Վերլուծություն

Տրանզիտ պայմանագի՞ր, թե՞ նոր բոնուսներ Ադրբեջանին

Տրանզիտ պայմանագի՞ր, թե՞ նոր բոնուսներ Ադրբեջանին

Հայաստանյան Թիմ Տելեկոմի և Ադրբեջանի Ազերտելեկոմի միջև պայմանագրի մասին հաղորդագրության տարածումից հետո բավականին բուռն քննարկումներ սկսվեցին: Թիմ տելեկոմի հաղորդագրությունը, կարելի է ասել, ոչնչի մասին էր, ինչ-որ վերացական տեղեկատվություն, որն ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան թե պատկերացում տալիս կնքված պայմանագրի ու դրա իրական բովանդակության մասին: Տեղեկատվության անվտանգության որոշ փորձագետներ հայտարարեցին, որ ըստ հրապարակված տեղեկատվության, այս պայմանագիրն ուժեղացնում է Հայաստանի դերը՝ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ինտերնետ կապի տարանցում ապահովելու իմաստով: Ի դեպ, նշվում էր, որ Ադրբեջանը Հայաստանին այդ տարանցումն ապահովելու համար որոշակի գումար է վճարելու, թե որքան՝ չէր նշվել, բիզնես գաղտնիք է երևի:

Իսկ ադրբեջանական կողմը լրիվ այլ տեսանկյունից է ներկայացնում այս պայմանագիրը: Ավելին, ադրբեջանական լրատվամիջոցներում նշվում է, որ սա հերթական նվաճումն է Ադրբեջանի համար:

«Հայաստանի տարածքով ինտերնետի տրանզիտի ապահովումը պետք է բնութագրել որպես Ադրբեջանի կողմից աջակցություն Կովկասում խաղաղություն հաստատելու հարցում»,- minval.az- հետ զրույցում հայտարարել է Միլի մեջլիսի պատգամավոր Վուգար Բայրամովը: Նա հավելել է, որ, իհարկե, Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել տարատեսակ ծառայությունների արտահանումը, սակայն այս պայմանագրի շնորհիվ ավելի են ուժեղանում Ադրբեջանի տարածաշրջանային լծակներն ու ազդեցությունը:

«Ընդհանուր առմամբ վերջին համաձայնությունները հաստատում են, որ նոր կարգը, որ ձևավորվում է Ադրբեջանի կողմից, նշանակում է համագործակցության հնարավորություն տարածաշրջանի երկրների համար: Եվ եթե Հայաստանը Սահմանադրական փոփոխություններ անի և խաղաղության պայմանագիրը հնարավորինս կարճ ժամկետում կնքվի, ապա դա տարածաշրջանում տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կստեղծի»,- հայտարարում է Բայրամովը՝ չմանրամասնելով, թե հատկապես որ երկրի համար զարգացման նոր հնարավորություններ կստեղծի: Բնականաբար, Ադրբեջանը դժվար թե մտածեր Հայաստանի զարգացման մասին:

IT ընկերության նախագահ Ալեքսանդր Տվարաձեն Minval Politika-ի հետ զրույցում ասել է, որ այս տրանզիտի վերաբերյալ պայմանագիրը` Հայաստանի հետ, հավելյալ տնտեսական խթան է Ադրբեջանի համար: «Դեպի Հայաստան ինտերնետի տրանզիտը տնտեսական նշանակություն ունի Ադրբեջանի համար, քանի որ ստեղծում է շահույթի հավելյալ աղբյուր` միջազգային տրաֆիկից ստացվող և ամրացնում է երկրի դիրքերը որպես տարածաշրջանային հեռահաղորդակցության հաբ: Մասնավորապես, տրանսկասպյան ճանապարհով օպտիկա մանրաթելային մալուխի կաբելի անցկացումը թույլ կտա Ադրբեջանին էլ ավելի ուժեղացնել իր դիրքը որպես տարածաշրջանում հեռահաղորդակցության հաբ Եվրոպային և Ասիայի միջև»,- շեշտել է ՏՏ ընկերության ղեկավարը:

Նկատեք, որ իրենք խոսում են այս պայմանագրի շնորհիվ Ադրբեջանի ձեռք բերած նոր առավելությունների ու օգուտների մասին: Այսինքն, Հայաստանի իշխանությունների շնորհիվ Ադրբեջանը որպես պետություն և հայատյաց քաղաքականություն իրականացնող պետություն, ՀՀ ներկա իշխանությունների շնորհիվ շարունակում է ստանալ կարևորագույն բոնուսներ:

Տվարաձեն շեշտում է, որ այլ ազդեցության լծակներ էլ է ձեռք բերում Ադրբեջանը. օրինակ, Ադրբեջանն Իրանի հետ կապող հավելյալ ուղի է ստանում: Չնայած Ադրբեջանը հիմա էլ ունի կապող ուղի Իրանի հետ, սակայն անկանխատեսելի իրավիճակներում այն կարող է կտրվել, հետևաբար հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանն ունի տրանզիտ կապ Իրանի հետ, Ադրբեջանը կարող է օգտվել հենց այդ տրանզիտից՝ Իրանին, Վրաստանին կապվելու համար, ինչը Տվարաձեի պնդմամբ, Ադրբեջանի համար ապահովում է ռեզերվային հավելյալ ուղիներ:
Տվարաձեն համարում է, որ մի քանի միջազգային կապուղիների առկայությունը տվյալների փոխանցման համար կարևոր հանգամանք է երկրում դատա-կենտրոնների տարատեսակ սերվերների տեղադրման համար այնպիսի հսկաների կողմից, ինչպիսիք են Google, Oracle և Amazon:

Դա կբերի Ադրբեջանի թվային զարգացմանն ու ի վերջո կհանգեցնի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի միջև կարևորագույն տրանզիտային հանգույցի:

Ընդ որում, Ադրբեջանում ինտերնետի տրանիզիտի հետ կապված գործարքը դիտարկում են Հայաստանի համար տխրահռչակ ԹՐԻՓՓ-ի շրջանակներում, ինչը պետք է ծառայեցվի տարածաշրջանում Ադրբեջանի դիրքերի ուժեղացմանն ու ազդեցության շեշտակի ավելացմանը: Այսպիսով, ՀՀ-ն դարձել է տրամպլին ու գործիք Ադրբեջանի համար՝ իր դիրքերն ամրացնելու համար, ու, այսպես կոչված, խաղաղության օրակարգի շրջանակներում, մինչ Փաշինյանն ու ՔՊ-ականները հայ հանրությանը փորձում են ներքաղաքական օրակարգերով շեղել ու մեր վզին փաթաթել մահաբեր «խաղաղության օրակարգը», Ադրբեջանը Հայաստանից ստանում է բոլոր առավելությունները, սակայն շարունակում Հայաստանի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը:

Հ.Գ. Ընդդիմադիրների վրա մատ թափ տվող Փաշինյանը տեղյա՞կ է, որ ցեղասպանակություն իրագործած Ադրբեջանի ջանքերն արդյունք են տվել՝ Կապիտոլիումում քննարկելու են գոյություն չունեցող ադրբեջանցի փախստականների հարցը: Փաստորեն Փաշինյանի ուժը միայն ընդդիմադիրների ու հայ հանրության վրա է պատում:

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image