Ֆեյսբուքյան կոշտ գրառման համար հոկտեմբերի կեսերին անհարկի դաժանությամբ` նվաստացվելով բերման ենթարկվեց, ապա կալանավորվեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը: Կատարվածը մեծ աղմուկ բարձրացրեց, փաստաբանի կինը, որ նոր էր ծննդաբերել, օրեր անց հայտնվեց հիվանդանոցում, եւ միայն դրանից հետո նրա նկատմամբ խափանման միջոցը փոխեցին: Կոչուբաեւի գործով նախաքննությունը տեւել է ընդամենը 1 շաբաթ, գործն ուղարկվել է դատարան, եւ արդեն նույնիսկ կայացել է նախնական դատալսումը։ Այժմ փաստաբանն ազատության մեջ է, կալանքը փոխարինվել է չբացակայելու արգելքով, իսկ հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 12-ին։ Դատարանը քննելու է խափանման միջոցի հարցը։
Ալեքսանդր Կոչուբաեւը դատարանից արագ քննություն է ակնկալում։ «Եվս մեկ նիստ, ու կա՛մ կդատեն, կա՛մ կթողնեն»,- ասում է նա մեզ։ Կոչուբաեւին այդ մեղադրանքով սպասվում է 2-5 տարի ազատազրկում, եթե դատարանն այդ աբսուրդ մեղադրանքով չարդարացնի նրան: Եվ քանի որ նա իր մեղքը չի ընդունում, պայմանական պատիժ էլ չեն կարող կիրառել։
Հիշեցնենք․ Կոչուբաեւին զայրացրել էր հոգեւորականների կալանավորումը, եւ նա Ֆեյսբուքում դատախազներին ու դատավորներին մի գրառում էր նվիրել` առանց անուններ հնչեցնելու, անվանել էր վիժվածքներ, հոգին սատանային վաճառածներ, շան տղաներ: Բայց նրան մեղադրում են ոչ թե վիրավորանքի համար, որը Հայաստանում քրեական հանցանք չի համարվում, այլ` դատախազների, քննիչների ու դատավորների հասցեին արատավոր տեղեկություններ տարածելու հոդվածով (ՀՀ ՔՕ 490-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Թե այդ որակումներից որն է արատավոր տեղեկություն, դժվար է ասել:
«Այդ հոդվածը հասցեատեր է ուզում` կոնկրետ քննիչ, կոնկրետ դատավոր, կոնկրետ դատախազ, բայց իմ գրածը գլոբալ է, կրոնական հայացքի արտահայտություն է»,- ասում է Ալեքսանդր Կոչուբաեւը՝ պատասխանելով հարցին, թե որն է իրեն նման մեղադրանք առաջադրելու հարցում ամենակոպիտ խախտումը։ Ըստ փաստաբանի, իշխանության համար բարդ է լինելու իրեն դատելը, քանի որ միջազգային բացասական արձագանքները շատ են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորը ողջունել էր Կոչուբաեւին՝ արձագանքելով նրա ապօրինի կալանավորմանը եւ քրեական հետապնդմանը։ «Խստորեն դատապարտում եմ նրա դեմ առաջադրված քրեական մեղադրանքները եւ կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին՝ անմիջապես դադարեցնել դրանք։ Պարոն Կոչուբաեւը քրեական հետապնդման է ենթարկվել Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների դեմ անարդար հալածանքները քննադատելու համար, որոնք գլխավորել էին 2024 թվականի խաղաղ բողոքի ցույցերը»,- գրել էր հատուկ զեկուցողը։
Միջազգային պրակտիկայի կոպիտ խախտում էր նաեւ այն, որ ձերբակալությունից հետո խուզարկություն են անցկացրել փաստաբանի տանը եւ առգրավել նրա էլեկտրոնային կրիչները, որոնցում կան փաստաբանական գաղտնիքներ պարունակող եւ վստահորդների շահերին առնչվող տվյալներ։
Կոչուբաեւի վստահորդների թվում է Սրբազան պայքարի գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանը, որի մեղքն այն է եղել, որ նա, նմանակելով վարչապետ Փաշինյանին, տանը եղած-չեղածով` հին երշիկով ձվածեղ է սարքել ու տեսանյութը տեղադրել Տիկ Տոկում։ Նյութի վերջում էլ, դիմելով վարչապետին, ասել է․ «Սրա իմաստն այն է, որ պետք է անշնորհքի նման ձվածեղը դնել դեմդ` Սուրբ Զատիկի օրով, ու ձվածեղ ուտել, պարոն Փաշինյան»։
«Ձվածեղ է սարքել լայվով, որով վերարտադրել է վարչապետի՝ ձվածեղ պատրաստելու տեսանյութը, եւ սրա հիման վրա նրան մեղադրել են ահաբեկչության նախապատրաստություն կատարելու մեջ»,- ասում է Ալեքսանդր Կոչուբաեւը։ Փաստաբանը մեզ հայտնեց, որ Արմեն Ալեքսանյանի կալանքը եւս փոխարինվել է տնային կալանքով։ «Դատարանն արձանագրել է, որ ռիսկերը նվազել են, եւ առկա է այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորություն։ Բայց այս որոշումն ինքնին հիմնավորում է, որ այս ողջ ընթացքում էլ կալանքը եղել է ապօրինի, որովհետեւ հենց առաջին օրվա` կալանքը տալու եւ այսօրվա իրավիճակի մեջ ոչ մի տարբերություն չկա։ Այն, ինչի համար իմ պաշտպանյալին կալանավորել են, այդ ենթադրական ռիսկերը նաեւ առկա են այսօր, ինչը նշանակում է, որ զուտ խնդիր կար այդ մարդուն ազատազրկել»։
Հիշեցնենք նաեւ, որ երբ Կոչուբաեւը կալանավորված էր, Արմեն Ալեքսանյանը հավատարիմ էր մնացել իր պաշտպանին, դատարանում պնդել էր, որ իր փաստաբանից չի հրաժարվում, այլ փաստաբան էլ չի կամենում: