ՔՊ-ական պատգամավորները Գյումրի էին այցելել՝ կարծրատիպ փոխելու

ՔՊ-ական պատգամավորները Գյումրի էին այցելել՝  կարծրատիպ փոխելու

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ այսօր Գյումրի են այցելել՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ։ Բանից պարզվում է՝ նրանց մարզպետ Նազելի Բաղդասարյանն է հրավիրել Շիրակի մարզ՝ կարծրատիպ կոտրելու։ «Տևական ժամանակ բնակիչների մոտ եղել է այն կարծիքը, որ պատգամավորներին կարող են տեսնել միայն ընտրություններից առաջ՝ մարզային հանդիպումների արդյունքում, այդ կարծրատիպերը կարծում եմ՝ կկարողանանք փոխել»,- թիմակիցներին հյուրընկալելով՝ ասել է մարզպետը։

Այցին մասնակցել է նաեւ Արսեն Թորոսյանը, որը հաղորդագրություն է ուղարկել այդ մասին.

«Այցի սկզբում հանդիպում ենք ունեցել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ և քննարկել մարզին առնչվող առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Այնուհետև մարզպետ Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել ենք Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, ծանոթացել կատարված աշխատանքներին և ծրագրերին: Եղել ենք նաև Գյումրու տնակային ավաններից մեկում, խոսել ենք բնակիչների հետ և ծանոթացել խնդիրներին, մատնանշել հնարավոր լուծման եղանակները։ Այցելել ենք Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ տնօրինությունը մեզ է ներկայացրել կատարված լայնածավալ աշխատանքները նաև ցույց տվել նոր կառուցվող քիմիոթերապիայի բաժանմունքը։ Այն շուտով իր դռները կբացի Շիրակի մարզի բնակիչների առջև և վերջիններս ստիպված չեն լինի հասնել Երևան` ծառայությունից օգտվելու համար։ Հաջորդ կանգնառն Արթիկ համայնքն էր, որտեղ այցելել ենք զրոյից կառուցվող դպրոցի շինհրապարակ։ Նաև եղել ենք մեկ այլ դպրոցում, որտեղ կառավարության աջակցությամբ տանիքի վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն։ Այցելել ենք նաև Արթիկի բժշկական կենտրոն և խոսել հնարավոր նոր բժշկական կենտրոնի կառուցման մասին։ Համայնքապետարանը խոստացել է, որ կլուծի հողի տրամադրման հարցը, որից հետո մենք կդիմենք կառավարությանը՝ նոր կառուցվող բժշկական կենտրոնների ցանկում ընգրկելու համար։ Վերջում հանդիպել ենք Արթիկի համայնքապետարանի աշխատակազմին ու վարչական շրջանների ղեկավարներին, քննարկում ենք ունեցել համայնքի խնդիրների վերաբերյալ»։

Թե որքանով է հաջողվել Անդրանիկ Քոչարյանին, Արփի Դավոյանին, Արսեն Թորոսյանին, Հովիկ Աղազարյանին եւ մյուսներին փոխել բնակչության կարծիքը, դեռևս պարզ չէ, պարզ է միայն, որ ՔՊ-ականները համենայնդեպս ջանացել են ։ Նախ մարզպետի ուղեկցությամբ փողոց են դուրս եկել, փորձել հանդիպել, զրուցել գյումրեցիների հետ։ Եղել են Գյումրու Տիգրան Մեծի 5, Իսահակյան փողոցի 9-րդ, Անտառավան 26 վթարային շենքերում, մի քանի բնակարան մտել, զրուցել բնակիչների հետ։Նշված երեք շենքներն էլ ունեն 3-րդ աստիճանի վթարայնություն։Կառավարության հնգամյա ծրագրում 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային շենքերի վերակառուցման հարցն ընդգրկված է, խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են։ Հավաստիացրել են պատգամավորները։

Այնուհետև հանդիպել են Գյումրու ավտոկայանի 104 տնակային ավանի բնակիչներին։ Գյումրեցիներից մեկն էլ, որ տնակային ավանում ներկա էր եղել հանդիպմանը, մեզ հետ զրույցում ասաց․ «էկան, մտահոգ դեմքով նայեցին, իրենք էլ երևի զարմացան, թե ինչըխ էս պայմաններում կգոյատևենք, էդպես մե քանի մը րոպե թեթև հարցուփորձ էրեցին, գնացին»:

 «Բավական ընդգրկուն ծրագիր ենք նախանշել, որ մեր պատգամավորական խումբը տեղում ծանոթանա առկա խնդիրներին, մենք այսօր հնարավորություն ենք ունեցել լինելու տնակային թաղամասերում, վթարային շենքերում։ Խնդիրն այստեղ փաստերն արձանագրելն է և խորհրդարանական լծակներն օգտագործելը՝ հարցերին լուծում տալու համար։ Օգտվելով առիթից նշեմ, որ մարտ ամսին ունենալու ենք ԱԺ արտագնա նիստ, որը վերաբերելու է բացառապես աղետի գոտու հիմնախնդիրներին»,- լրագրողների հետ զրույցում էլ նշել է Շիրակի մարզպետը»։

Նշենք, որ ՔՊ-ականների Գյումրի շրջայցն այդքանով չի սահմանափակվել։ Այցելել են Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոն, եղել են Գյումրի բժշկական կենտրոնում, Շիրակի պետական համալսարանում, որտեղ հանդիպել են նաև ուսանողների հետ ։ 

Իսկ ահա գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն էլ այս այցից հետո ֆեյսբուքում գրելով՝ ահազանգել է․ «Ինձ են դիմել Գյումրու Սիմֆոնիկ նվագախմբի մի խումբ աշխատակիցներ, ովքեր բողոքում են, որ այսօր 17:30-ին իրենց կտրել են բան ու գործից և ստիպում են Գյումրու Հայորդաց տանը հատուկ ՔՊ պատգամավորական 20 հոգանոց պատվիրակության համար համերգ տալ... »:

Տեղեկացանք, որ համերգն իսկապես նախատեսված է, բայց որքանով է ստիպողաբար, չհաջողվեց պարզել, քանի որ նվագախմբի անդամների հետ զրուցել  չհաջողվեց։