Օրեր առաջ հրապարակվեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության Կոռուպցիայի վերաբերյալ 2022 թ. զեկույցը, որից պարզ դարձավ, համենայն դեպս՝ գոնե մեր իշխանավորներին, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում վարկանիշային անկում է գրանցել։ Իսկ փետրվարի 9-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց այս առիթով և հայտարարեց․
«Մենք այս ցուցիչում առաջընթաց արձանգրելու շատ հստակ նպատակադրում ունենք եւ մինչեւ 2026 թվականը որոշակի գործողությունների պլան ունենք: Այս ցուցիչի թեկուզ ոչ շատ մեծ նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է»։
Օրեր անց հանկարծ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն պայթեցնում են Վարդենիսի տուն-ինտերնատում հերթական սկանդալը՝ ձերբակալված է տնօրեն Կարեն Խաչատրյանը, գլխավոր հոգեբույժ Միշա Կահրամանյանը, այլ աշխատողներ։ Բոթը առաջինը տարածում են իշխանական ԶԼՄ-նները՝ իրավապահները սենյակներից մեկում ջեռուցման մարտկոցին շղթայված հիվանդ են գտել, մյուսը ձեռքերն ու ոտքերը անշարժացրած՝ «մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված է եղել անկողնու չորս անկյուններից», երրորդ հիվանդին ստիպել են տնօրենի խոզանոցը մաքրել։ Հիվանդներին անվճար աշխատացրել են, չեն տվել հասանելիք սիգարետն ու սննդի չափաբաժինները՝ նկարագրում է ոստիկանությունը։ Սկանդալի հակակոռուպցիոն բնույթը ակնհայտ է, քանի որ նշված է, որ տնօրենը կաշառքներ է ստացել աշխատողների աշխատավարձը բարձրացնելու համար, պահել է աշխատողներ, որոնք չունեն պահանջվող որակավորում և այլն։
«Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։ Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուն-ինտերնատի բնակիչների նկատմամբ նշված գործողությունները կատարվել են հոգեբույժի հանձնարարությամբ, ինչի մասին տեղյակ է եղել նաև տնօրենը», - հայտնում է ՔԿ-ն:
Վարդենիսում պատմում են, որ նախօրեին գիշերը, երբ պարզ է դարձել, որ հոգեբուժարանի ղեկավարությանը տանելու են, տնօրեն Կարեն Խաչատրյանի մտերիմները փորձել են կապ հաստատել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հետ, սակայն նա անջատել է հեռախոսը և կերպ կապի դուրս չի եկել։
Իսկ ինչու էին Վարդենիսի նյարդաբանական տուն-ինտերնատի տնօրենի բարեկամները հենց Վիլեն Գաբրիելյանին զանգում՝ այդ մասին տեղյակ են խոշորացված համայնքում։
Բոլորը Վարդենիսում գիտեն, որ Կարեն Խաչատրյանը Վիլեն Գաբրիելյանի հովանավորությամբ, նրա միջնորդությամբ է նշանակվել նյարդաբանականի տնօրեն։ Երեկ, բացելով թերթերն ու համացանցում չգտնելով Վիլեն Գաբրիելյանի անունը, շատերը զարմացած են մնացել։ Պատմում են, որ Կարեն Խաչատրյանը Վիլեն Գաբրիելյանի անմիջական ընկերը չի, այլ ընկերոջ ընկերն է, բայց ինքը՝ Կարեն Խաչատրյանը, Վիլեն Գարբրիելյանին շատ մոտ է համարել։ Այնքան, որ իր, Նավակ Ճոճողի, փոխմարզպետ Վահան Զարոյանի, այլ ՔՊ-ականների հետ լուսանկարները տեղադրել է իր ՖԲ պատին` որպես փրկօղակ։ Այդ լուսանկարներից մեկում Կարեն Խաչատրյանը մասնակցում է ՔՊ-ի` «Այո» արշավի դրամահավաքին:
Մենք զանգահարեցինք Վիլեն Գաբրիելյանին, որ պարզենք, թե ինչու է ժամանակին միջնորդել, որ Կարեն Խաչատրյանին նշանակեն Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրեն, և արդյոք նա տեղյա՞կ է եղել, որ իրավապահները մտնելու են տուն-ինտերնատ, սակայն նա անհասանելի էր, կամ անջատում էր հեռախոսը։ Նրա բացատրություններին դեռ կսպասենք, իսկ մինչ այդ կապ հաստատեցինք սոցապ նախարարության հետ` տեղեկանալու համար, թե ինչ կարող են ասել աղմկահարույց բացահայտման մասին, ինչպես էր հնարավոր նման բան։
«Մեր կողմից մոնիտորինգ անցկացվում է, և ոչ միայն այս, այլև բոլոր մյուս ՊՈԱԿ-ների դեպքում։ Ինչ վերաբերում է այս դեպքին, քանի որ այն իրավապահների տիրույթում է, այս պահին նախարարության կողմից որևէ իրավական ձևակերպում տալ չենք կարող», - ասաց սոցապ նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը։
Ինչևէ, իրավապահների հակակոռուպցիոն ջանքերի ցուցադրությունը ստացվեց և դեռ ծավալվելու տեղ ունի։ Մեր տեղեկություններով, ձերբակալվածների թվում է նաև տուն-ինտերնատի գլխավոր հոգեբույժ Միքայել Կահրամանյանը, որը 10 տարուց ավելի զբաղեցրել է այդ պաշտոնը։
Հիշեցնենք նաև, որ Վարդենիսի տուն-ինտերնատում բազմաթիվ դեպքեր եւ անգամ հանցագործություններ են եղել վերջին 10 տարում՝ մարդկանց շահագործում, ծեծ, յուրացումներ, հիվանդների կասկածելի մահեր, և այլն։ Ոչ բոլոր դեպքերն են ավարտվել դատավճիռներով։ Մասնավորապես, օրինախախտումների համար 2014 թվականին աշխատանքից ազատվել է այս հաստատության նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանը։ Ասում են՝ նա այժմ ազատության մեջ է և ընդդիմադիր հայացքներ ունի։
ՀԳ 2021 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգ էր ստացել, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցները մասնակցում են նախընտրական քարոզչական հավաքին, և նրանց մասնակցությունը համակարգել է այդ ժամանակ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը: Այս մասին ՖԲ ում հիշեցրել է ՄԻՊ նախկին խոսնակ Նունե Հովսեփյանը։
Շաքե Թերզյան
