Հասարակություն

Ծեր վարորդի հետ, մաշված «Գազել»-ով մի կերպ հասա Ծովագյուղ

Ծեր վարորդի հետ, մաշված «Գազել»-ով մի կերպ հասա Ծովագյուղ

Նոյեմբերի 14-ի առավոտյան Երեւանից հասարակական տրանսպորտով մեկնեցի Իջեւան։ Որոշեցի ժամը 12-ն անց 30-ի ուղերթով վերադառնալ։ Երեւան պետք է վերադառնայի այն վարորդի հետ, որի հետ Իջեւան էի մեկնել։ Իջեւան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ աշխատում են բարոյապես եւ ֆիզիկապես մաշված «Գազել» միկրոավտոբուսներ: Դեռ Երեւանում նկատել էի, որ տարեց՝ 70-ն անց վարորդը վատ լսելուց զատ, առողջական այլ խնդիրներ էլ ունի։ Երբ ուղեւորները վարորդին խնդրում էին կանգնել, որպեսզի իջնեին, վարորդը չէր լսում, ստիպված՝ մյուս ուղեւորներն էին բարձրաձայնում, որ արգելակի մեքենան։ Իջեւան-Երեւան ճանապարհին շատ էին Հաղարծին գյուղում, Դիլիջանում իջնողները, միկրոավտոբուսում մնացինք 6 հոգով։ Տարօրինակ  էր, որ թերբեռնված մեքենան դանդաղ էր բարձրանում Դիլիջանի ոլորանները։ Ոլորաններից մեկում այն հարկադրված կանգ առավ։ Տարեց վարորդը բարձրացրեց շարժիչի կափարիչը, սկսեց  ջրամանից ջուր լցնել։ Բավական ժամանակ անցավ, ուղեւորներն իջան մեքենայից, 2 տղա ծխախոտ վառեցին, ես էլ, նայելով Դիլիջանի տերեւաթափ անտառներին, ափսոսացի, որ ոսկե աշունն անցնում է։

Այդ ժամանակ ծանոթներիցս մեկն ինձ զանգահարեց, կարեւոր, հրատապ լուր հայտնեց։ Նրան ասացի, որ նյութը կպատրաստեմ, կհրապարակեմ Երեւան հասնելուն պես։ Ուղեւորներից մեկը՝ Խանլարի շրջանի գյուղերից մեկից տարիներ առաջ Տաշքենդում վերաբնակված, այնտեղ սուջուխ ծախող կինը շտապելու կարիք չուներ, նրա ինքնաթիռը մի քանի օրից էր թռչելու, կինը «Գազելում» պատմում էր իր իջեւանցի ամուսնու տմարդի արարքի մասին, որ իրեն ու իր 2 աղջիկներին թողել, իրենից 20 տարով մեծ կնոջ հետ է ամուսնացել, որ ուզբեկները, ի տարբերություն հայերի, խիստ հարգալից են ծերերի հանդեպ եւ այլն։ Միջինից մեծ տարիքի, լուրջ դեմքով մի կին Երեւանում անհետաձգելի գործ ուներ, անհանգստանում էր հարկադրական տեւական կանգառից։ Որոշ ժամանակ անց «Գազելը» շարժվեց, սակայն մի կերպ հասավ Ծովագյուղ, նույնանուն սուպերմարկետի դիմաց, գործող ԱԳԼՃԿ-ում ստիպված կանգնեց։ Մտածեցի՝ ուրբաթ օրը, ամսի 13-ը վատ նշան է, սակայն հիշեցի, որ ամսի 14-ն է։ Վարորդը նորից ջուր լցրեց ռադիատորի մեջ։

Ուղեւորներն իջան։ Նրանցից մեկը՝ Մոսկվայում բնակվող խաշթառակցի տարեց տղամարդը ԱԳԼՃԿ-ում ջերմ զրուցում էր լիցքավորվող ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորուհու հետ։ Երբ վերադարձավ «Գազել», հարցրի, թե ինչու այդ ավտոմեքենայով Երեւան չմեկնեց, տղամարդն ասաց, որ այդ աղջիկն իր քրոջ աղջիկն էր, իսկ նրանց հետ չմեկնեց, քանզի Քանաքեռով էին գնալու, սակայն այդ պահին արդեն հասկացավ, որ հնարավորությունը բաց է թողել։ Տղամարդն ասաց, որ պետք է երկար ժամանակ կանգնած «Գազելի» վարորդից ուղեվարձը՝ 1500 դրամը ետ վերցնել։ Ես դեմ էի գումարը վարորդից հետ ուզելուն։ Վարորդը բոլորին խնդրեց իջնել, հրել մեքենան, որ շարժիչը գործարկվի։ Բոթելով «Գազելը»՝ մտցրինք միջպետական ճանապարհ, բայց այդպես էլ չգործարկվեց; Եթե գործարկվեր էլ, Սեւանի «Լեւ-Լեն» ԱԳԼՃԿ-ում դեռ պետք է գազալիցքավորվեր, հարց է՝  հետո ինչպե՞ս պետք է գործարկվեր։ Լուրջ դեմքով կինը Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ում լիցքավորվող մի ավտոմեքենայի էր մոտեցել, վարորդին բացատրել էր իրավիճակը՝ նստել այդ մեքենան։ Ես հիշեցի, որ Երեւանում հրատապ նյութ եմ գրելու, թույլտվություն ստանալով՝ նույնպես նստեցի այդ «Մերսեդեսի» վարորդի կողքին։ Ծովագյուղից Երեւան մեկնող, Մոսկվայում գործարարությաբ զբաղվող Արմենը բարյացակամ, առանց վճարի մեզ Երեւաեւ հասցրեց։ 

Երեւան-Իջեւան-Երեւան ուղերթը նախկինում սպասարկում էր ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանի ընկերությունը։ Վ․ Կարապետյանը 1982թ․ Փարիզի Օռլիի օդանավակայանում ահաբեկչական գործողություն կատարելուց  հետո դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Նա 2001-ին վաղաժամ ազատվելով՝ տեղափոխվել էր Հայաստան, «Իջեւանի գիծը» նրան էին տվել։ 2019-ին Վ․ Կարապետյանը մահացել է, ուղերթը սպասարկում  է Վերին Պտղնի գյուղից նրա մտերիմը։ Երեւան -Նոյեմբերյան-Երեւան ուղերթում աշխատում են «Մերսեդես», «Ֆորդ» հարմարավետ միկրոավտոբուսներ, իսկ Իջեւանի գծում՝ բարոյապես եւ ֆիզիկապես մաշված  գազելներ։ 
Ե՞րբ է այդ «գծի» համար մրցույթ հայտարարվել, մրցույթի առաջարկում նշվե՞լ է, որ այն սպասարկելու են մաշված գազելներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղվում է իրեն վերաբերող եւ չվերաբերող բոլոր գործերով, սակայն հայրենի Իջեւանի հետ Երեւանի կապն իրականացնում են մաշված, ուղեւորների օրը փչացնող, նրանց կյանքը վտանգող, կես ճանապարհին մնացող գազելներ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image