Ընդամենը երկու ամիս առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարում էր, որ առաջիկայում կալանավայրերում հատուկ խցեր են լինելու՝ ինքնավնասման հակում ունեցող անձանց համար, որտեղ մշտական տեսանկարահանում է իրականացվելու, որպեսզի նման դեպքերը կանխվեն։
Սա կառավարության հերթական անարդյունավետ քայլը կլինի՝ կալանավայրերում իրավիճակ փոխելու։ Եվ կրկին ստիպված ենք փաստել, որ ինքնավնասումների, ինքնասպանությունների եւ մահվան դեպքերը կալանավայրերում ահռելի թիվ են կազմում։ Բանտային մահերի վիճակագրությունը պարբերաբար բարձրաձայնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Սեպտեմբերին նա հաշվել էր, որ տարեսկզբից քրեակատարողական հիմնարկներում 17 մահվան դեպք է գրանցվել։ Նոյեմբերի 8-ին նա նոր թիվ բարձրաձայնեց՝ մահվան 23 դեպք, որոնցից 8-ը ինքնավնասումներ են։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակի վատթարացման ֆոնին այս լուրը կրկնակի սարսափ է առաջացնում։ Այս տարվա մահերից 3-ը հունվարին են եղել, երբ հոգիդ տոն է ուզում, որի ֆոնին ընդգծվում է դատապարտյալի կյանքի ողջ «հմայքը»։ Հունվարի 10-ին «Արթիկ» ՔԿՀ-ի թիվ 11 խցում պահվող կալանավորը՝ ծնված 1997թ., պարանով կախվելու միջոցով ինքնասպան էր եղել: Նույն ամսվա 17-ին «Արմավիր» ՔԿՀ-ի թիվ 53 խցում պահվող դատապարտյալը՝ ծնված 1982թ., սավանից պատրաստված ինքնաշեն պարանով կախվելու միջոցով ինքնասպան էր եղել: Հունվարի 28-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հոգեբուժական բաժանմունքի թիվ 4 հիվանդասենյակում միայնակ պահվող դատապարտյալը՝ ծնված 1990թ., սավանով կախվելու միջոցով ինքնասպան էր եղել:
Սա անգամ մեր՝ սառը ժպիտով ՄԻՊ Անահիտ Մանասյանն էր «ծայրահեղ մտահոգիչ» համարել եւ հատուկ հայտարարություն արել այս առիթով, բայց նրա մտահոգությունը ոչինչ չփոխեց։ Մարտի 3-ին «Արթիկ» ՔԿՀ-ի թիվ 8 խցում միայնակ պահվող կալանավորը՝ ծնված 1976թ., սավանով կախվելու միջոցով ինքնասպան էր եղել: Ամենաթարմ դեպքը սեպտեմբերի 1-ին էր, երբ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ էր ինքնասպանություն գործել։
Մահերի ու ինքնասպանությունների հարաճուն վիճակագրությունն ապացուցում է, որ կառավարության բարեփոխումները, որոնց մասին ճամարտակում են պաշտոնյաները, կալանավայրերում բուժսպասարկման, հոգեբանական ծառայությունների որակի բարձրացումը, իրականում փուչիկ են։ Ուշագրավ է, որ կալանավայրերում մահացության պատկերը հրապարակելուց անմիջապես հետո «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» կոչվող ՀԿ-ն, որն իր գոյության 8 տարիների ընթացքում հիմնականում կոնֆերանսներ, քննարկումներ, մշակութային միջոցառումներ է անցկացրել բերդերում, հանդես եկավ մի հրապարակմամբ, որում փորձել է վերլուծել առկա իրավիճակը։ ՀԿ-ն անդրադարձել է պատժից ազատման մեխանիզմների ոչ արդյունավետ կիրառմանը, շենքային անբավարար պայմաններին ու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հակասանիտարական միջավայրին, բժիշկների, հոգեբանների անբավարար թվին, իր ձեւով փորձել է բացատրել մահացության աճը։
Օրինակ, այս ՀԿ-ի դիտարկումով, «ոչ կանոնադրական հարաբերությունների առկայությունը եւ կառավարման ճգնաժամը կարող են նվազեցնել ինչպես արտաքին վերահսկողության, այնպես էլ ներքին անվտանգության ապահովման արդյունավետությունը, ազդել ծառայությունների մատչելիության եւ մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա՝ բարձրացնելով մահվան դեպքերի եւ ինքնասպանությունների հավանականությունը»։ Եվս մի պատճառ է գտնում ՀԿ-ն․ «Նորեկները, սեռական բնույթի հանցագործություններ կատարելու համար մեղադրվող կամ քրեական ենթամշակույթի տեսանկյունից «անթույլատրելի» արարքներ կատարած անձինք հաճախ ենթարկվում են ճնշման, մեկուսացման կամ թշնամական վերաբերմունքի։ Սա կարող է բացասաբար ազդել նրանց ֆիզիկական եւ հոգեբանական անվտանգության վրա՝ բարձրացնելով հոգեբանական ճգնաժամերի, ինքնասպանության փորձի կամ ինքնասպանության ռիսկը»։ Սակայն ՀԿ-ն, այնուամենայնիվ, չի կարողացել հստակեցնել բարձր մահացության պատճառները եւ իր նյութը վերնագրել է այսպես․ «ՔԿՀ-ներում մահվան եւ ինքնասպանության իրական պատճառները չեն բացահայտվում»։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ավելի հստակ է իր ձեւակերպումներում։ Նա կարծում է, որ կալանավայրերում հարաճուն մահերի պատճառը սպասարկումն է, բուժծառայության վատ որակը, աշխատակիցների անտարբերությունը։ Նա պատմում է, որ ամիսներ առաջ փորձելով օգնել մի դատապարտյալի, որին ոչ մի կերպ չէին տեղափոխում «Դատապարտյալների հիվանդանոց», նա հանդիպել է օմբուդսմենի, ապա արդարադատության փոխնախարարի հետ, բավականին խիստ է խոսել՝ պահանջելով, որ փոխեն հիվանդի պահման վայրը, եւ դրանից հետո միայն նրան տեղափոխել են հիվանդանոց։
«Ես գնացել էի նրան տեսնելու, շատ-շատ վատ վիճակում էր։ Տպավորություն ունեմ, որ անձնակազմը եւ հատկապես բուժանձնակազմը չեն հավատում դատապարտյալներին եւ կալանավորված անձանց, որոնք բողոքում են։ Դատապարտյալը 43 օր հացադուլի մեջ էր, պահանջում էր բուժել իրեն, եւ անձնակազմը հանգիստ էր վերաբերվում այդ վիճակին։ Երբ որ ասում ես՝ մարդը վատ է, 43 օր հացադուլի մեջ է, նրան վտանգավոր է այդ վիճակում թողնելը, պատասխանում են՝ ոչինչ, իրենք երկար դիմանում են»։ Ժաննա Ալեքսանյանը բազմաթիվ բողոքներ է ստանում «Քրեակատարողական բժշկություն» ՀՈԱԿ փոխտնօրեն Նաիրա Բաբայանի դեմ, որը, ըստ դատապարտյալների, անտեսում է իրենց բողոքները, պատշաճ բուժում չի կազմակերպում, իսկ կալանավայրի ղեկավարությունն ասում է, որ բժշկական հարցերով հենց այս ՀՈԱԿ-ն է միայն զբաղվում։
«Երեկվա օրինակով՝ ո՞նց էր նախարարը Միքայել սրբազանի բուժման հարցերի մասին խոսում՝ առանց տվյալ ունենալու։ Ասում էր, որ սրբազանը ծայրահեղ վիճակում չէ, ու իրենք դիմում չեն ստացել, մինչդեռ, երբ փաստաբանները բարձրաձայնեցին, որ իրենք տվել են դիմում, պարզվեց, որ նախարարը ստում է։ Նկատի ունենալով այն, որ խոսում ենք տարիքով մարդու մասին, որի պահանջին նրանք ընդհանրապես պետք է արագ արձագանքեին, կարող ենք հստակ ասել, որ սա քաղաքական մոտեցում է»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը։