«Հրապարակ»․ Նախկին մարզպետի` ծանր մեղադրանքով դատվող որդին ազատության մեջ է

«Հրապարակ»․ Նախկին մարզպետի` ծանր մեղադրանքով դատվող որդին ազատության մեջ է

Գորիսում 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը Սյունիքի նախկին մարզպետներ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի, եւ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, ինչին նախորդել էր վիճաբանությունը, որը հետո վերածվել էր ծեծկռտուքի, ապա հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության եւ ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: 

Կարեն Պողոսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Կարեն Պողոսյանը չպարզված ժամանակահատվածում եւ հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել եւ կրել ակոսափող ինքնաձիգ, ինչպես նաեւ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած ակոսափող ինքնաձիգից արձակել է կրակոցներ՝ փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին եւ Մելիք Բարսեղյանին։ Վերջիններս ճանաչվել են տուժողներ։

Դեպքից հետո Կարեն Պողոսյանն անհետացել էր, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ, ահա, նա դեպքից ամիսներ անց ներկայացել էր նախաքննական մարմնին, դատարանը վերահաստատել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, եւ նրան տեղափոխել էին բանտ։ Գործն այժմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է, դատավոր Ռիմա Առաքելյանի վարույթում։ Կարեն Պողոսյանի պաշտպան Յուրա Ավայանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում խոսելով ընթացող դատաքննության փուլի մասին, նշեց՝ այժմ դատարանում գրավոր ապացույցներն են հետազոտվում։

Իսկ ինչո՞ւ է տարիներ շարունակ այս գործի քննությունը ձգվում դատարանում։ «Այս դատավորի վարույթում երկար տարիներ չի, նրանից առաջ 1, թե 2 դատավորի մոտ է եղել, իրենք տեղափոխվել են այլ դատարաններ։ Իսկ եթե տեղափոխվում են, գործը զրոյից սկսվում է։ Նաեւ այս դատավորն է տեղափոխվելու, իմ կարծիքով՝ մինչեւ տեղափոխումը չենք հասցնի ավարտել, որքան գիտեմ՝ մարտին է տեղափոխվում։ Բայց այս դատավորի նախագահությամբ քննության առաջընթացի տեսանկյունից առաջ գնացել ենք, շատ գործողություններ կատարել ենք, բայց դեռեւս գործողություններ ունենք անելու»։
Փաստաբանի խոսքով՝ Կարեն Պողոսյանի խափանման միջոցը դեռեւս նախաքննության փուլում փոխվել է, կիրառվել է չբացակայելու արգելք․ «Կալանքի ժամկետի երկարաձգումը՝ քննիչի կողմից բերված, մերժվել է, այդ որոշումը դատախազությունը բողոքարկել է, վերաքննիչ ատյանը մերժել է»։ 

Հարցին, թե Կարեն Պողոսյանը եւ Տիգրան Խաչատրյանն ինչպիսի հարաբերություններ ունեն, փաստաբանը պատասխանեց, որ միշտ էլ նորմալ հարաբերություններ են ունեցել։ Հետաքրքիրն այն է, որ դատարանը կալանքից ազատել է ծանր հանցանքների մեջ մեղադրվող անձին՝ Կարեն Պողոսյանին, որը նաեւ որոշ ժամանակ թաքնվել է քննությունից՝ ամիսներ շարունակ հետախուզման մեջ գտնվելով։ Մինչդեռ, եթե նրա փոխարեն ընդդիմադիր հայացքներով որեւէ անձ լիներ, անգամ միջին ծանրության հոդվածով տարիներով ճաղերի ետեւում կպահեին՝ առանց հիմնավորումների, ինչպես արեցին Արմեն Աշոտյանի, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ, ինչպես դեռեւս նստած է Միքայել Արզումանյանը։