Մենք օրեր առաջ գրել էինք, որ մայիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Շիրակի մարզ, բայց հնարավոր է՝ շրջանցի Գյումրին։ Երեկ նա առավոտ վաղ իր սկանդալային գրառումներն էր արել` խառնել ողջ երկիրը, ապա նստել մեքենան ու մեկնել Շիրակի մարզ: Նախ եղել է Արթիկ եւ Ախուրյան խոշորացված համայնքներում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով կառուցված մանկապարտեզներում տարվող աշխատանքների ընթացքին: Տեւական ժամանակ է՝ նա թմբկահարում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը եւ ստիպում է քաղաքաշինության եւ կրթության ոլորտի աշխատողներին՝ ոչ մի ուրիշ բանով չզբաղվել, միայն մանկապարտեզ ու դպրոց նորոգել: Այն աստիճանի, որ ԿԳՄՍՆ հանրակրթության հատվածում ասում են` մենք միայն շինարարությամբ ենք հիմա զբաղվում, կրթության հարցերով զբաղվելու ո՛չ հրահանգ կա, ո՛չ ժամանակ: Հետո վարչապետն այցելել է Գյումրու «Զանգակ» մանկապարտեզ։
Փաշինյանին հենց Արթիկ համայնքում դիմավորել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը եւ այլ ՔՊ-ական պաշտոնյաներ։ Ուշագրավ է, որ նախորդ այցերի ժամանակ ընդունված էր մարզպետարանում կազմակերպել հանդիպում` համայնքների ղեկավարների հետ, որը, որպես կանոն, ներառում էր նաեւ աշխատանքային խորհրդակցություն։ Մեր տեղեկություններով, սակայն, Փաշինյանը հրահանգել է մարզպետին` իրեն դիմավորել Արթիկ համայնքում, քանի որ մտադիր չէ Գյումրի գալ եւ մարզպետարան մտնել, ըստ այդմ էլ` որեւէ հանդիպում համայնքների ղեկավարների հետ նախատեսված չէ։ Պատճառն այն է, որ նման հանդիպման դեպքում անպայման պետք է հրավիրվեր նաեւ ամենամեծ համայնքի` Գյումրու նորընտիր ղեկավար Վարդան Ղուկասյանը, իսկ Ղուկասյանի ընտրությունը ծանր տանող Փաշինյանը չի պատրաստվում նրա հետ հանդիպել եւ աշխատել, ուստի, նեղացած դպրոցականի նման, քաղաքապետի հետ հանդիպումից խուսափելու միակ ձեւը համարել է հանրապետության երկրորդ քաղաք` Գյումրի չմտնելը:
Հիշեցնենք, որ այցից առաջ մենք Գյումրու քաղաքապետարանից փորձել էինք ճշտել՝ արդյո՞ք վարչապետի այցի շրջանակում նախատեսվում է որեւէ հանդիպում քաղաքապետի հետ։ Մեր հարցմանը Գյումրու քաղաքապետարանից պատասխանել էին, որ վարչապետի աշխատակազմից նման տեղեկատվություն իրենք չեն ստացել։ Նշենք, որ սա Փաշինյանի առաջին այցն էր Շիրակի մարզ՝ Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց ընտրություններում` չկարողանալով ձեւավորել քաղաքային իշխանություն։ Քաղաքապետ ընտրվեց չորս ընդդիմադիր ուժերի աջակցությամբ առաջադրված թեկնածուն՝ Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ակնհայտ է, որ իշխանությունն ընտրության արդյունքների հետ դեռեւս չի համակերպվում եւ անգամ չի թաքցնում իր վիրավորվածությունն ու դժգոհությունը: Մինչդեռ ընտրություններն ընթացել են գործող Ընտրական օրենսգրքին եւ Սահմանադրությանը համապատասխան, եւ արդար պայքարում ձեւավորվել է տեղական իշխանություն: Ըստ էության, մարզերն էլ են ՔՊ-ին ու Փաշինյանին «ոչ» ասում, իսկ Գյումրին առնվազն երկու անգամ է «ոչ» ասել. նախորդ անգամ ընտրել էր Սամվել Բալասանյանին, այս անգամ` Վարդան Ղուկասյանին: Առջեւում Էջմիածնի եւ Վանաձորի ընտրություններն են, եւ Փաշինյանը հույս ունի ռեւանշի գնալ այս համայնքներում, սակայն հանրային տրամադրությունները հուշում են, որ չի ստացվելու: