Հուլիսի 5-ը ՀՀ սահմանադրության օրն է։ Նիկոլ Փաշինյանն օրվա առիթով ուղերձ էր տարածել, որտեղ շեշտել էր՝ «մեր երկրին նոր Սահմանադրություն է հարկավոր»։ «Ինքնիշխանը նա է, ով որոշում է տվյալ երկրում ապրելու կանոնները: Մեր երկրում ժողովուրդն է ինքնիշխան, եւ այդպես է ոչ միայն դե յուրե, այլեւ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո՝ նաեւ դե ֆակտո: Եվ այս փաստի հետ է, որ խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտի մեջ է մեր գործող Սահմանադրությունը»:
Իրականում` Նիկոլ Փաշինյանի գլխում նոր սահմանադրություն ունենալու միտքը ծնվել է այն բանից հետո, երբ նրա գործընկերը՝ Ալիեւն ասել էր․ «խաղաղություն» հնարավոր է, եթե Հայաստանի Սահմանադրությունը փոխվի։ Պաշտոնական Բաքուն Հայաստանի Անկախության հռչակագրի ձեւակերպումները, որտեղ հիշատակում կա Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին, Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ է համարում։ Ընդդիմադիրները պնդում են՝ Փաշինյանը Հայաստանը տանում է թրքացման, Ալիեւի պահանջով է ուզում Սահմանադրությունը փոխել, Փաշինյանն իր ցանկությունները «գցում է ժողովրդի գրպանը»` իբր նրանց համար է Սահմանադրությունը փոխում։
«Հայաստանի քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարեւանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում, այլ համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին եւ, ըստ էության, ներդրել այն Հայաստանում»,- իր ուղերձում երեկ ասում էր Փաշինյանն ու շեշտում՝ Հայաստանին պետք է նոր սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ դրանում գրված է, սեփական պատկերացումն է իր ստեղծած պետության եւ այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին:
«Հրապարակ»-ը Սահմանադրության օրվա կապակցությամբ դուրս եկավ փողոց` ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալու: Մեզ հանդիպած բոլոր քաղաքացիները վստահ էին, որ Սահմանադրությունը փոխելով` Փաշինյանն Ալիեւի կամքն է կատարում: Իսկ թե դրանից հետո ինչ ապագա է սպասվում Հայաստանին, նրանցից մեկը կարճ պատասխանեց․ «Մահ Նիկոլին»։
«Փաշինյանն Ալիեւի կամակատարն է, քանի նա ՀՀ ղեկավարն է, ոչ մի լավ բան չի սպասվում Հայաստանին։ Երեսուն հազար ադրբեջանցի կգան Հայաստան, «կուշտ ու բախտավոր կապրենք»։ Պերճ Պռոշյանի անվան դպրոց կար, քանդեցին, այդ դպրոցում Սովետի ժամանակ սովորողների կեսն ադրբեջանցիներ էին։ Ադրբեջանցիները թքում էին մեզ վրա, ու երբ վեճ եղավ, նա իմ դասընկերոջն ասաց․ «Մենք ձեզ կհիշեցնենք 1915-ը»։ Այնպես որ, կապրենք շատ «խաղաղ» պայմաններում, Նիկոլի ապագայում: Մահ Նիկոլին»,- մեզ հետ զրույցում ասաց մի կին։