Հարցազրույց

«Հրապարակ». ՔՊ-ականների հարցերը վերաբերում էին իրենց ծանոթ-բարեկամների շահերին

«Հրապարակ». ՔՊ-ականների հարցերը վերաբերում էին իրենց ծանոթ-բարեկամների շահերին

Ազգային ժողովը, ավելի կոնկրետ` իշխող մեծամասնությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին չվերընտրեց հանձնաժողովի անդամի պաշտոնում, ՔՊ-ականները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ քննարկման ժամանակ նրանց տված հարցերից ակնհայտ դարձավ, որ չեն ընտրելու։ Թե ինչու ՔՊ-ականները նրան առաջադրեցին, ապա ԱԺ-ում նրան «խաչին գամեցին»՝ աշխարհի բոլոր մեղքերը վերագրելով, Հայկուհի Հարությունյանն էլ դեռ չի հասկացել: Ընդ որում, հավաստի լուրեր կային, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հավանություն տվել նրա վերընտրությանը, բայց դրանից հետո կա՛մ մտքափոխ է եղել, կա՛մ` ՔՊ ուսապարկերը դուրս են եկել նրա «կոնտրոլից»: Մենք մի քանի հարց տվեցինք հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին, ով այդ պաշտոնն զբաղեցնում էր՝ սկսած 2019 թվականի նոյեմբերից, նրան առաջադրել է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», մինչ այդ նա տարբեր միջազգային, այդ թվում` ավանդաբար սորոսական համարվող կազմակերպություններում է աշխատել եւ համագործակցել:

- Տիկին Հարությունյան, Ձեզ համար պարզ դարձա՞վ, թե ինչու ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը նման կերպ վարվեց Ձեզ հետ․ առաջադրեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, բայց չընտրեցին։

- Չէ, ճիշտն ասած։ Ես էլ եմ ուզում, որ իրենք կարողանան ներկայացնել պատճառները, իհարկե ոչ, այն պատճառները, որոնք փորձեցին աղավաղված, կիսատ-պռատ ներկայացնել հարցադրումների միջոցով, այլ նաեւ իրենց պաշտոնից բխող պատասխանատվությունը կրելով` ներկայացնեին, թե որն էր ի վերջո պատճառը։

- Արուսյակ Ջուլհակյանի ղեկավարած մրցութային հանձնաժողովը կարո՞ղ էր Ձեր թեկնածությունը չառաջադրել խորհրդարանին, ինչո՞ւ առաջադրեցին, հետո նիստի ընթացքում Ձեր վերաբերյալ նման հայտարարություններ արեցին ու չընտրեցին։

- Իհարկե, կարող էին չառաջադրել, եթե այդ բոլոր պնդումները, որ իրենք հարցադրման ձեւով փորձում էին իրականացնել, եթե դրանք հաստատված փաստեր լինեին, ապա, բնականաբար, պատասխանատվությունը որոշման կայացման եւ թեկնածության առաջադրման, նաեւ հենց այդ մրցութային խորհրդինն էր, որ ինքը կարողանար ասել, թե վերջիվերջո անձի համապատասխանելիությունը՝ ե՛ւ մասնագիտական, ե՛ւ բարեվարքության տեսանկյունից, համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։

- Տեղեկություններ կան, որ մինչեւ Ձեր թեկնածության առաջադրումը, Նիկոլ Փաշինյանը Ձեր թեկնածությանը հավանություն է տվել։ Դուք հանդիպե՞լ եք Փաշինյանին, ի վերջո՝ նա՞ է կեսճանապարհին մտադրությունը փոխել՝ Ձեզ հետ կապված, թե՞ ՔՊ-ական պատգամավորներն են Ձեր դեմ գործել։

-  Եկեք ես անկեղծ ասեմ, այնտեղ գուցե այդ պատգամավորներից մի քանիսին դա դուր չեկավ․ ես անթաքույց նշեցի մի քանի անգամ, որ ես գործադիրի հետ իմ աշխատանքում, այն բոլոր հարցերը եւ իբր թե թերությունները, որ փորձում էին նշել, ես չեմ ունեցել, եւ, բնականաբար, վերջին ամենակարեւոր ինստիտուցիոնալ հանդիպումը, որ տեղի է ունեցել, եղել է հոկտեմբերին, երբ հակակոռուպցիոն խորհրդի նիստը տեղի ունեցավ, որը նախնական համաձայնություն տվեց Հակակոռուպցիոն նոր ռազմավարությանը, եւ թե՛ այդտեղ, թե՛ դրանից հետո տեղի ունեցած որեւէ փակ հանդիպման չեմ մասնակցել։ Գործադիրում իմ գործընկերը եղել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որի անուն-ազգանունը ես այնտեղ նշեցի, եւ, բնականաբար, արդարադատության նախարարությունը։ Իսկ վարչապետի հետ մեր հարաբերություններն այդ հակակոռուպցիոն խորհրդի շրջանակներում են եղել, անկեղծ պիտի ասեմ՝ անկաշկանդ է եղել, եւ այնտեղ պատգամավորներ կան, որոնք մասնակցել են, գիտեն, որ այնտեղ վերաբերմունքի տեսանկյունից եղել է օժանդակության վերաբերմունք։ Այսինքն՝ կառավարությունը, վարչապետը, որպես հակակոռուպցիոն խորհրդի նախագահող սուբյեկտ, փոխվարչապետը, որի հետ անմիջական աշխատել ենք գործողությունների պլանավորման, ապահովման եւ իրականացման մասով, արդարադատության նախարարությունը, եւ, իսկապես, որեւէ տեսակի խոչընդոտ չեն տեսել իմ թեկնածության հետ կապված։

- Այդ դեպքում Ձեր դեմ «կոալիցիան» ո՞վ էր կազմակերպել։

- Եկեք այսպես ասեմ․ առանձնացրեք այն պատգամավորների ցանկը, որոնք հարցերով հանդես եկան, եւ հարցերի բնույթը տեսեք։ Բացի հայտարարագրերից, որն այնքան աղավաղված փորձեցին կրկնել, որ դա արժանանա այդ ուշադրությանը, ուրիշ որեւէ այլ ինստիտուցիոնալ հարց չկար, բոլորն անձնավորված հարցեր էին, ինչի՞ վերաբերյալ էին պատգամավորների հարցերը, եթե ոչ իրենց ծանոթ-բարեկամի կամ ընկերոջ շահերի։

- Արդեն որոշե՞լ եք, թե հետագայում ինչով եք զբաղվելու։

- Դեռ ոչ, հիմա շատ եմ ուզում հանգստանալ, հետո արդեն կհասկանամ։ Իհարկե, որպես քաղաքացի, եւ նախկին գործունեության ու մասնագիտության տեսանկյունից բացարձակ նույն սկզբունքով եւ անզիջում է լինելու իմ վերաբերմունքը ե՛ւ կոռուպցիային, ե՛ւ մարդու իրավունքների հնարավոր խախտումներին, բայց թե դա ինչ ձեւ կստանա սրանից հետո, դեռ չեմ մտածել, անկեղծ ասած։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image