Քաղաքապետարանի մաքրուհիներից մեկին հանդիպեցինք՝ Կառավարության շենքի առջեւն էր մաքրում՝ քաղաքապետարանի գնած «թանկարժեք» ցախավելով։
«Դաշտի բույսերից ենք սարքել, իմ ձեռքով եմ կապել»,-ասաց տատիկը։ Երեւանի քաղաքապետարանը 2024թ-ին ձեռք է բերել 39 մլն 950.000 դրամի կամ շուրջ 103.000$-ին համարժեք այսպիսի 60 հազար հատ ցախավել։
Տեսանյութը դիտելիս կտեսնեք, որ մաքրուհու ձեռքի ցախավելը կապված է զուգագուլպայով, հնամաշ է, անպիտան։ Ստորացուցիչ պայմանները մի կողմ, համատարած թանկացումների ֆոնին բարձրացրե՞լ են արդյոք հավաքարարների աշխատավարձերը։
«8-ից մինչեւ 16։00-ն ենք աշխատում, 120 հազար դրամ է աշխատավարձը։ Չէ, այ բալամ, ուր է, որ աշխատավարձ են բարձրացնում»,-ասաց նա՝ ընդգծելով՝ աշխատավարձի բարձրացում չկա։
Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Երեւանի մաքրուհիներից միայն այս կնոջ ձեռքի ցախավելը չէ, որ մաշված ու զուգագուլպայով կապված է։ «Ես հաճախ եմ տեսնում մաքրուհիների, որոնց ձեռքին հենց այդպիսի ցախավել է։ Նայելով այդ ցախավելներին՝ ինձ համար հստակ է, որ անգամ 103 դրամ այդ ցախավելները չեն արժենա։ Մաքրուհիներից մեկից հետաքրքրվեցի, թե որտեղի՞ց այդ ցախավելը, ասաց՝ մեր հայկական սարերի, դաշտերի դեղաբույսերն են, իրենք հավաքում եւ հյուսում են։ Ստացվում է՝ համայնքային բյուջեն մսխել են։ Ամեն տարի ցախավելների գնման նպատակով հազարավոր դոլարներ են դուրս գրվել, անգամ դատական հայց կա»,-ասաց Աղեկյանը՝ շեշտելով՝ այստեղ կոռուպցիոն ռիսկ կա։
Մանրամասն՝ տեսանյութում