Այլ

Մասկի մարտահրավերն ու ԱՄՆ ապագան

Մասկի մարտահրավերն ու ԱՄՆ ապագան

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, որը մինչեւ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջ ձեռքն էր համարվում, նրա հետ ունեցած սկզբունքային տարաձայնություններից հետո լքեց կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնը եւ հայտարարեց նոր կուսակցության ստեղծման մասին՝ մարտահրավեր նետելով հանրապետականների եւ դեմոկրատների գերիշխանությանը։ 

«2։1 հարաբերակցությամբ դուք ուզում եք նոր քաղաքական կուսակցություն եւ դուք կստանաք այն»,- գրել է Մասկն X սոցցանցում՝ իր հետեւորդների շրջանում հարցում անցկացնելուց հետո։ ««Ամերիկա» կուսակցությունը ստեղծվել է ձեզ վերադարձնելու ձեր ազատությունը»,- ասել է նա։ Այդուհանդերձ, հուլիսի 5-ի դրությամբ ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովը չէր հրապարակել որեւէ փաստաթուղթ, որը կվկայեր նոր կուսակցության ստեղծման մասին։ Հայտնի է, որ Մասկը քարոզարշավի ընթացքում բանավոր եւ ֆինանսապես աջակցել է Թրամփին: Ավելի ուշ, ԱՄՆ 47-րդ նախագահի հետ՝ երկրի նոր բյուջեի շուրջ ունեցած անհամաձայնությունների պատճառով նա բավականին կոշտ ձեւակերպումներ է արել Թրամփի հասցեին, այդ թվում՝ հայտարարելով, թե առանց իր օգնության նա չէր կարողանա նախագահ ընտրվել: 

Ամերիկյան եւ արտասահմանյան այլ ԶԼՄ-ներում արդեն իսկ վարկածներ են շրջանառվում, որ միլիարդատեր բիզնեսմեն Մասկը Միացյալ Նահանգների ղեկավար դառնալու հավակնություններ ունի, թեպետ նման հնարավորությունը սահմանադրապես բացառվում կամ արգելվում է: Այդ մասին, սակայն, մի փոքր հետո: Ժամեր առաջ Մասկը կրկին քննադատեց Թրամփի բյուջեն՝ չարդարացված վատնումների եւ ազգային պարտքի կուտակման համար։ «Մեր երկիրը վատ կառավարման եւ կոռուպցիայի միջոցով կործանելու առումով մենք ապրում ենք միակուսակցական համակարգում, այլ ոչ թե ժողովրդավարության մեջ»,- գրել է գործարարը։ Նշենք, որ դեմոկրատական եւ հանրապետական կուսակցությունները Միացյալ Նահանգներում իշխանության են եկել 19-րդ դարի կեսերից ի վեր, երկրում եղել են այլ կուսակցություններ։ Մասկն ավելի հեռավոր անցյալում աջակցել է դեմոկրատներին, բայց այդ ժամանակվանից ի վեր նա զգալիորեն տեղափոխվել է աջ, ուստի նրա ստեղծելիք կուսակցությունը՝ «Ամերիկան», կարող է ավելի շատ ձայներ ստանալ հանրապետականներից։ Միլիարդատերը մինչ այժմ որոշակիորեն բացահայտել է իր ապագա քաղաքական ռազմավարությունը։ Նա չի կարողանա անձամբ առաջադրվել նախագահի պաշտոնում, քանի որ ծնվել է Միացյալ Նահանգներից դուրս (ԱՄՆ սահմանադրության 2-րդ հոդվածը սովորաբար մեկնաբանվում է այսպես՝ Միացյալ Նահանգներում չծնված անձը չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը)։ 

