ՀՀ կառավարությունը Արցախից բռնի տեղահանվածներին տվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Ի՞նչ է նշանակում այդ կարգավիճակը՝ անհասկանալի է անգամ իրավաբանների, քաղաքական գործիչների և իրենց՝ արցախցիների համար։
Արցախցիները ահազանգում են, որ իրենց ստիպում են հրաժարվել իրենց անձնագրերից, որտեղ նշված կոդը՝ տրված է 070-ի կողմից, Հայաստանում համարեցին խոչընդոտ եւ որոշեցին նրանց նոր անձնագրեր տալ, որտեղ այլ կոդեր են նշված։
Ոմանք պնդում են, որ այս ամենն արվում է նրա համար, որ ջնջեն Արցախի հետ կապված վերջին փաստաթուղթը։ Մարդիկ ամիսներով չեն ստանում իրեն կենսաթոշակները, և երբ դիմում են իրենց թոշակները ստանալու համար՝ պատասխանում են, թե ձեր անձնագրերով դիմումներ չենք կարող ընդունել, պետք է այստեղի գրանցում ստանանք։
Սակայն, երբ նոր էին եկել արցախցիները՝ ՀՀ Կառավարությունից հայտարարում էին, թե թոշակների եւ մնացած հարցերը արագորեն կլուծվեն եւ դա պետք է լուծվեն պետական կառույցների կողմից, կարող են դիմումներ ներկայացնել իրենց ժամանակավոր բնակության վայրերում գործող միասնական սոցիալական ծառայություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, համայնքապետարաններ, թաղապետարաններ, որտեղ էլ նրանց կգրանցեն, որպես ժամանակավոր բնակիչներ։
Արցախցիների խնդիրները լուծելու համար կառավարությունը տարբեր խոստումներ էր տալիս՝ ինտեգրում, ժամանակավոր պաշտպանություն, սակայն այսօր արդեն արցախցիներն արձանագրում են, որ խոստումների մասին միայն լսում են հեռուստացույցով։ Սոցիալական խնդիրներն օր օրի խորանում են, բազմաթիվ արցախցիներ ահազանգում են դրսում հայտնվելու վտանգների մասին։ Իսկ առջեւում ձմեռ է Որոշ արցախցիներ, ովքեր ստեղծված իրավիճակում սպիպված են լինում փոխել իրենց գրանցումները անձնագրերում՝ փոխելով 070 կոդը, նոր անձնագրով ստանալով ՀՀ-ում գործող անձնագրայինի կոդեր, չեն ստանում իրենց թոշակները, նպաստները։ Մարդիկ, ովքեր դիմում են աշխատանքի ընդունվելու համար, ասում են՝ գրանցման վայրը պետք է փոխեք, որ կարողանանք աշխատանքային պայմանագիր կնքենք։ Բայց գրանցումը փոխելու դեպքում էլ ստանում են այլ պատասխաններ՝ այս պահին ձեր գործերը կադրերում են, երբ նորություն լինի՝ կզանգահարենք։
Կառավարության այս գործելաոճը ցույց է տալիս, որ արցախցիներին ստիպելու են հրաժարվել իրենց անձնագրերից, նոր անձնագրեր են տալու, ապա ի լուր աշխարհի հայտարարելու են, թե իրենք միակն են, որ կարողացան կարճ ժամանակահատվածում ընդունել 100 հազարից ավելի փախստականի, և տվեցին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Հետո արցախցիներն ընտրեցին այստեղ ապրելը՝ գրանցվեցին և մենք՝ քպ-ական իշխանություններս, կարողացանք ինտեգրել նրանց մեր հասարակություն։ Արցախցիները կզրկվեն իրենց վերջին փաստարկից, որ իրենք Արցախցի են եւ այլեւս երբեք չեն կարողանա վերադառնալ։ Հետագայում էլ ՀՀ ոչ մի կառավարություն չի կարողանալու միջազգային հանրությանը ներկայացնել այս մարդկանց խնդիրները։ Մարդիկ, որոնք կորցրել են իրենց հայրենիքը, բայց դեռ ետ վերադառնալու երազանք ունեն։