«Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները»,- մարտի 13-ին հայտարարեցին Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳՆ-ները։ Այդ փաստաթղթի չհամաձայնեցված վերջին երկու հոդվածները, որոնք վերաբերում էին սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն եւ միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ կանչելուն ու այլեւս նման հայցեր չներկայացնելուն, արդեն համաձայնեցվել են: Չնայած բանակցություններին, Ալիեւի ռեժիմը վերջերս Հայաստանի դեմ նոր հայցեր է ներկայացրել, տարատեսակ մեղադրանքներ հղել հայկական կողմին: Փաստացի, սա հերթական միակողմանի ու անտրամաբանական զիջումն է Նիկոլ Փաշինյանի կողմից` հանուն կեղծ խաղաղության:
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Փաշինյանի` Բաքվի դեմ հայցերը հետ վերցնելու պատրաստակամությանը. «...Մենք դատի ենք տալու ոչ միայն Ադրբեջանին, այլեւ՝ ՀՀ իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու եւ դրանց հետեւանքների վերացման հնարավորությունները փակելու պատճառով: Առանց համարժեք ու արդյունավետ այլընտրանքային մեխանիզմների ներդրման՝ ՀՀ իշխանությունները պարզապես իրավունք չունեն հրաժարվել հարյուր հազարավոր հայերի իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներից»: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց Արտակ Բեգլարյանից` պարզելու, թե քանի արցախցի է միջազգային հայց ներկայացրել Ադրբեջանի դեմ, ինչ պահանջով, եւ, վերջապես` իշխանությունները ստիպե՞լ են արցախցիներին՝ հետ վերցնել այդ հայցերը, թե՞ ոչ: Բեգլարյանի այս գրառումից տպավորություն ենք ստանում, որ նման փորձ եղել է, սակայն տեղեկացանք, որ նա երկրում չէ: Զրուցեցինք Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի եւ Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:
Գեղամ Ստեփանյանը նշեց. «Արտակ Բեգլարյանի գրառումը վերաբերում է նրան, որ եթե իշխանությունը միջպետական գանգատներից հրաժարվի, հազարավոր մարդիկ, այդ թվում` մենք, դատի ենք տալու իշխանություններին»: Ադրբեջանի դեմ քանի՞ արցախցի է միջազգային ատյաններ հայցեր ներկայացրել։ Ստեփանյանը նկատեց. «Կան բազմաթիվ հայցեր, հիմնականում՝ սեփականության իրավունքի մասով: Մի քանի հարյուր նման հայց է ներկայացվել, այս պահին աշխատանքներ են ընթանում: Այն գույքը, որն ավերվել է Ադրբեջանի կողմից, ներկայացրել ենք միջազգային դատարան: Կան նաեւ բիզնես նախաձեռնություններ, որոնք դատարան են դիմել: Արցախցիների անունից մաքսիմում 500-600 գործ կա, սակայն թիվը հազարի չի հասնում: Դրանք հիմնականում գույքային պահանջներ են: Այլ իրավունքների հարցերը միջպետական գանգատներում պատշաճ կերպով ներկայացված են եղել մինչ այժմ: Եթե Հայաստանի իշխանությունները հրաժարվեն այդ հայցերից, որոնցում ներառված են խոշտանգումները եւ այլն, արդեն պետք է տվյալ անձանց հարազատները դիմեն դատարան»: Արցախի ՄԻՊ-ը վստահեցնում է, որ իշխանությունները որեւիցե արցախցու չեն պարտադրել՝ հայցերից հրաժարվել, համոզված է, որ չեն էլ կարող նման բան անել. «Ի՞նչ պետք է անեն, ինչպե՞ս կարող են նման բան անել: Որեւէ մեխանիզմ չկա: Պիտի կանչեն վախեցնե՞ն մեզ, ասեն` հրաժարվե՞ք հայցերից: Պետությունը չունի անհատներին նման բան ստիպելու մեխանիզմ: Ոչ մեկը չի կարող նման բան անել, ասեմ հակառակը` Հայաստանը եթե հրաժարվում է միջպետական գանգատներից, ապա մենք ավելի մեծ թափով ու ավելի շատ հայցեր ենք ներկայացնելու միջազգային դատարան: Դա միայն ԵՄ-ի պարագայում է հնարավոր: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի պարագայում հնարավոր չէ, քանզի հայց ներկայացնողները բացառապես պետություններն են, անհատը չի կարող հանդես գալ որպես դիմումատու: Ամեն դեպքում, գրավոր հայցեր պատրաստելը, դատարան ներկայացնելը շատ մեծ, բարդ ու լայնածավալ աշխատանք է ենթադրում: Մենք մշտապես պնդել ենք, որ պետությունն այստեղ ունի անելիք` պետական գանգատների տեսքով»:
Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ ընդգծեց. «Կան խմբային հայցեր՝ Արցախում մնացած կամ ոչնչացված բնակարանների համար: Մենք բնակարաններ ենք ստեղծել, սակայն այսօր առանց բնակարանի ենք մնացել: Տարբեր կազմակերպություններ եւս դիմել են միջազգային ատյաններ: Ասեմ, որ պարտադիր չէ, որ նրանք Արցախի իշխանությունների հետ հստակեցնեն, դրանք փաստաբանական խմբեր են, հասարակական կազմակերպություններ եւ այլն: Քանի որ հայց ներկայացնողը պետությունը չէ, ինչպես գիտենք` Հայաստանի իշխանությունները պետական մակարդակով են միջազգային հայցերից հրաժարվում, մեզ չեն կարող սահմանափակել: Իհարկե, մենք հասկանում ենք, որ անհատների կողմից ներկայացված միջազգային հայցերն ավելի թույլ են, ավելի երկարաժամկետ են, երկարատեւ, սակայն ոչ միշտ արդյունավետ: Համենայնդեպս, մինչ օրս ոչ մի դրական արդյունք չի արձանագրվել: Արցախցիներին այս մի հարցում հաստատ չեն կարող խաբել: Նույնիսկ այն մարդիկ, այն արցախցիները, ովքեր 2018 թվականին հավատում էին Նիկոլ Փաշինյանին, այսօր այս ամենը տեսնելուց հետո, չեմ կարծում, որ կլինի մեկը, որ կհավատա Փաշինյանի իշխանությանը: Մարդիկ անգամ սոցիալական հարցերով ծրագրերին այժմ չեն ցանկանում դիմել, որովհետեւ վստահ են` ոչինչ էլ տեղի չի ունենալու, խաբվելու են կամ ծուղակում են հայտնվելու: Այս իշխանություններն ամեն պահանջ կատարում են միակողմանի, խաղաղության մասին թեզերը կեղծ են: Քանի դեռ ես իմ տուն չեմ վերադարձել, խաղաղություն չի կարող լինել»: