Այս պահին պետք է մեկնարկեր Գյումրու ավագանու հերթական նիստը, սակայն մեկ ավագանու անդամի բացակայության պատճառով քվորում չի ապահովվում։
Հատկանշական է, որ նիստից մոտ մեկ ժամ առաջ իրավապահները խուզարկություն են իրականացրել ավագնու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում, ինչի պատճառով վերջինս բացակայում է նիստից։
Չնայած նիստը պաշտոնապես մեկնարկել է, ավագանու անդամներից մեկի բացակայության հետևանքով որոշումների ընդունման համար անհրաժեշտ քվորումը չի ապահովվել։ Ստեղծված իրավիճակում նիստը վարող փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը հայտարարել է կեսժամյա ընդմիջում՝ հույս հայտնելով, որ դրանից հետո հնարավոր կլինի ապահովել քվորումը և շարունակել նիստի աշխատանքները։ Ուշագրավ է, որ նիստը տապալեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը,որն ամբողջ կազմով չէր ներկայացել նիստին, ինչն ընդդիմադիր ուժերը գնահատում են որպես նիստը դիտավորյալ տապալելու փորձ։
«Հրապարակի» հետ զրույցում «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Լիզա Գասպարյանն ասաց, որ իրենց խմբակցության անդամներից մեկի՝ կալանավորվելուց հետո առաջացած խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում։ Նրա խոսքով՝ առաջիկայում այդ անդամին կփոխարինի հաջորդ թեկնածուն, որը կստանա մանդատը, և հաջորդ նիստին քվորումի հարցը կլուծվի։
«Այն սցենարը, որով «Քաղաքացիական պայմանագիրը» փորձում է ամեն գնով իշխանություն վերցնել Գյումրիում, այս անգամ էլ չի հաջողվելու»,- նշեց Գասպարյանը։
Վարման կարգով հանդես եկավ նաև քաղաքապետին փոխարինող պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը՝ ստեղծված իրավիճակը որակելով որպես «շինծու և կազմակերպված ճգնաժամ»։ Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են ցանկացած միջոցով հասնել իրենց նպատակներին, սակայն դա չի հաջողվելու։