Շիրակի մարզում ձմեռը շուտ է գալիս, հատկապես բարձադիր գոտիներում ձմռան շունչը մոտ է: Ամենաաղքատ մարզում սոցիալան խնդիրներն առավել ցայտուն են դառնում հենց ձմռանը: Ներկայումս մարզի մի շարք համայնքներում գերխնդիր է տները տաքացնելու հարցը: «Ինչպես նախորդ տարի, պարտադրված ենք լինելու ամենածայրահեղ պայմաններում, հատկապես դոմիկներում բնակվող մանկահասակ երեխաներով ընտանիքներին և միայնակ տարեցներին վառելափայտ բաժանել», -hraparak.am-ի հետ զրույցում ասում է «Շիրակ Կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը՝ ընդգծելով, որ այս տարի ևս ձմռան նախաշեմին վառելափայտի բաժանման ձեռնարկը սկսել են միայնակ տարեցներից:
«Գիտեք՝ ինչն է հետաքրքիր․ եթե անապահով, տարեց, անօգնական մարդիկ, բազմազավակ ընտանիքներ են բնակվում քաղաքի ծայրամասերում, ինչ-որ տեղ հասկանալի է, որ աղքատիկ թաղամասերում պիտի լինեն, բայց այսօր, երբ գյուղեր ենք գնում, այնտեղ ՝ գյուղի ծայրամասերում ապրող մարդկանց ենք հայտնաբերում՝ հիմնականում անօգնական, տարեց : Բարեբախտաբար, այս տարի էլ ամերիկահայ բարերար Հակոբ Յուրեճյանը մեր կողքին է, հիմա Սառնաղբյուրի հեռավոր տներից մեկում ապրող միայնակ տարեցի ոչ միայն փայտ, այլ մեր՝ դաշտերից ստացած ալյուրն ենք տանելու»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ եթե նախորդ տարիներին «Շիրակ կենտրոնին» հաջողվում էր բնակարաններ գնել, նվիրաբերել անօթևան ընտանիքներին, ապա վերջին 3-4 տարին դա այլևս չի հաջողվում: «Երբ բնակարանը նվիրում էինք, այդ դոմիկը քանդում էինք ու վառելափայտի վերածում, հիմա դրանք չկան, այլ քանդողներ ենք գտնում, գտնում ենք մարդիկ, ովքեր շինարարություններ են արել, քանդելու բան ունեն, վաճառում են մեզ, այսօր այդպես ենք վառելափայտ հայթայթում, բայց հիմնական աղբյուրը կրկին անտառն է լինելու, անտառն անփոխարինելի է․․․ »:
Վահան Թումասյանից հետաքրքրվեցինք Արցախից բռնի տեղահանված եւ Շիրակի մարզի գյուղերում ապաստանած մեր հայրենակիցների մասին, որոնց թիվը մարզում սկզբնական շրջանում զգալի էր: «Զգալի մասը լքեց համայնքի գյուղերը, հիմնականում տեղափոխվեցին Երևան, մնացին բազմանդամ, հաշվանդամություն ունեցող ընտանիքներ: Օրինակ, Ջրափիում մի աշխատող ընտանիք կա, անասուններ նվիրեցինք նրանց, 3 հաշմանդամ ունեն, բայց աշխատում են բոլորն էլ: Սպասելի էր, որ արցախցիները պիտի հեռանան գյուղերից, քանի որ պետության կողմից ոչինչ չարվեց, որ նրանք մնան եւ զարգացնեն գյուղերը: Որքան էլ ասացինք, բարձրաձայնեցինք, չնայած ստեղծված ողբերգությանը, ոգևորություն ունեցանք, որ նրանց շնորհիվ գոնե մեր մեռնող գյուղերը հարություն կառնեն, պետությունը ոչինչ չարեց․․․․»,-ասաց Թումասյանը:
Անդրադառնալով երկրում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին՝ մեր զրուցակիցն ասաց․«Անկեղծ ասած, որևէ լուրջ փոփոխության ակնկալիք չունեի, չունեմ, այն, ինչ եղավ անակնկալ չէր, եւ առանձնապես նոր անակնկալի էլ չեմ սպասում» :