ՀՀ Գլխավոր դատախազությունը 2025թ. հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երեւան քաղաքի Նաիրի Զարյան փողոց թիվ 17 Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Ըստ Կադաստրի կոմիտեի «ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների»՝ նշված գույքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքը գրանցվել է 2017թ. մարտի 20-ին։
Անշարժ գույքը, որի հետ կապված իրավունքները վիճարկում է Գլխավոր դատախազությունը, տարիներ շարունակ եղել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը։
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո փաստացի այն Արցախի պաշտոնյաների գործունեության եւ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ կապ պահելու միակ տարածքն է։ Այն 1969թ. կառուցված երկհարկանի վարչական շենք է։ Տարածքի մեջ մտնում են 0.11592 հա մակերեսով հողատարածքը, էլեկտրական ենթակայանը, 28.5 քմ նկուղը, 17.2 քմ կիսանկուղը, 310.3 քմ վարչական շենքը եւ 1998թ. կառուցված 26.8 քմ մակերեսով ավտոտնակը։ Նշենք, որ դեռեւս 2024թ. սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Արցախի նորեկ իշխանությունները, որոնք «փախել են Հայաստան», Արցախի ներկայացուցչությունում հավաքներ են անում, փորձում են «իրենց վրայից մեղքը մաքրել»: «Չեն կարողանալու մաքրել: Այդ շենքի իմաստն էլ պետք է մենք վերանայենք։ Ես համարում եմ, որ այդ շենքն այլեւս չպետք է նման բաներին ծառայի»,- ասել էր ԱԺ նախագահը` հստակ ի ցույց դնելով փաշինյանական իշխանության ծրագրերն արցախցիների եւ այդ շենքի կապակցությամբ։ Պարզ է, որ Արցախը հանձնելուց, Արցախի Հանրապետությունը լուծարելուց հետո այս իշխանությունը ոչ միայն «Արցախ» բառի եւ արցախյան շարժման դեմ է պայքարում, այլեւ ամեն ինչ անում է, որ Արցախի թեման փակվի, Արցախ վերադարձի մասին ոչ ոք չխոսի, եւ Արցախի մասին անգամ հիշությունները ջնջվեն, ուստի պայքար է սկսել Արցախի պետական ինստիտուտների դեմ: Մենք գրել էինք, որ ամեն ինչ արեցին, որ Արցախի նախագահ չընտրվի, եւ չգործեն Արցախի խորհրդարանն ու մյուս ինստիտուտները: Եվ այդ ճանապարհին հերթական քայլն այն է, որ Արցախի ներկայացուցչության շենքն արցախցիներից խլեն:
Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Այնպես չէ, որ արդեն իսկ շենքը յուրացրել են, դատարան են դիմել, դատարանը, իհարկե, ամենայն հավանականությամբ, իշխանության ճնշումների ներքո դատական ակտը կկատարի իրենց պահանջներին համապատասխան, բայց, ամեն դեպքում, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ իշխանությունների մոտ ստացվելու է: Ամեն հնարավոր ձեւով պետք է պայքարել, որպեսզի իշխանությունները չկարողանան ներկայացուցչության շենքը յուրացնել: Ակնհայտ է, որ արցախցիներին քաղաքական առումով պատժում են, հնարավորինս լրացուցիչ ճնշումներ են փնտրում, փորձում են ամեն կերպ կանխարգելել մեր ակտիվությունը: Այնպես չէ, որ այս իշխանությունը բուն անշարժ գույքի վրա է աչք դրել, հիմնական խնդիրն Արցախի պետական ինստիտուտների ակտիվությունն ու գործառույթը կանխելն է: Այստեղ կա նաեւ խորհրդանշական նպատակ. արցախցիների ձեռքից փորձում են վերցնել վերջին շինությունը»:
Այնուամենայնիվ, եթե իշխանություններին հաջողվի ներկայացուցչության շենքը վերցնել, Արցախի ինստիտուտները կշարունակե՞ն գործել, թե՞, այնուամենայնիվ, այդ ամենը կունենա իր ազդեցությունը։ «Ինչ էլ լինի, գործող ներկայացուցչական մարմինները լինելու են: Գործելու են թե՛ պետական ինստիտուտները, թե՛ քաղհասարակությունը: Ըստ իրավիճակի` կարող են լինել վերակազմավորումներ, բայց ես վստահ եմ, որ մեր գործունեությունը շարունակվելու է»:
«ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամավորները չաջակցեցին իմ առաջարկությանը՝ վերջնական բանաձեւում պահանջ ձեւակերպելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքական ղեկավարության դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ՝ մինչեւ նրանց անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաեւ պահանջ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում օրեր առաջ գրել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւ շեշտել, որ հայ ռազմագերիների ազատ արձակման մասին հայտարարությանը տարբեր երկրների պատվիրակներ աջակցել են, սակայն հայազգի ՔՊ-ականները հրաժարվել են միանալ` հերքելով բոլոր այն պնդումները, թե իշխանությունը զբաղվում է գերիների հարցերով: Ի՞նչ եք կարծում, գերիների հարցն ի՞նչ փուլում է այժմ, եթե հաշվի առնենք իշխանությունների այսօրինակ պահվածքը՝ հարցրինք Բեգլարյանին։ «Առնվազն առերեւույթ ակնհայտ է մի բան, որ ՀՀ իշխանությունների կողմից չկա բավարար ուշադրություն` գերիների մասով: Իշխանությունները գերիների հարցը լուծելու բավարար ցանկություն եւ մոտիվացիա չունեն, առնվազն մի մասին գոնե կարող են ազատ արձակել, սակայն ունենք այն, ինչ ունենք: Թեպետ մենք չգիտենք, թե փակ դռների ետեւում ինչեր են քննարկվում, սակայն առնվազն երեւացող կողմը ցույց է տալիս, որ Փաշինյանի իշխանությունը չի տանում բավարար աշխատանք, հակառակ դեպքում արդյունքները տեսանելի կլինեին»:
Բեգլարյանն անդրադարձավ նաեւ արցախցիների սոցիալական խնդիրներին. «Հրատապ հարցերը հիմնականում սոցիալական բնույթի են: ՀՀ-ում կայուն, արժանապատիվ ապրելու խնդիր կա: ՀՀ-ում մեր ժողովրդի կեցությունն անհրաժեշտ պայման է»: