Հոկտեմբերի 30-ին Երևան-Էջմիածին ճանապարհին կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար (10 կմ)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը․
«Սիրով հրավիրում ենք մասնակցելու այս հետաքրքիր և առողջարար միջոցառմանը։ 4 տարիքային խմբերի 80 առաջատարները կպարգևատրվեն 50,000-1,000,000 դրամ մրցանակներով»,- գրել է Սարգսյանը։
Գաղափարն, իհարկե, փայլուն է, այն նույնիսկ կարելի է զարգացնել՝ ներառելով ողջ ՔՊ-ն, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրն էլ արժանի է, որ իր անունով մի մրցաշար անցկացվի։ Հատկանշական է, որ «Վարչապետի գավաթը» խաղարկվում է հենց վազքի մրցաշարում, քանի որ Նիկոլ Փաշինյանը սերտ կապ ունի սպորտի՝ հատկապես վազքի, քայլքի և հեծանվային սպորտի հետ։ Նույն կերպ նաև կարելի է այլ ոլորտներում ևս նման մրցույթներ անցկացնել։ Օրինակ՝ կարելի է փիլիսոփայության ոլորտում սահմանել «Հովիկ Աղազարյանի անվան մրցանակ», Հայաստանի բոլոր փիլիսոփաները կհավաքվեն, և ում հաջողվի բացատրել Աղազարյանի միտքը, նա էլ կհաղթի մրցույթը։ Կամ, օրինակ, «Արփի Դավոյանի անվան շուտասելուկների մրցույթ», որի ժամանակ հաղթող կճանաչվի այն մասնակիցը, որն ամենաշատը անդադար կարտասանի «թալանչի» բառը, և կապացուցի, որ Ռոբերտ Քոչարյանը գողացել է իր մանկությունը։
Կարելի է անցկացնել նաև «Վահագն Ալեքսանյանի անվան սումոյի մրցաշար»։ Մասնակիցները պետք է կարողանան ոտքի մեկ հարվածով տապալել հակառակորդին։ Խոսքի ազատության ոլորտում կարելի է բաժանել «Արթուր Հովհաննիսյան» մրցանակը, նույնիսկ կարելի է անվանակարգեր սահմանել՝ «Տարվա լավագույն հերքում», «Լավագույն մանիպուլյացիա», և «լավագույն կեղծ լուր», հատուկ մրցանակ կտրվի նրանց, ովքեր լավագույնս կփակեն մամուլի բերանը, իսկ հաղթողները բացի բուն գավաթից կուշտ փորով հաց կուտեն Հայաստանի զորամասերից մեկում։
Խաղաղության և մարդասիրության բնագավառում կարելի է սահմանել «Վաղարշակ Հակոբյան» մրցանակը, մասնակիցները պետք է կարողանան 30 րոպե խոսել առանց ագրեսիայի և մուննաթի, այն կանցկացվի «Ո՛չ ագրեսիային» կարգախոսի ներքո։ Կարելի է անցկացնել նաև «Հայկ Սարգսյանի անվան փոխանցումավազգքի մրցաշար»․ մասնակիցները պետք է լրագրողից խլեն բջջայինը ( Ցանկալի է «Այֆոն»), և այն հնարավորինս արագ փոխանցեն թիմակցին։
Զինված ուժերի լավագույն զինվորներին կարելի է պարգևատրել «Անդրանիկ Քոչարյան» գերատեսչական շքանշանով, մշակույթի ոլորտում՝ «Լիլիթ Մակունց»։ Ցուցարարներին լավագույնս ծեծող ոստիկաններին կարելի է պարգևատրել «Դանիել Իոաննիսյան մեդալով» կամ Ռոմանոս Պետրոսյանի անվան «Միշտ կանգուն» շքանշանով։
Կարելի է բացել նաև «Արսեն Թորոսյանի խոսքը» աթեիստական եկեղեցի և Սահմանադրությամբ այդ եկեղեցուն տալ հատուկ կարգավիճակ։ Ամեն տարի՝ փետրվարի 31-ին կարելի է անցակցնել Հակոբ Արշակյանի անվան մրցաշար, որում պետք է ջարդել լրագրողների նոութբուքերը, ինչպես նաև հեռուստատեսությամբ սկսել նոր խաղային շոու՝ Ռուբեն Ռուբինյանի անվան «Կարմիր, թե Սև» խաղը, որում մասնակիցները ընդամենը պետք է կարողանան ճիշտ սեղմել այն կոճակը, որի գույնը կվառվի հեռուստաէկրանին։