Ի դեպ, դեռ 2024-ի դեկտեմբերին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե Իլոն Մասկը պետության ղեկավարի պաշտոնում չի կարողանա փոխարինել իրեն՝ կարծես կանխատեսելով անկանխատեսելի միլիարդատիրոջ հավանական կամակորություններն ու հավակնությունները: Այդ մասին Թրամփը հայտարարեց Արիզոնայում կայացած համաժողովում ունեցած ելույթի ժամանակ՝ անդրադառնալով այն լուրերին, թե ինքն իբր նախագահական ղեկը զիջել է Մասկին: Քաղաքական գործիչը բացատրեց, որ դա սուտ է: Մասկը նախագահ չի դառնա, քանի որ չի ծնվել Միացյալ Նահանգներում: Հետեւաբար, ինչպես ընդգծել է Թրամփը, այդ առումով նա իրեն անվտանգ է զգում։ Բանն այն է, որ Իլոն Մասկը ծնվել է 1971 թվականին՝ Հարավային Աֆրիկայի Հանրապետության (Հարավային Աֆրիկա) մայրաքաղաք Պրետորիայում: Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Կանադա, մի քանի տարի անց տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Փաստորեն, միջանձնային հակասությունների եւ ամբիցիաների կծիկն ավելի վաղ է սկսել հյուսվել: Թրամփն արդեն մեկնաբանել է Մասկի՝ սեփական կուսակցությունը ստեղծելու ծրագրերը: Նշել է, որ տխուր է տեսնել իր նախկին դաշնակցի՝ «ռելսերից ընկնելը»։ «Տխուր է տեսնել, թե ինչպես է Իլոն Մասկը լիովին դուրս գալիս ռելսերից՝ ըստ էության, վերածվելով աղետի` վերջին հինգ շաբաթների ընթացքում։ Նա նույնիսկ ցանկանում է ստեղծել երրորդ քաղաքական կուսակցություն, չնայած այն հանգամանքին, որ նրանք երբեք հաջողության չեն հասել Միացյալ Նահանգներում. համակարգը, կարծես, նրանց համար նախատեսված չէ։ Միակ բանը, որի համար երրորդ կուսակցությունները լավն են, լիակատար եւ ամբողջական ոչնչացում եւ քաոս ստեղծելն է, եւ մենք բավականաչափ ունենք դրանից՝ արմատական ձախ դեմոկրատների հետ, ովքեր կորցրել են իրենց վստահությունն ու միտքը»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում։ 

Այս տարվա հունիսին Մասկը, կարծես, վերջնականապես ուրվագծեց իր քաղաքական կողմնորոշման հեռանկարը: Ջեյ Դի Վենսն ԱՄՆ լավագույն փոխնախագահն է եւ «մեր ապագա նախագահը»՝ հայտարարեց էքսցենտրիկ ձեռնարկատերը: Հատկանշական է, որ ԱՄՆ սահմանադրությունը նույն անձին թույլ չի տալիս երկու ժամկետից ավելի ծառայել որպես պետության ղեկավար: ԱՄՆ փոխնախագահը կարող է գործել որպես պետության ղեկավար, եթե նախագահը չի կարողանում դա անել մի շարք պատճառներով, ինչպիսիք են հոսպիտալացումը կամ մահը: Այսպես, 1963 թ. նոյեմբերին, Ջոն Քենեդու սպանությունից հետո, նրա հետ փոխնախագահ ընտրված Լինդոն Ջոնսոնը դարձավ ԱՄՆ նախագահ: Ի դեպ, եթե Քենեդու դեմ մահափորձն ավարտվեց նրա սպանությամբ, ապա Թրամփի դեպքում գրեթե հրաշք կատարվեց. 2024 թ. ընտրարշավի ընթացքում նրա դեմ առնվազն երկու մահափորձ եղավ, որոնցից մեկի ժամանակ նա վիրավորվեց ականջից։ Թրամփը 78 տարեկան է: Նա երկու անգամ դարձել է ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահը, երբ զբաղեցրել է պաշտոնը: Հանրապետականը նրա տարիքը խոչընդոտ չի համարում եւ պնդում է, որ լավ է հաղթահարում ճանաչողական թեստերը եւ գտնվում է կատարյալ ֆիզիկական վիճակում։ Իսկ ահա փոխնախագահ Վենսը 40 տարեկան է: Ժամանակին նա բազմիցս քննադատել է Թրամփին, հայտարարել, որ «չի կարողանում տանել» նրան, եւ նույնիսկ անվանել է «ամերիկացի Հիտլեր»։ Հետագայում նա փոխեց իր տեսակետները հանրապետականի մասին՝ նշելով, որ սխալվում է նրա հարցում։ Նա սենատոր դարձավ Օհայոյից՝ 2022-ին։ Կարծիքի նման ռադիկալ փոփոխությունը վկայում է Վենսի ոչ պակաս հավակնոտ ու կարիերիստ լինելու մասին: Բայց խոսքն առայժմ Թրամփ-Վենս հնարավոր դիմակայության եւ մրցակցության մասին չէ: 

Թե ինչ հանգուցալուծում եւ արդյունք կունենա Թրամփ-Մասկ քաղաքական առճակատումը կամ առնվազն մրցակցությունը՝ առայժմ վաղ է խոսելը, հատկապես՝ ԱՄՆ-ի պես խորքային պետության դեպքում, երբ որոշումների կայացման վրա տակավին ազդում են կուսակցական համակարգի երկու հեգեմոնները՝ հանրապետականները եւ դեմոկրատները, եւ բնավ ոչ անձերը, թեկուզ՝ Թրամփի եւ Մասկի պես խարիզմատիկ ու ազդեցիկ: Բայց որ երրորդ խոշոր կուսակցության ստեղծումը կարող է խառնել ներամերիկյան քաղաքական խաղաքարտերը, ենթադրելի է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image