Հետաքրքիր էր, չէ՞, թե Նիկոլ Փաշինյանն ինչ գործ ուներ Շանհայի համագործակցության կազմակերպության հավաքին կամ Պեկինում Ճապոնիայի դեմ Չինաստանի հաղթանակի առիթով կազմակերպված ռազմական շքերթներին: Հիմա այս հարցերի պատասխանը պարզ է, նրան գործուղել էին այդ միջոցառումները հարամելու եւ պղծելու համար, ինչը նա փորձեց իրականացնել: Ռազմական շքերթին մասնակցելուց հետո Փաշինյանը մի գրառում արեց. «Պեկինում մասնակցեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին»:
Սա ե՛ւ կեղծիք է, ե՛ւ առաջին հերթին վիրավորանք իրեն Չինաստան հրավիրած Չինաստանի ղեկավարության եւ չին ժողովդի նկատմամբ: Այն պարզ պատճառով, որ այն միջոցառումը, որին հրավիրված էր եւ որին մասնակցում էր Փաշինյանը, ամենեւին էլ նվիրված չէր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, այն շատ կոնկրետ անվանում ուներ. «Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում ճապոնացի զավթիչների դեմ չին ժողովրդի հաղթանակի 80-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված հանդիսավոր ռազմական շքերթ»: Այս ձեւակերպումը նշված է պաշտոնական փաստաթղթերում, ռազմական շքերթը տարբեր լեզուներով հեռարձակվում էր Չինաստանի հեռուստաընկերությունների կողմից: Մի՞թե Փաշինյանը չգիտեր, թե ինչպես է կոչվում այդ միջոցառումը, եւ իմանալով ինչո՞ւ է խեղաթյուրում դրա անվանումը:
Նախ սկսենք նրանից, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվել է ոչ թե սեպտեմբերի 3-ին, այլ՝ սեպտեմբերի 2-ին, եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի պաշտոնական ավարտի հետ Չինաստանը կապ չունի. Ճապոնիայի կապիտուլյացիան, որը համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, ստորագրել են մի կողմից ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ մյուս կողմից՝ Ճապոնիան: Չինաստանի ներկայացուցիչը Ճապոնիայի կապիտուլյացիան ընդունել է ավելի ուշ՝ սեպտեմբերի 9-ին:
Հայտնի է, որ արեւմտյան երկրները թեեւ հրավիրված էին այդ միջոցառմանը, սակայն մի քանի հայտնի բացառություններով` Սլովակիա, Սերբիա, Բուլղարիա բոյկոտել էին Չինաստանի հրավերը: Արեւմտյան աշխարհը Չինաստանին դիտարկում է որպես իր հիմնական տնտեսական եւ ռազմաքաղաքական հակառակորդ: Չինաստանը դարձել է գերտերություն, որն այլեւս հանդես չի գալիս որպես արեւմտյան աշխարհի սպասարկու իր հանքահումքային ռեսուրսներով եւ էժան աշխատուժով, այլ նորարարության վրա հիմնված արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրանքով համաշխարհային շուկաներից դուրս է մղում արեւմտյան երկրներին եւ նրանց արտադրողներին: Ընդհակառակը՝ արեւմտյան աշխարհի տարածաշրջանի հիմնական դաշնակիցը Ճապոնիան է: Ինչպե՞ս կարող էին արեւմտյան երկրներն ընդունել այդ հրավերը, գնալ իրենց թշնամի երկիր՝ տոնելու իրենց դաշնակցի նկատմամբ նրա տարած հաղթանակը: Հիմա Փաշինյանը գնացել է Պեկին, բայց մի հարամ բան պետք է անի, եւ նա հայտարարում է, որ գնացել է այնտեղ՝ նշելու ոչ թե Չինաստանի հաղթանակը Ճապոնիայի եւ ճապոնացի զավթիչների նկատմամբ, այլ Երկրորդ համաշխարհային պատերազմում արեւմտյան երկրների` ԱՄՆ-ի Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հաղթանակը: Սա նրա գրառման, այսպես կոչված, աշխարհաքաղաքական կողմն է:
Փաշինյանն իր կարճ տեքստում չի գրել երեք կարեւոր բառ, որոնք առկա էին միջոցառման պաշտոնական անվանման մեջ` հաղթանակ, ռազմական եւ զավթիչ: Ինչպես ասացինք, Չինաստանն այդ շքերթը կազմակերպել էր Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի առիթով: Սկսած 1931 թվականից՝ Ճապոնիան հարձակումներ էր գործում Չինաստանի դեմ եւ հետեւողականորեն տարածքներ էր գրավում: Չինաստանը դիմադրում էր, սակայն ճապոնական բանակն իր տեխնիկական եւ կազմակերպչական առավելությունների շնորհիվ կարողանում էր հաղթանակներ տանել: Միայն ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի՝ պատերազմի մեջ մտնելը եւ Ճապոնիային ջախջախելը օգնեցին Չինաստանին եւ չինական բանակին՝ ազատագրել երկիրը ճապոնացի զավթիչներից: Փաշինյանի համար հաղթանակը մերժելի հասկացություն է, նա պարտության սիրահար եւ քարոզիչ է: Այնպես որ, նա չէր կարող գրել, թե ինքը ներկա է եղել հաղթանակի առիթով կազմակերպված միջոցառման:
Մյուս բառը ռազմականն է. Փաշինյանը գրում է շքերթ, բայց չի գրում, որ այդ շքերթը ռազմական էր: Օրինակ, ԽՍՀՄ-ում եւս մայիսի 1-ին անցկացվում էին շքերթներ, բայց դրանք ռազմական չէին, նվիրված էին աշխատանքի եւ աշխատավորների փառաբանմանը: Փաշինյանի համար «ռազմական» բառը եւս մերժելի է: Ինքը ոչ մի ռազմականի հետ կապ չունի, ինքը ապառազմականացման կողմնակից է եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի պարտադրանքով ապառազմականացնում է Հայաստանը:
Եվ երրորդ, գուցե ամենակարեւոր բառը, որ նա հանել էր պաշտոնական ձեւակերպումից, «զավթիչներ» բառն է: Ինչու, որովհետեւ եթե օգտագործեր այդ բառը, տրամաբանական հարց կառաջանար. ինչպե՞ս է Փաշինյանը մասնակցում Չինաստանի կողմից իր երկրի տարածքը ճապոնացի զավթիչներից ազատագրելու միջոցառմանը, երբ այդ նույն ժամանակ ինքը հանդուրժում է Հայաստանի տարածքում ադրբեջանցի զավթիչների առկայությունը: Գուցե իմաստ ունի նախ սեփական երկիրն օտար զավթիչներից ազատագրել, հետո նոր գնալ եւ ուրիշների հետ նշել նրանց հաջողությունները:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Փաշինյանը ճիշտ կաներ, եթե ընդհանրապես չմեկներ այդ միջոցառմանը, ուղղակի նրա համար դա հարմար առիթ էր՝ շփվելու, լուսանկարվելու եւ հաճոյանալու իր սյուզերեններին` Էրդողանին եւ Ալիեւին: Ձեռքի հետ էլ իր արեւմտյան վերադասի հանձնարարությամբ պղծելու Չինաստանի նման հզոր երկրի կազմակերպած ռազմական շքերթը: