Հասարակություն

Ադրբեջանը պահանջում է մաքսիմալ շատ տարածք․ Վարուժան Գեղամյան

Ադրբեջանը պահանջում է մաքսիմալ շատ տարածք․ Վարուժան Գեղամյան

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետևանքով Տավուշի մարզի Կայան համայնքը նույնպես կանգնել է հայաթափման խնդրի առջև։ Ադրբեջանական կողմը, օգտվելով իմքայլական իշխանությունների ապիկարությունից, պահանջել է իրեն հանձնել Տավուշի մարզի որոշ հատվածներ՝ մարզի անկլավները պահանջելու համատեքստում։

«Հրապարակի» հետ զրույցում «Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը երեկ ասաց, որ ադրբեջանական կողմի հետ փոխշահավետ հանգուցալուծման տարբերակ չկա, որովհետև Ադրբեջանը հիմա մաքսիմալիստական սկզբունքով փորձելու է Հայաստանի տարածքից վերցնել հնարավորինս շատ հողակտոր։

Հարցազրույցն իրականացվել է հենց այն տարածքում, որը որ պահանջում է ադրբեջանական կողմը։

«Ադրբեջանը պահանջում է մաքսիմալ շատ տարածք։ Եվ մաքսիմալ շատ տարածքը ենթադրում է, որ ուրեմն այստեղ [ցույց է տալիս այն հատվածը, որը պահանջների մեջ է մտնում] պետք է լինի՝ ըստ իրենց պատկերացման խորհրդային կոնկրետ թվականի քարտեզի, ընդորում քարտեզներն էլ են տարբեր, ինչպես գիտեք։ Այն քարտեզը, որը մաքսիմում շատ հնարավորություն է տալու մաքսիմում շատ տարածք վերցնել», - ասաց Գեղամյանը՝ պատասխանելով հարցին «Կայանի հետ կապված ի՞նչ հարց է, եթե անկլավների համատեքստում դիտարկենք»։

Նա նշեց, որ հիմա առաջանագիծը շատ ավելի հեռու է, իսկ տարածքը հանձնելու դեպքում ստացվում է, որ մարդիկ հայտնվում են անկլավային երկու կողմերում։

«Ինչը բնականաբար խախտում է այս տարածաշրջանի, այսինքն՝ այս հատվածի անվտանգային ճարտարապետությունը՝ դրանից բխող հետևանքներով, հայաթափումով, տարածքի վերջնական ադրբեջանականացումով», - ընդգծեց Գեղամյանը։  

Հարցին՝ փոխշահավետ հանգուցալուծումն ինչպե՞ս է հնարավոր, թյուրքագետը պատասխանեց, որ Ադրբեջանի հետ փոխշահավետ տարբերակ չկա։ «Որովհետև Ադրբեջանը հիմա մաքսիմալիստական սկզբունքով փորձելու է վերցնել հնարավորինս շատ հողակտոր Հայաստանի Հանրապետության տարածքից՝ դրանով ոչ միայն լրացուցիչ ճնշում գործադրելով Արցախի հարցում, թուրքական միջանցքի հարցում կամ որևէ այլ, այլ նաև փորձելով այս տարածաշրջանը, այն նույն մոտեցմամբ, ինչպես Նախիջևանն են արել 20-րդ դարում, այս հատվածը հայաթափել։ Բնականաբար իրենց քաղաքականության իմաստը դա է: Ոչ թե վերցնեն հերթական անկլավը, որպեսզի լինի ուղղակի իրենց տարածքում։ Ոչ, խնդիր է դրված այս տարածքները հայաթափել», - շարունակեց թյուրքագետը։

Հարցին՝ եթե այս կապիտուլյացված իշխանությունը փոխվում է, ի՞նչ հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի համար, Վարուժան Գեղամյանը պատասխանեց, որ առնվազն փոխվում է բանակցային տրամաբանությունը։

«Այսինքն՝ բանակցային տրամաբանության փոփոխությունն արդեն իսկ նշանակում է, որ մենք հնարավորություն ենք ունենում բոլորովին այլ դիրքերից բանակցել։ Իսկ ո՞վ ասաց, որ հիմա պետք է ինչ-որ հախուռն կերպով սահմանազատման հանձնաժողով ստեղծվի, որը պիտի զբաղվի կոնկրետ հարցերով, այն էլ՝ այսպես արագ տեմպերով, առանց համայնքի, առանց հասարակության, առանց պետական ինստիտուտների կարծիքը հաշվի առնելու։ Մենք ժամանակ ենք շահում, այդ ժամանակը ենթադրում է, որ փոխվում է մեր բանակցային դիրքը։ Մենք հնարավորություն ենք ունենալու ոչ թե պարտվողականության, անձնատուր լինելու դիրքերից խոսելու, այլ հնարավորություն ենք ունենում հավասարը հավասարին կամ առնվազն շատ ավելի ուժեղ դիրքերից թելադրել մեր կամքը», - եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image