Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը եւ նրա ամուսնու ընտանիքը շարունակ սկանդալների կենտրոնում են հայտնվում։ Այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա ամուսնու ծնողները Վաղարշապատում ապօրինի շինարարություն են իրականացնում։ Սրան զուգահեռ պարզվել էր, որ Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի գույքի, եկամուտների հայտարարագրում եկամուտների եւ հայտարարագրված դրամական միջոցների միջեւ էական անհամապատասխանություններ կան։ Միրզոյանը գազալցակայանը հիմնել է 2020-ին` Էջմիածին-Արտիմետ խճուղի 1 հասցեում։
Սկեսրայրի հետ նշված պայմանագիրը կնքվել է 2025-ի հունվարի 27-ին։ Ըստ դրա՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանում Վաղարշապատի համայնքապետարանի կարիքների համար պետք է կատարվեն լիցքավորումներ։ Գազալցակայանի անհրաժեշտ թույլտվությունները Միրզոյանը ստացել էր ապագա հարսից՝ Դիանա Գասպարյանից, երբ վերջինս արդեն Վաղարշապատի քաղաքապետն էր։ Սեղմված գազի ձեռքբերման գնումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով։ Ըստ Gnumner.am հարթակի՝ մրցույթին, բացի Աշոտ Միրզոյան ԱՁ-ից, մասնակցել են նաեւ «Լի գազ» եւ «Տնկարան» ՍՊԸ-ները։ Ամենացածր գնային առաջարկը ներկայացրել է Դիանա Գասպարյանի սկեսրայրը, որի գնառաջարկը «Տնկարան»-ից պակաս է եղել 133 հազար դրամով, եւ պայմանագիրը բաժին է հասել Միրզոյանին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս պայմանագիրն ուսումնասիրելով` հարուցել է վարույթ։ Ըստ հանձնաժողովի՝ Դիանա Գասպարյանը պարտավոր էր դրա վերաբերյալ գրավոր հայտարարություն ներկայացնել հանձնաժողով, ինչը չի արվել։ Մենք փորձեցինք կապ հաստատել Դիանա Գասպարյանի հետ, բայց չստացվեց։ Զրուցեցինք նրա տեղակալի` Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի հետ։ Նա ասաց․ խնդիրն այն է, որ եթե շահերի բախում կա, պետք է գրություն ուղարկվեր հանձնաժողով․ «Եթե չեմ սխալվում, վարչական տույժի էլ է ենթարկվել՝ 300 հազար դրամի չափով»։
- Իսկ Էջմիածնի բնակիչը կարո՞ղ է մտածել, որ Դիանա Գասպարյանը չարաշահում է դիրքը՝ իր սկեսրայրի հետ պայմանագիր կնքելով։ Ձեզ մոտ նման մտահոգություն չկա՞։
- Մտահոգությունն առաջին հայացքից, եթե իրավիճակը խորքային չես դիտում, այլ մակերեսորեն նայում ենք, իհարկե՝ մտահոգիչ բաներ կան դրա մեջ։ Բայց մրցույթին մասնակցել է 3 կազմակերպություն։ Համայնքի ղեկավարի սկեսրայրի կազմակերպությունն առաջարկել է ամենացածր գինը՝ մեծ հաշվով, այստեղ խնդիր չկա։
- Գուցե մյուս 2 ընկերությունն արհեստականորե՞ն են մասնակցել՝ մրցակցություն ապահովելու համար։
- Ես ասում եմ՝ եթե մակերեսորեն ենք նայում, մտահոգիչ շատ բան կա, բայց երբ ուսումնասիրում ենք, այդտեղ բացարձակ որեւէ խնդիր չկա, իրականում գինն էլ բավականին ցածր գին է, եթե դուք գազի շուկան ուսումնասիրեք, կտեսնեք դա, դա համայնքապետարանի շահերից է, ձեռք է տալիս համայնքապետարանին։
ՀԳ․ Նշենք նաեւ, որ Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Արամ Միրզոյանի գազալցակայանում վերջերս նաեւ սպանություն էր տեղի ունեցել, եւ Միրզոյանն այժմ անցնում է այդ գործով` հրավիրվում է հարցաքննության: Հարցաքննություններից մեկի ժամանակ էլ քննիչը փորձել է առգրավել նրա հեռախոսը, Միրզոյանն այն խփել է հատակին` ջարդել: