Հովհաննես Ազնաուրյան. Մանրապատումներ

Հովհաննես Ազնաուրյան. Մանրապատումներ

Հովհաննես Ազնաուրյանը լայնորեն հայտնի է գրական շրջանակներում։ Նա վերջերս է վերադարձել Մոսկվայից, ուր հրավիրված էր «Էտաժի» գրական ամսագրի մրցանակաբաշխությանը եւ արժանացել է մրցանակի՝ «Լավագույն արձակ ստեղծագործության» համար։ 

Ստեղծագործում է ռուսերեն։ Ծնվել է 1974 թվականին։ Ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետը։ Տպագրվել է ռուսալեզու «Литературная Армения» (Հայաստան), «Эмигрантская Лира» (Բելգիա), «Новый свет» (Կանադա), «Время и место» (ԱՄՆ), «Радуга» (Ուկրաինա), «Нева», «Дружба народов», «Октябрь», «Урал» (Ռուսաստան), ինչպես նաեւ, թարգմանաբար, «Գարուն», «Անդին», «Գրական թերթ», «Գրեթերթ» գրական պարբերականներում։

Հեղինակ է երեք գրքի՝ «Симфония одиночества» («Միայնության սիմֆոնիա», Երեւան, 2010), «Симфония ожидания» («Սպասման սիմֆոնիա», Երեւան, 2014), «Три церкви» («Երեք եկեղեցի», ԷԿՍՄՕ, Մոսկվա, 2019): 2015 թվականին անցել է «Ռուսկի Գուլիվեր» ամսագրի մրցույթի եզրափակիչ փուլը, Ի․ Բաբելի անվան 2018 թ․ մրցանակակիր է, «Էտաժի» ամսագրի 2019 թ․ մրցանակակիր։ Կովկասյան գրողների ակումբի, հայաստանյան «Pen» («Գրիչ») ակումբի անդամ է։ 


