Հասարակություն

Հրաչյա Ռոստոմյանի նոր նշանաբանը՝ «համախմբում»

Հրաչյա Ռոստոմյանի նոր նշանաբանը՝ «համախմբում»

ԱԺ անցողիկ շեմը չհաղթահարելուց հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը վերջին շրջանում՝ Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին առնչվող կազմակերպչական խաղերի շրջանակներում ջերմ հանդիպումներ են ունենում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Մինչդեռ հիշում ենք, որ ոչ վաղ անցյալում, երբ ԲՀԿ-ն արմատական ընդդիմություն էր, Հրաչյա Ռոստոմյանը կոշտ հայտարարություններ էր անում իշխանությունների հասցեին, որ, օրինակ, ԿԳՄՍ «երկար անունով նախարարությունը բառիս բուն իմաստով քանդեց սպորտը» եւ այլն։ ԿԳՄՍՆ-ն էլ Ռոստոմյանին ուղղված կոռեկտության կոչեր էր անում եւ այլն, եւ այլն։ Բայց հիմա այլ ժամանակներ են, Ծառուկյանն էլ առաջվա նման կառավարության 100 տոկոսի հրաժարականը չի պահանջում։

«Հրապարակն» այս հանդիպումների վերաբերյալ մի քանի հարց ուղղեց Հրաչյա Ռոստոմյանին։

- Դուք ժամանակին ԿԳՄՍՆ-ի հետ վատ հարաբերություններ ունեիք, ի՞նչ է փոխվել։

- Ձեր հարցի իմաստը չեմ հասկանում։

- Հիշո՞ւմ եք՝ Ձեր նախկին հարաբերությունները լավ չէին։

- Ձեր դատողություններն են, Դուք հարցը տալիս եք, Դուք՝ պատասխանում։

- Ես չեմ պատասխանում, ես մեջբերում եմ այն, ինչն արձանագրված է համացանցում։ Հիշեցնում եմ եւ ակնկալում եմ Ձեր պատասխանը։

- Ես էլ գիտեմ, որ Դուք զանգահարել եք, ասեք, որ համախմբված գնում եք օլիմպիական խաղերի, մեր երկրին հաղթանակ  պարգեւելու։ Օրինակ՝ Ձեր հարցի, այսպես ասած՝ բովանդակությունը հեչ տեղին չէ։ Հավատացեք, մեզ հիմա համախմբվածություն է պետք, որ մեր երկրին հաղթանակներ բերենք։ Ձեր ասածը, հակառակը․․․ պետք չէ, հիմա պետք է բոլորս համախմբվենք, մեր երկրին ու մեր հանրապետությանը հաղթանակներ պարգեւենք, որի կարիքը մենք շատ ունենք։ Ուրիշ հարց ունե՞ք։

- Ինչպե՞ս եք գնահատում մեր հավաքականների պոտենցիալը։

- Շատ բարձր, ունենք 17 վարկանիշ, բոլոր մարզաձեւերը վարկանիշ են ձեռք բերել, եւ Հայաստանի օլիմպիական կոմիտեն, կառավարությունը՝ ի դեմս նախարարության, ամեն ինչ արել են, ըստ մարզիչների ներկայացրած պլանի՝ կազմակերպել են բոլոր ուսումնամարզական հավաքներն ըստ ժամանակացույցի եւ պատշաճ կարգի իրականացրել։ Փառք Աստծո, որեւէ վնասվածք չունենք։ Մնում է մի քիչ սպորտային բախտ, եւ ամեն ինչ լավ է լինելու։ Եվ վստահ եմ, որ մեր բոլոր հայրենակիցները՝ Ձեզնից սկսած, ինձնով վերջացրած, քաջալերելու են հավաքականներին, որ լավ ելույթներ ունենան։

- Ձեր այդ «ամեն ինչ լավ է լինելու»-ն կարծես ոչ թե սպորտին է վերաբերում, այլ ավելի գլոբալ, այո՞։ Երկրի առումով՝ «ապագա կա, կա ապագա»  համատեքստում։

- Գիտեք, Ձեր հարցերն ինչ-որ չեմ հասկանում։ Եթե հարց ունեք, ուղիղ տվեք, տենց բաներով մի տվեք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image