այլեւ պատգամավորների այցերն են արգելված, միայն փաստաբանը կարող է այցելել։
Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարազատների հետ տեսակցությունն արգելվել է դատարանի որոշմամբ, այսինքն՝ դատարանը քննիչի միջնորդությունն է բավարարել։ Աշոտյանին տեսակցել կարող է միայն պաշտպանը, այսինքն՝ ինքը։ Պաշտպանին հարցրինք՝ իսկ ինչո՞վ է քննիչը բացատրել այդ սահմանափակման անհրաժեշտությունը, կամ՝ դատարանն ինչո՞վ է պատճառաբանել իր որոշումը, որովհետեւ Աշոտյանի ընտանիքի անդամները գործով կարգավիճակ ունեցող անձինք չեն, հետեւաբար, Աշոտյանը նրանց վրա ազդեցություն ունենալ չի կարող։ «Այստեղ ոչ մի օբյեկտիվ բան չկա բացարձակապես, իրավաբանական առումով գործը զրո է եւ շինծու։ Սա քաղաքական հետապնդում է, եւ Արմեն Աշոտյանին խոշտանգումների են ենթարկում»,- պատասխանեց Աթանեսյանը։
Գեներալ-մայոր Գրիգոր Խաչատուրովը կալանավորվել էր մարտի 16-ին։ Մինչ այդ դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը, սակայն դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը, ինչից հետո Վերաքննիչ դատարանը կալանավորելու որոշում կայացրեց, իսկ մայիսի 15-ին Խաչատուրովի կալանքը 3 ամսով երկարաձգվեց։ Մեզ հետ զրույցում Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանն ասաց, որ ի սկզբանե Խաչատուրովին եւս արգելվել է ընտանիքի անդամների հետ տեսակցությունը․ «Երբ դատարանը կալանքի ժամկետը երկարաձգեց 3 ամսով, այդ ժամանակ տեսակցություններն այլեւս չփակեց։ Դատարանը հատուկ պետք է նշի, որ երկարացնում է նաեւ այդ արգելափակումը, քանի որ չէր նշել, ապա ավտոմատ բացվել է։ Օրենքով նախատեսված է, որ դատարանը կարող է նաեւ արգելափակել, եթե նախաքննության ընթացքում է, ապա, բնականաբար, քննիչը պետք է այդ առնչությամբ միջնորդություն ներկայացնի, օրենքի տրամաբանությունն այնպիսին է, որ դատարանն էլ ինքնուրույն կարող է քննարկել այդ հարցը, բայց այն ժամանակ քննիչն էր միջնորդել»։
Դավիթ Տոնոյանի եւ Միքայել Արզումանյանի պաշտպաններ Սերգեյ Հովհաննիսյանն ու Երեմ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասացին, որ միայն մերձավոր ազգականներին է թույլատրված տեսակցել իրենց պաշտպանյալներին, այսինքն՝ ընտանիքի անդամներին։ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ իր պաշտպանյալին ի սկզբանե արգելված է եղել հարազատների հետ տեսակցությունը, սակայն արգելքը վերացվել է, երբ գործը տեղափոխվել է դատարան։ Փաստաբանի խոսքով՝ կալանավորված անձանց առհասարակ կարող է թույլատրվել տեսակցություն հարազատների, ԶԼՄ ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, Տոնոյանին թույլատրվել է միայն մերձավոր ազգականների հետ հանդիպումը։
Թեմայի առնչությամբ զրուցել ենք նաեւ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես է կարգավորվում կալանքի ընթացքում կալանավորվածի՝ իր հարազատների հետ տեսակցության հարցը, Խուդոյանն ասաց․ «Նախկինում քննիչներն էին այդ սահմանափակումները դնում, հիմա դատարաններն էլ են կիրառում։ Քննիչը միջնորդությունը տանելիս միջնորդում է նաեւ լրացուցիչ սահմանափակումներ կիրառել, այսինքն՝ ինքնաբերաբար չի ենթադրվում հարազատների տեսակցության արգելքը, պետք է դատարանի որոշում լինի սահմանափակող։ Սահմանափակումները երբեմն վերաբերում են հարազատների հետ տեսակցությունների արգելքին, երբեմն՝ գործի մասնակից անձանց հետ տեսակցությունների արգելքին, ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելքը քիչ կիրառելի է։ Եթե այնպիսի հանցանք չէ, որի դեպքում ենթադրվում է, որ ընտանիքի անդամներն իրար հետ են արել, ապա բոլորին պետք է թույլատրելի լինի»։
Հարցրինք՝ իր պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, երբ ընտանիքի հետ տեսակցությունը որեւէ վտանգ չի ենթադրում, բայց քննիչը միջնորդում է, որ սահմանափակում կիրառվի։ «Եղել է, իհարկե, եղել է։ Այդպիսի գործերով ընթացքում միջնորդել ենք, ընտանիքի անդամների հետ տեսակցությունը վերականգնվել է։ Դա անհամաչափ սահմանափակում է եւ որեւէ կերպ չի կարող գործի շահերով մեկնաբանվել»,- պատասխանեց Խուդոյանը։
Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ դատարանը սահմանափակումը չի վերացրել՝ այն օգտագործելով որպես պատժի միջոց կալանավորվածի նկատմամբ։ «Երբ ես այդ հարցերով զբաղվում էի, այդ ժամանակ դեռեւս հարցերը քննչականի հետ էինք քննարկում, նոր օրենսգրքով է դատարանը սկսել սահմանափակումները կիրառել։ Այն ժամանակ դատարանը կալանքը տալիս էր, քննիչը սահմանափակումներն էր կիրառում, եւ իրենց որոշումն օրենքով չէր լինում, եւ այդ որոշումն օրենքով վերացնել էլ չէր լինում, այսպես ասած՝ ճիշտ ու սխալի տիրույթում էր այդ հարցը լուծվում»,- պատասխանեց փաստաբանը։
Այսինքն՝ ստացվում է, որ քրեական նոր օրենսգիրքն ավելի լա՞վ է այդ հարցը կարգավորում, քան նախկինը՝ հարցրինք Խուդոյանին։
«Չէի ասի․․․, դե այնքանով, որ սահմանափակումը դատարանն է կիրառում․․․, բայց հաշվի առնելով, որ կալանքը բավարարում է, ապա սահմանափակումներն էլ է բավարարում, որոշակի երաշխիքներ կան, որ ընտանիքի անդամների մասով բան չեն անի, բայց քանի որ Հակակոռուպցիոն դատարանի մասին ենք խոսում, ապա քննիչն ինչպես բերում է, այնպես էլ բավարարում են՝ ոչ մի տարբերություն չկա»,- պատասխանեց փաստաբանը։