Այլ

Իրանը կոչ է անում Երևանին ու Բաքվին զսպվածություն ցուցաբերել. Ս. Խաթիբզադե

Իրանը կոչ է անում Երևանին ու Բաքվին զսպվածություն ցուցաբերել. Ս. Խաթիբզադե

Արձագանքելով այն խնդիրներին, որոնք ծագել են Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանների երկայնքով, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը երկու կողմերին էլ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խուսափել տարաձայնությունները բորբոքելուց:

Գրել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր ու զգայուն հետևում է երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանների երկայնքով վերջին մի քանի օրվա զարգացումներին», - ուրբաթ հայտարարել է ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:

Նա հավելել է, որ «Իրանը հույս ունի, որ վեճը հնարավորինս շուտ կկարգավորվի երկու կողմերի խոհեմությամբ ու խաղաղ ուղիներով»։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծում է տարածաշրջանում կայունություն և հանդարտություն պահպանելու անհրաժեշտությունն ու կոչ անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, խուսափել տարաձայնությունները բորբոքելուց ու հարգել երկու երկրների սահմանները»,- նշել է հարավային հարևան երկրի դիվանագիտության խոսնակը։

«Խաթիբզադեն նաև արտահայտեց Իրանի պատրաստակամությունը՝ նպաստելու երկու երկրների տարաձայնությունները խաղաղ կարգավորելուն, ներառյալ՝ վերջին վեճը», - եզրափակել է «Մեհրը»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image