Հայտնի է ՊԵԿ նոր նախագահը

Հայտնի է ՊԵԿ նոր նախագահը

Պետական եկամուտների կոմիտեում Դավիթ Անանյանի հրաժարականը միակը չէ,  մենք տեղեկացանք, որ եւս 6-7 հոգի հրաժարականների դիմումներ են գրել, պարզապես  այդ մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն տրվել:
Ըստ մեր աղբյուրների՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՊԵԿ նախագահի տեղակալներ Ռաֆիկ Մաշադյանը, Միքայել Փաշայանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը, եւս 3-4 աշխատակից:
Հրաժարականների այս շքերթը նախեւառաջ պայմանավորված է  Դավիթ Անանյանի նկատմամբ վերաբերմունքով, սակայն աղբյուրները չեն բացառում, որ այս պաշտոնյաներին հարմար առիթ էր պետք, կուտակված դժգոհություններ են եղել աշխատանքի եւ վարվող քաղաքականության հետ կապված: Նիկոլ Փաշինյանը արդեն ստորագրել է նաեւ Անանյանի փոխարինողի հրամանագիրը, ՊԵԿ նախագահի պաշտոնում է նշանակել ՊԵԿ նախագահի տեղակալ, 37-ամյա  Էդվարդ Հովհաննիսյանին: Հովհաննիսյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի «մարդն» է եւ ըստ ամենայնի Բադասյանի առաջարկով է այս նշանակումն արվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեր աղբյուրներին հղում անելով՝ գրել էինք նաեւ ՊԵԿ նախագահի հրաժարականի պատճառը եղել են նախօրեին Արարատյան մաքսատանն արված լուսանկարները, որտեղ մարդիկ էին խռնված, հարուցել են վարչապետի զայրույթը եւ նա պահանջել է ՊԵԿ նախագահից՝ աշխատանքից անհապաղ ազատել այդ մաքսատան ղեկավար Մհեր Մարտիրոսյանին։ Սակայն Անանյանը հրաժարվել է կատարել վարչապետի պահանջը, դա հիմնավորելով նրանով, որ Մարտիրոսյանը երկարամյա մասնագետ է, իր գործի պրոֆեսիոնալը եւ ՊԵԿ նախագահը անարդար ու անիմաստ է համարել մարդկանց կուտակումների համար մաքսային գործի մասնագետին աշխատանքից ազատելը։
Ըստ ամենայնի, վարչապետը հերթական անգամ պնդել է իրենը եւ ամեն ինչ ավարտվել է Դավիթ Անանյանի հրաժարականով։