Ամփոփվել են հանրապետության 1980 ընտրական տեղամասերի քվեարկության նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված ձայներն ըստ վարչատարածքային միավորների բաշխվել են հետևյալ համամասնությամբ։
Մայրաքաղաք Երևանում ՔՊ-ն ստացել է 200,277 ձայն։
Մարզերում պատկերը հետևյալն է.
Արարատ – 71,618 ձայն
Արմավիր – 69,274 ձայն
Կոտայք – 68,066 ձայն
Շիրակ – 63,640 ձայն
Լոռի – 59,867 ձայն
Գեղարքունիք – 51,872 ձայն
Արագածոտն – 40,728 ձայն
Տավուշ – 38,755 ձայն
Սյունիք – 34,359 ձայն
Վայոց Ձոր – 17,248 ձայն
Այսպիսով, մարզային կտրվածքով ՔՊ-ն ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Արարատի մարզում, իսկ ամենացածր արդյունքը՝ Վայոց Ձորում։
Հատկանշական է, որ ՔՊ-ն բավական բարձր արդյունք է գրանցել նաև Շիրակի մարզում՝ ստանալով 63 հազար 640 ձայն։ Սա այն դեպքում, երբ վերջին շրջանում մարզում մեծ լարվածություն կա ․ կալանավորված է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, տնային կալանքի տակ է նաև Շիրակի թեմի առաջնորդը` Միքայել Աջապահյանը։ Այս հանգամանքների ֆոնին կարելի էր ենթադրել, որ իշխանության նկատմամբ դժգոհությունները կարող էին արտահայտվել նաև ընտրական արդյունքներում և ՔՊ-ի օգտին տրված ձայների թվի նվազման տեսքով։ Սակայն հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Շիրակի մարզը այն մարզերից մեկն է, որտեղ իշխող ուժը ստացել է զգալի աջակցություն՝ մարզերի ցանկում զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը։
Թեև իշխող կուսակցության բարձր արդյունքը որոշ առումով սպասելի էր, հաշվի առնելով, որ նախընտրական շրջանում իշխանությունը լայնորեն օգտագործեց իր վարչական հնարավորությունները։ Հատկապես Շիրակի մարզում վերջին օրերին տեղի ունեցած իրավական գործողությունները, խուզարկությունները, ձերբակալությունները գնահատվում էին որպես աննախադեպ ճնշումներ և ռեպրեսիվ քայլեր։