Օրեր առաջ գրել էինք, որ վարչապետ և ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մեծադիր լուսանկարը մեծ քանակով պատվիրվել, տպագրվել, շրջանակի մեջ է առնվել և բաժանվել խորհրդարանի ու կառավարության բոլոր պաշտոնյաներին, որպեսզի նրանք իրենց աշխատասենյակներում պատին փակցնեն դրանք։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ՍՄԿԿ գենսեկների, տարբեր տոտալիտար երկրների ղեկավարների լուսանկարներն էին փակցնում պաշտոնյաները, իսկ 18-ից առաջ նաեւ Սերժ Սարգսյանի լուսանկարն էր փակցվում Հայաստանի պաշտոնյաների աշխատասենյակներում։
Թվում էր, այս ավանդույթը վերացել է 2018-ին, երբ Գյումրիից քայլած երիտասարդները, որոնք դեմոկրատ էին իրենց համարում, եկան Երեւան, գրավեցին հրապարակն ու այնտեղից մտան կառավարություն ու ԱԺ։ Մանավանդ, առաջին բանը, որ արեցին Սերժ Սարգսյանի լուսանկարը հանեցին, անգամ պատուհաններից դուրս նետեցին եւ հայտարարեցին, որ այլեւս նման վայրենություն Հայաստանում չի լինելու։
Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանի լուսանկարը պատերին կախելու համար ոչ մի իրավական հիմնավորում չկա եւ մի ամբողջ տրակտատ էր նվիրել՝ Քննչականի պատին տեսնելով ՀՀ նախագահի նկարը։
Մենք փորձեցինք պարզել՝ նման ավանդույթ 90-ականներին եղե՞լ է, ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ պաշտոնյաները նրա լուսանկարը կախե՞լ են իրենց աշխատասենյակներում, թե՞ ոչ։
Զրուցեցինք ՀՀՇ-ի տարիներին Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Շահեն Պետրոսյանի հետ։ Նա «Հրապարակի» հարցին, թե իր աշխատասենյակի պատին կախվա՞ծ էր կուսակցության առաջնորդի և այն ժամանակ՝ երկրի առաջին դեմքի նկարը, ասաց․ «Իհարկե ոչ», ապա ավելացրեց՝ «մենք ավելի համեստ էինք նման հարցերում»։ Իհարկե, Շահեն Պերոսյանը նաեւ չթաքցրեց․«Քծնողները փորձում էին նման բան անել, ինքն իրենց ասել է՝ տենց բան մի արեք»։
Խոսեցինք նաեւ Տեր-Պետրոսյանի օրոք Երեւանի Շենգավիթ համայնքի թաղապետ աշխատած Բագրատ Անդրեասյանի հետ, նա ասաց, որ նախագահի նկարն իր աշխատասենյակում կախված չի եղել։ «Իմ սենյակում եղել է ՀՀ զինանշան։ Իմ սենյակում նախագահի նկարը կախված չի եղել, իմ հանգստի սենյակում պահարանի մեջ դրված է եղել։ Ավելին՝ ինքը մեր ժամանակ արգելում էր»։