Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կանաչ լույս վառեց բոլոր պարտվողականների առաջ

Նիկոլ Փաշինյանը կանաչ լույս վառեց բոլոր պարտվողականների առաջ

2020-ի պարտությունից հետո պարտվողական գաղափարները գլուխ են բարձրացրել։ Անգամ Աշոտ Բլեյանն է սկսել հպարտանալ 1992 թվականին՝ պատերազմի շրջանում, Բաքու մեկնելու եւ Արցախի համար պայքարից հրաժարվելու իր կոչերի փաստով։ Իսկ 92-ին եւ հետո երկար տարիներ նրա՝ Բաքվից վերադառնալուց հետո գրած «Լույս աշխարհից ընկա մութ աշխարհ» հոդվածաշարը եւ հարեւան Ադրբեջանի հետ համերաշխության ու համագործակցության կոչերն այնպիսի աղմուկ էին բարձրացրել, որ նա տնից չէր կարողանում դուրս գալ եւ նրա հասցեին ամեն կողմից լուտանքներ էին տեղում։ Հիմա արդեն պարտվել ենք, Արցախի կեսը հանձնել ենք թշնամուն, մյուս կեսում ռուս զինվորներն են հսկում, որ ադրբեջանցին մնացածն էլ չգրավի, եւ արդեն կարելի է պարտվողականություն ու թշնամու առանջ գլուխ խոնարհելու քարոզ իրականացնել։

Կարելի է անգամ ասել, որ 1988-ի ղարաբաղյան շարժումը վնասել է Հայաստանին, որ այդ շարժումը, որն այդպես համախմբել ու ոգեղեն էր դարձրել մեր ժողովրդին, ամոթալի իրողություն էր եւ մեր «քաղաքական մտքի բացակայության մասին էր խոսում»։ Նիկոլ Փաշինյանը կանաչ լույս վառեց իր նախկին գործընկերոջ առաջ եւ հիմա կարելի է Արցախից հրաժարվելու կոչեր անել, խոսել այն մասին, որ Արցախի պաշտպանությունը նրանց՝ արցախցիների գործն է, Հայաստանը դրա հետ ոչ մի առնչություն չպետք է ունենա։ Ահա այսպիսի մտքեր էր ատահայտում պարոն Բլեյանը՝ «Դեմ դիմաց» հաղորդման ժամանակ։ Բանավեճի մյուս կողմում Սերժ Սրապիոնյանն էր, ում Բլեյանը մեղադրում էր Ռուսաստանի փաստաբանը լինելու մեջ, իսկ ինքն ամբողջ հաղորդման ժամանակ ստանձնել էր Ադրբեջանի ու Թուրքիայի փաստաբանի դերը։ 

Արցախից հրաժարվելու կողմնակիցները, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչները, այսօր խոսում են բացառապես արցախցիների անվտանգության եւ ապրելու իրավունքն ապահովելու մասին, ինչը մի բան է նշանակում՝ համաձայնեք Ադրբեջանի կազմում ինքնավարությանը եւ ադրբեջանական իշխանությունը ձեզ կխղճա ու կթողնի ապրեք այդ հողի վրա։ Բայց չէ որ դա արդեն եղել է եւ արցախցիներն էլ 1988 թվականին դուրս են եկել փողոց, Արցախի ժողովուրդն ու իշխանություններն էլ 30 տարի շարունակ խոսել են այն մասին, որ Ադրբեջանի կազմում չկա՝ չի կարող լինել Արցախ եւ չի կարող ապահովվել արցախցիների անվտանգությունը։ Այնպես չէ, որ 88-ի շարժումը դատարկ հողի վրա էր եւ ինչ որ մարդկանց ապաքաղաքական մտածողության պատճառով կամ Հայաստանին վնասելու համար սկիզբ առավ։ Իսկ այսօր՝ 30 եւ ավելի տարիների հակամարտությունից, 2020 թվականի մահաբեր պատերազմից ու այսքան նվաստացումներից հետո առավել եւս հնարավոր չէ Արցախի վերադարձը 1980-ականներ։ Որքան էլ որ Աշոտ Բլեյանը եւ էլի մի քանի հոգի դա ցանկանան։ Դա ընդամենը նշանակում է Արցախի ոչնչացում եւ Նախիջեւանի ճակատագրի կրկնություն։

Առհասարակ՝ 2020 թվականից հետո ակտիվացավ պացիֆիստական, խաղաղասիրական, հարեւանների հետ համակեցության քարոզը։ Դա մի կողմից անճարությունից ծնված գաղափարներ են, որ մեր ազգի խեղճության, պարտության հետ արագ հաշտվելու մասին են խոսում եւ՝ պայքարի կամքի բացակայության։ Մյուս կողմից՝ այդ գաղափարներն առաջ մղողները, որոնք 90-ականներին փոքրամասնություն էին կազմում, մի նպատակ ունեն՝ մեզ բոլորիս նկատմամբ իրենց առավելությունն արձանագրել՝ տեսա՞ք, որ մենք էինք ճիշտ։ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է Արցախը պարտվի եւ արցախյան թեման փակվի, որ իր փուլային տարբերակը այսօրվա ֆոնին երանելի մի բան թվա, որպեսզի ինքը ավելի վստահ կարողանա ասել՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի, դուք՝ սխալ եւ իմ հրաժարականն էլ 1998-ին անիմաստ էր եւ այս բոլոր տարիների զրկանքներն էին անիմաստ։ Աշոտ Բլեյանն էլ ասում է՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի, որ 92-ին գնում էի Բաքու եւ ազերիների հետ ուզում էի պայմանավորվել եւ Արցախն էլ հանձնել նրանց։ Այս «հաղթանակի» գիտակցության մեջ, իհարկե, պարզ մարդկային չարախնդություն է եւ մեր ազգի պարտության համար թաքուն ուրախություն։ 

Բայց այս մարդիկ չեն հասկանում, որ եթե անգամ այսօր մենք հետ ենք շպրտվել 90-ականներ եւ ստիպված ենք նորից՝ զրոյից սկսել Ացախի համար պայքարը, դա դեռ չի նշանակում, որ իրենք ճիշտ էին եւ այս պայքարն անիմաստ էր եւ անիմաստ է Արցախի ձգտումը՝ անկախության եւ իր ստեղծած պետության ճանաչման համար։ Եւ առավել եւս չի նշանակում, որ Հայաստանը պետք է ձեռքերը լվանա եւ մեր հայրենակիցների պաշտպանության գործից հետ քաշվի՝ թշնամու դեմ նրան թողնելով մենակ ու անպաշտպան։ Որքանով թանկ եւ նվիրական է Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախ պետություն լինելու ձգտումը (հուսով ենք՝ այս մարդիկ գոնե դրանում մեզ հետ համերաշխ են), նույնքան թանկ ու նվիրական է Արցախի ձգտումը՝ լինել անկախ եւ ինքնիշխան, Ադրբեջանի տիրապետությունից դուրս։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image