Քաղաքականություն

«Հրապարակ». Ինչում է մեղադրվում Արսեն Կարոյանը

«Հրապարակ». Ինչում է մեղադրվում Արսեն Կարոյանը

Նախորդած օրերին Երեւանի քաղաքապետարանի նախկին եւ ներկա մեկ տասնյակից ավելի պաշտոնյաներ ձերբակալվեցին։ «Հրապարակը» գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում 12 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի, որոնցից 3-ը գործող պաշտոնյաներ են, 2-ը՝ նախկին։ Նրանցից ոմանք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ։ Երեւանի քաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներն են՝ հասարակական կարգի պահպանության վարչության պետ Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը: Երեկ դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը ձերբակալված Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի նկատմամբ, եւ, որպես խափանման միջոց, կիրառվեցին վարչական հսկողություն, գրավ եւ չբացակայելու արգելք։ Կարոյանի պաշտպան Պետրոս Պետրոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ 

«Մեղադրվում է Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով։ Կարոյանի գործը քննվում է այն նույն վարույթի տակ, ինչ Գյուլզադյանի, բայց, ենթադրաբար, արարքը, որը վերաբերում է Կարոյանին, կապ չունի Գյուլզադյանի՝ կաշառք վերցնելու հետ»,- ասաց փաստաբանը։

Ե՞րբ է տեղի ունեցել ենթադրյալ հանցանքը, ովքե՞ր են ներգրավված։ Պետրոսյանն ասաց՝ գործը նախաքննության փուլում է, շատ տվյալներ չի կարող հրապարակել, վստահեցնում է՝ իր պաշտպանյալին վերագրում են այնպիսի արարքներ, որն ինքը չի կատարել։ Ըստ մեղադրանքի՝ Կարոյանի ենթադրյալ հանցանքի պատճառով ինչ-որ կազմակերպություն վնաս է կրել։ «Նախաքննության մարմինն էլ չի կողմնորոշվում, թե ինչը պիտի կատարեր, որ չի կատարել, մեղադրանքն այս փուլում շատ անորոշ է, դրա համար էլ դատարանն այս փուլում կալանք չկիրառեց»,- նշեց նա։

Կարոյանի դրվագն ամբողջ մեծ գործի մի փոքր հատվածն է, որը, ըստ պաշտպանի, կապ չունի մյուս մեղադրյալների հետ։ Նախաքննական մարմինն օպերատիվ հետախուզական գործողություններ է իրականացրել, հաղորդման հիման վրա բոլորին ձերբակալել են նույն վարույթի շրջանակում։ Կարոյանին չի մեղսագրվում այն, ինչը քաղաքապետարանի մյուս պաշտոնյաներին, եւ հակառակը։ «Հնարավոր է հետագայում ինչ-որ փոփոխություններ լինեն, սակայն մեր ձեռքի տակ եղած տվյալները միայն սա է»,- ասաց նա։

Արդյո՞ք, քրեական վարույթով պայմանավորված, Կարոյանի պաշտոնավարումը կդադարեցվի, աշխատանքի կարո՞ղ է գնալ, թե՞ ոչ։ Փաստաբանը հստակ չգիտի, ասում է՝ իր նկատմամբ կիրառված վարչական հսկողության մասով սահմանափակումներ կան։

«Եթե աշխատանքի գնալն ընկավ այդ սահմանափակումների տակ, ժամանակավորապես աշխատանքի չի գնա։ Իսկ պաշտոնավարումը դադարեցնելու մասով, դա առանձին խափանման միջոցի տեսակ է, Կարոյանն այս պահի դրությամբ պաշտոնից ազատված չէ»,- ընդգծեց նա։ 

Երեկ գրել էինք, որ Արամ Գյուլզադյանի կալանքի որոշումը բողոքարկվել է, դատարանի վարույթ է ընդունվել, բայց դեռ որոշում չկա։ Նշենք, որ մի քանի ամսում քաղաքապետարանի մեկ տասնյակից ավելի աշխատակից է ձերբակալվել։ 4 ամիս առաջ էլ իրավապահները Կենտրոն վարչական շրջանի չորս աշխատակցի էին կալանավորել՝ կաշառք ստանալու մեղադրանքով: Դրանից առաջ էլ քննիչներն Արաբկիր վարչական շրջանից բերման էին ենթարկել վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, որին նույնպես մեղադրեցին կաշառք ստանալու եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով: Այս գործով եւս 12 մեղադրյալ կա, այդ թվում՝ Արաբկիրի վարչական ղեկավարը։ Քրեական գործն արդեն դատարանում է:

Կալանավորված պաշտոնյաները Տիգրան Ավինյանի մտերիմներն են, ժամանցի ընկերները։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ ձերբակալելով ու պաշտոնանկ անելով Ավինյանի մտերիմներին՝ Նիկոլ Փաշինյանը մեսիջներ է ուղարկում նրան։ Պատահական չէր նաեւ Արաբկիրի ղեկավարի ձերբակալությունը, որը դեռ կալանքի տակ է: Այսպես Փաշինյանը հասկացնում է, որ «ցարն» ինքն է ու թույլ չի տալու Ավինյանին՝ իր թիմը հավաքել, ուժեղանալ, ավելի բարձր պաշտոնի հավակնել։ Նա հենց այդ նպատակով էլ փոխքաղաքապետ էր կարգել ԱԻ նախկին փոխնախարար Արմեն Փամբուխչյանին, որը պետք է հսկեր ու ինֆորմացիա փոխանցեր իրեն Ավինյանի գործողությունների մասին։ Բացի այդ, Փամբուխչյանը քաղաքապետի «պահեստային» տարբերակն էր, որ Փաշինյանը ցանկացած պահի կարողանա հեռացնել Տիգրան Ավինյանին եւ ավագանու կազմից նոր քաղաքապետ նշանակել, ինչպես արեց Հայկ Մարությանի դեպքում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image