Լույս է տեսել բանաստեղծ, ՀԳՄ անդամ Անատոլի Հովհաննիսյանի «Սա էլ եմ ես» հարցազրույցների եւ հոդվածների ժողովածուն։ Ա․ Հովհաննիսյանը տարիներ առաջ՝ բուժման նպատակով, տեղափոխվեց Ֆրանսիա, ո,ւ ինչպես գրքում է գրված, «ժամանակավորապես ապրում է Ֆրանսիայում», բայց՝ ականջալուր Հայաստանում կատարվող իրադարձություններին։ Ա․ Հովհաննիսյանը հեղինակ է 6 բանաստեղծական ժողովածուի, թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, լիտվերեն եւ այլ լեզուներով։
Ժողովածուի խմբագիր Սեյրանուհի Գեղամյանը գրքի նախաբանում նշում է․ «Բանաստեղծական արվեստում զուսպ ու սակավաբառ Անատոլին գրականության, արվեստի, գեղագիտական ըմբռնումների, մարդկային գոյի եւ հարաբերությունների, բարոյական պատկերացումների մասին խոսելիս բացառիկ պերճախոս, բուռն ու հախուռն է, ինչն իր հարուստ ներաշխարհի եւ կուտակումների, հիմնավոր, խոր գիտելիքների արտահայտությունն է, եւ երիցս ճիշտ է նա՝ գրքի համար ընտրելով «Սա էլ եմ ես» խորագիրը․․․»։
Գրքում ընդգրկված են Անատոլի Հովհաննիսյանի՝ տարբեր տարիներին տպագրված հոդվածներն ու հարցազրույցները (այդ թվում՝ «Հրապարակ» օրաթերթում տեղ գտածները), որտեղ նա անդրադառնում է սոցիալ-մշակութային, քաղաքական մի շարք հարցերի ու թեմաների։
«Վահագն Դավթյանն Անատոլի Հովհաննիսյանին առաջին անգամ «Գարուն» ամսագրում ներկայացնելով գրել էր, թե, ի տարբերություն իր սերնդակիցների, «նա չի պղտորում ջուրը՝ խոր երեւալու համար, ինչ որ կամ՝ այս եմ», եւ բանաստեղծական շատուշատ տողերի արանքում հատկապես «թարմ, անակնկալ եւ բանաստեղծական» էր համարել Անատոլիի «․․․մենակությունից խելագարված քամին կրակի ուժ ունի․․․» տողը»,- բանաստեղծի հետ իր հարցազրույցներից մեկում նշել է լրագրող Ռուզան Մինասյանը («Առավոտ» օրաթերթ)։
Ինքը՝ բանաստեղծը, համոզված է, որ ժամանակն ամեն ինչ դնում է իր տեղը․ «Չկա եւ չի կարող լինել լավ գիրք, որ դատապարտված է մոռացության։ «Արվեստը՝ մասսաների համար» կարգախոսը, պարզվեց, պատրանք էր։ Գրականություն հասկանալը, ընկալելը նույնքան կամ գրեթե նույնքան իմացություն է պահանջում, որքան այն ստեղծելը։ Արվեստագետն ինչ էլ գրի, նկարի, հորինի՝ իր մասին է, իր ապրածի, գտածի, կորցրածի, առավելապես՝ կորցրածի։ Ստեղծագործելը ցավը դիմակայելու փորձ է՝ ճիչ, աղաղակ, եւ եթե գրողի ճիչը, աղաղակը զուտ ցավի արտահայտություն է, նրա մեջ չպիտի ապրի այդ արտահայտությունը որեւէ նայվող կաղապարում տեսնելու մտահոգություն։ Պոեզիան նաեւ պատմություն է ցավի մասին»։