ԱՄՊՐՈՊԸ

Ամպրոպը որոտաց հանկարծ, անսպասելի, ու մարդիկ նետվեցին դեպի խանութները, շենքերը, ծածկերի տակ։ Որոտին, հավատարիմ ծառայի պես, հետեւում էր կայծակը, ու անձրեւի ծանր կաթիլները պայթում էին՝ պղպջակներ առաջացնելով ու խփվելով ավտոմեքենաներին եւ տեղնուտեղը սեւացած ասֆալտին։ Փողոցներն ամայացան, եւ ասես երեկո իջավ միանգամից։
Երեւանի տիկնիկային թատրոնի քիվերից մեկի տակ հավաքվել էր ամպրոպից փրկված հսկայական բազմություն։ «Ափ նետվածների» շարքերը շարունակ համալրվում էին։ Երբ տղամարդը վազելով հասավ շենքին, կինն արդեն կանգնած էր այդտեղ, ծածկի տակ․․․ Տղամարդը շունչ քաշեց, երեսը, ձեռքերը սրբեց թաշկինակով ու գլանակ վառեց։
Հարեւանությամբ կանգնած էին երկու տարեց կին․
- ․․․ իմ աղջիկը նրա համար երկու տղա ունեցավ, իսկ նա թողեց ու փախավ Մոսկվա,- ասում էր մեկը մյուսին։
- Սրիկա են, էլի, ի՞նչ ասես,- ասում էր մյուսը։
- Հա՜, բա՞, հիմա ամեն ինչ փոխվել է։
- Իմ տղան էլ գնացել է Ամերիկա՝ սովորելու։ Թե ասա՝ իր ինչին էր պետք Ամերիկան։
- Հիմա շատերն են հեռանում։ Իսկ առաջ կա՞ր նման բան։
- Իհարկե՝ ոչ։
- Առաջ լավ էր։ Հիմա համատարած առեւտուր է։ Ըհը, դուստրս․ ավարտել է կոնսերվատորիան, եւ ի՞նչ։ Մնաց երկու երեխայի հետ մենակ, առանց փողի ու ապրուստի։
- Իսկ լսե՞լ եք, որ ատոմակայանը նորից ուզում են փակել։
- Չէ, չեմ լսել։ Միայն գիտեմ, որ գները նորից բարձրանալու են։
- Սարսափելի է։ Իսկ Ձեր տղան Ձեզ դոլարներ չի՞ ուղարկում։
- Չէ հա։ Ինքն էլ հազիվ է այնտեղ գոյությունը պահում։ Գրում է, որ ամերիկուհու հետ է ուզում ամուսնանալ։
- Սոսկալի է։ Հետ պահեք ամեն գնով։
- Ասում են, որ դա պետք է քաղաքացիություն ստանալու համար։ Տղաս ասում է, որ կամուսնանա ու ինձ էլ կտանի։ Բայց ես մտածում եմ՝ իմ ինչի՞ն է պետք Ամերիկան, ի՞նչ պիտի այնտեղ տեսնեմ, որ չեմ տեսել։
- Հա, էլի, իրոք։ Առաջ մարդիկ ապրում էին, ամեն ինչ լավ էր։ Բա չէ, հիմիկվա պես․․․
Տղամարդը ժպտաց ու նկատեց, որ երիտասարդ կինը նույնպես ժպտում է։
- Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր,- ցածրաձայն ասաց տղամարդը։
Կինը նորից ժպտաց։
- Հապա ջահելությո՜ւնը,- շարունակեց տարեց կանանցից մեկը։- Էս ի՜նչ են դարձել։
- Ճիշտ է,- համաձայնեց մյուսը։- Հագնվում են փչացածի պես։ Ամաչում ես նայել։ Պորտները բացած են ման գալիս, իսկ փեշները էնքան կարճ է, որ տակից ամեն ինչ երեւում է։ Բա դրանց շալվարնե՜րը։ Սարսափելի է։ Առաջ ո՞ր կարգին աղջիկն էր տաբատ հագնում։ Խայտառակությո՜ւն։ Բա տղամարդի՞կ ինչ հագնեն։ Երեւի յուբկանե՞ր․․․
- Ըստ Ձեզ՝ կանայք պիտի չադրանե՞ր քաշեն երեսներին ու այդպես ման գան։
Զրույցին միջամտեց ջահել կինը։ Կանայք աչքները չռեցին։
- Չէ՜, քամակները ցույց տան տղամարդկանց,- վրա տվեց նրանցից մեկը։
Տղամարդը կնոջը շշուկով ասաց․
- Լռեք, մի վիճեք։ Մեկ է՝ կհաղթեն։
Կինը պատասխանեց․
- Իրավացի եք։ Անիմաստ է վիճելը։
Բայց կանայք չէին հանդարտվում, ու շուտով հավաքված բազմությունը բաժանվեց երկու ճամբարի։
Տղամարդը կնոջն ասաց․
- Գիտե՞ք, անձրեւը ոնց որ թե հանդարտվեց։ Խաչմերուկից երկու քայլի վրա է ավտոմեքենաս․ եկեք վազենք մինչեւ ավտոմեքենան ու փրկվենք։
- Վազեցի՜նք,- ասաց կինը։
Երբ նստեցին մեքենան, կինը ծիծաղեց։
- Ինչո՞ւ եք ծիծաղում,- հարցրեց տղամարդը։
- Դե եսիմ․․․ Կյանքումս առաջին անգամ նստում եմ անծանոթ տղամարդու ավտոմեքենա։
- Պատահում է,- ասաց տղամարդը։- Ո՞ւր տանեմ Ձեզ։
- Տուն։
- Ի՞նչ․․․
Կինը տվեց փողոցի անունը, որտեղ ապրում էր։ Շարժվեցին։
- ․․․ ի՞նչ է Ձեր անունը։
- Այդպես միանգամի՞ց։
- Իսկ ինչո՞ւ ոչ։
- Չգիտեմ։
- Դուք այն երկու տատիկների պես մտածում եք, իհարկե, որ բոլոր տղամարդիկ սրիկա են։
- Դե չէ, սրիկա չեն, բայց սրիկայական ինչ-որ բան կա նրանց մեջ։
Տղամարդը ծիծաղեց։ Հետո ասաց․
- Իսկ գիտե՞ք․ ես վատը չեմ։
- Դուք պարզապես չափազանց համեստ եք,- ծիծաղեց կինը։
- Եվ, այնուամենայնիվ, չե՞ք ուզում ասել՝ ինչ է Ձեր անունը։
- Չեմ ուզում։ Ես ճգնավոր միանձնուհի եմ։
- Նման չեք։
- Այդպե՞ս եք կարծում։
- Այո։
- Այդ դեպքում, անունս Կարա է, Կարինե․․․
- Իսկ Դուք ասում եք՝ ճգնավոր եք։ Նման անունով կինը մի՞թե կարող է ճգնավոր լինել։
- Ինձ միայն չադրան է պակասում,- նկատեց կինը։
- Իսկ իմ անունը․․․,- տղամարդն ասաց իր անունը, ապա միացրեց ձայնարկիչը։
- Շատ եմ հավանում այս երգը,- ասաց կինը։
- Ինձ էլ։ Տարօրինակ է, չէ՞։
Լռեցին։ Տղամարդը մտածում էր, թե ինչ խելագար օր էր այդ օրը․ առավոտյան՝ հերթական վեճը տանը, աշխատավայրում՝ անհաջողությունը, ապա այդ ամպրոպն ու այս երիտասարդ կինը․․․
- Դուք ամուսնացա՞ծ եք։
- Մի՞թե չի երեւում։
- Նկատի ունեք ամուսնական մատանի՞ն։
- Հենց այդ։
- Տեսնում եմ։
- Ուրիշ հարցեր կա՞ն։
- Ուրիշ հարցեր չկան։
- Եվ ավելի լավ։
Լուռ մնացին։ Կինը նայում էր դեպի առաջ, իսկ տղամարդը՝ ուղիղ նրան․․․ Տեր Աստված, ի՜նչ կիսադեմ էր․․․ Նա մտածում էր, որ օրվա վերջում անպայման կգնա խմելու որեւէ տեղ։ Թեկուզ գրողի ծոցը կորչի ամեն բան․․․
Նա կնոջն իջեցրեց գլխավոր պողոտայի վերջում, մինչ այդ ամպրոպն արդեն դադարել էր, ու մեքենան վարեց դեպի «Բարոն» անունով բարը։ Վճռված էր․ հաջորդ օրը գործերը կտա դատարան՝ ամուսնալուծվելու։
Դա իր կյանքում տեղի էր ունենալու արդեն երկրորդ անգամ։

 

ԵՍ ՋՐՈՒՄ ԵՄ ԾԱՂԻԿՆԵՐԸ

Քեռի Սիմոնը ամառանոցի ծաղիկներն էր ջրում։ Կողքին կանգնած էր զարմիկն ու «օգնում էր» նրան։ Ջուրը խփվում էր թմբին, տարօրինակ ձայն հանում սուլոցի նման եւ արագորեն ներծծվում։ Խոնավությունից հողի թումբը մգվում ու շոկոլադի գույն էր ստանում։ Երբ ցնցուղը լիքն էր լինում, նույնպես «սուլում» էր, ասես հավատացնելով, որ փոքրիկ անձրեւ է, իսկ երբ դատարկվում էր, հարկավոր էր լինում արագորեն լցնել, որ սուլոցը չընդհատվի, ու ծաղիկները չզգան, որ խաբված են։
Զարմիկը կանգնած նայում էր, թե ինչպես է քեռի Սիմոնը ջրում ծաղիկները։
- Իսկ ինչո՞ւ է հարկավոր ջրել ծաղիկները,- հարցրեց նա։
- Որպեսզի ապրեն,- պատասխանեց Կռնատ Սիմոնը (երիտասարդ ժամանակ նրա մի թեւը պոկել էր տրակտորի շարժիչը, ու թե ինչպես էր դա տեղի ունեցել, ոչ ոք, այդ թվում՝ Սիմոնը, չէին կարողանում բացատրել)։
- Իսկ նրանք մի՞թե ապրում են, մարդկանց նմա՞ն։
- Ապրում են, դե իհարկե։
- Իսկ ինչո՞ւ են ապրում։
- Որ սիրուն լինի շրջապատը։
- Իսկ նրանք բոլորը սիրո՞ւն են։
- Իսկ դու ի՞նչ ես կարծում։
- Կարծում եմ, որ այո։
- Ահա, տեսնո՞ւմ ես,- ասաց քեռին,- ուրեմն քեզ համար հաճելի է, որ նրանք սիրուն են։
- Քեզ է՞լ է դուր գալիս նրանց սիրունությունը։ Մենք, ինչ է, չե՞նք կարող առանց նրանց ապրել։
- Ինչո՞ւ չենք կարող։ Կարո՜ղ ենք, բայց առանց գեղեցկության դժվար կլինի։
- Ինչո՞ւ դժվար կլինի։
- Որովհետեւ նրանք մեզ օգնում են ապրել, ու նրանց հետ ավելի հեշտ է։
- Ուրեմն՝ մենք օգնում ենք նրանց ապրել, նրանք էլ մե՞զ են օգնում ապրել։
- Այո՜։
- Այդպես էլ խնձորենիներն են, չէ՞։ Մենք նրանց ջրում ենք, իսկ նրանց վրա խնձորներ են հասնում, ու մենք ուտում ենք։
 Կռնատ Սիմոնն այստեղ ծիծաղեց։
- Այո, ճիշտ ես։ Միայն թե․․․ ծաղիկների գեղեցկությունը հնարավոր չէ ուտել։
- Ըհը․․․ Հնարավոր չէ,- համաձայնեց տղան։
Նրանք ավարտեցին իրենց գործն ու վերադարձան տուն՝ ընթրելու։
Մեկ շաբաթ հետո Կռնատ Սիմոնը հանկարծամահ եղավ․ ասացին՝ սիրտն է պայթել։ Փոքրիկ Վանոյին այդ լուրը ցնցեց։ Նա ոչ միանգամից հասկացավ, թե ինչ է նշանակում «մեռնել», բայց գլխի ընկավ, որ քեռի Սիմոնն այլեւս երբեք չի լինելու իր կողքին ու չի ջրելու ծաղիկները։ Գնաց այգի, վերցրեց ցնցուղն ու սկսեց ջրել ծաղիկները։
«Հիմա արդեն ե՛ս կջրեմ ծաղիկները,- մտածեց նա։- Ես կարո՛ղ եմ ջրել ծաղիկները։ Ես ջրում եմ ծաղիկները․․․»։

Թարգմանությունը՝ Անուշ ՍԱՐԳՍՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